×


«Սեքսը մեծ քաղաքումն» առանց Սամանտա Ջոնսի կմնա առանց սեքսի

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի վերադարձի լուրը մեծ ոգեւորություն է առաջացրել երկրպագուների շրջանում: Սակայն ուրախությունը լիարժեք չէ, քանի որ առանց Սամանտա Ջոնսի այն երբեք նույնը լինել չի կարող: 7-րդ եթերաշրջանում գլխավոր հերոսուհիներից հանդես կգան միայն Քերրի Բրեդշոուն (Սառա Ջեսիկա Փարքեր), Միրանդա Հոբսը (Սինտիա Նիքսոն) եւ Շարլոտա Յորքը (Քրիստին Դեւիս): Կինոքննադատներից շատերը կարծում են, որ առանց Քիմ Քեթրոլի կերտած կերպարի սերիալը պարզապես «Քաղաքում» է լինելու, առանց սեքսի:

Սպասվող սերիալը

Փարքերը պարզաբանել է, որ ամեն դեպքում Սամանտային փոխարինող 4-րդ կերպար լինելու է, ընդ որում՝ անսպասելի:

«Մենք ունենք Նյու Յորքը, որն էլ հանդես է գալու 4-րդ կերպարի դերում: Դուք կտեսնեք հերոսների հետ անսպասելի ու բավական հետաքրքիր զարգացումներ եւ նորից նույն հիացական զգացողությունները կունենաք: Կտեսնեք, թե ուր ենք հասել այս տարիների ընթացքում, աշխարհն էլ բավական փոխվել է»,- լրագրողներին ասել է դերասանուհին:



Նա ավելացրել է, որ նկարահանումների ընթացքի վրա մեծ ազդեցություն է թողնում Քովիդը: Փարքերը նաեւ խոստովանել է, որ կարոտելու է Քեթրոլին, չնայած նրանց հարաբերությունները բավական լարված են:

«Երբեք չեմ ասել, որ չեմ սիրում Քեթրոլին: Սամանտան այս պատմության մասը չի լինելու, բայց նա միշտ մեր մի մասն է լինելու՝ անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում ու ինչ ենք անում»,- Ինստագրամում որպես մեկնաբանություն գրել է նա:

Ի դեպ, սերիալի վերադարձին Քեթրոլը միայն Twitter-ում է արձագանքել: Նա հավանել է օգտատերերից մեկի հետեւյալ մեկնաբանությունը.«Շատ եմ սիրում «Սեքսը մեծ քաղաքումը»: Ու թեեւ տխրել եմ, որ Սամանտան չի վերադառնալու, ողջունում եմ այն ամենը, ինչ անում եք: Կարծում եմ՝ հիանալի օրինակ է, թե ինչպես պետք է ինքդ քեզ առաջին տեղում դնես»:



Քեթրոլի որոշումը

Բրիտանացի դերասանուհին դեռ 2017 թվականին էր հայտնել, որ էլ չի մասնակցելու «Սեքսը մեծ քաղաքումի» ստեղծմանը, երբ ֆիլմի հեղինակները որոշել էին նկարահանել 3-րդ մասը: Հիմա էլ Քեթրոլն իր որոշումը ճիշտ է համարում ու չի ցանկանում վերադառնալ նախագծին, որը նրան աստղ է դարձրել ու ճանաչելի ամբողջ աշխարհում:

«Հիշում եմ, թե երկրպագուներն որքան էին տխրել, նրանք գրում էին ինձ սոցկայքերով`ցանկանալով համոզել վերադառնալ: Զարմացած էի նրանց վերաբերմունքից, բայց ես ընտրելու իրավունք ունեմ ու շատ թանկ եմ այն համարում: Իմաստ չկա որեւէ գործ անել, եթե չես ցանկանում: Ինձ համար սերիալի դարաշրջանն ավարտվել է, հիմա ուզում եմ նոր պատմություններ ներկայացնել: Ես չեմ սպանել Սամանտային, այլ ազատություն եմ տվել նրան»,- ասել էր նա:



Ապա ի վերջո պարզաբանել էր, թե ինչու է որոշել երբեք չվերադառնալ այդ դերին: Պարզվում է` Սամանտա Ջոնսը շատ բացասական ազդեցություն է թողել նրա անձնական կյանքի վրա. նկարահանումներով ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել երեխա ունենալ.

«Երբ աշխատանքները նոր էին սկսվել, 40-ն անց էի, ամուսնուս հետ որոշել էինք արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ, սակայն գրաֆիկս շատ հագեցած էր: Նկարահանումները 19 ժամ էին տեւում կամ ավելի երկար, երկուշաբթի առավոտյան ժամը 4:45-ին արդեն տեսախցիկների առաջ էինք լինում ու գիշերվա ժամը 1-2-ին ավարտում: Ինչպե՞ս կարող էի համատեղել հղիությունն ու աշխատանքը: Առաջին անգամն էր, որ հասկացա՝ էլ չեմ կարող երեխա ունենալ»:



Քեթրոլի միակ պահանջը

Սերիալի առաջին եթերաշրջանը HBO-ն եթեր հեռարձակեց 1998 թվականի հունիսի 6-ին: Չորս հերոսուհիներից մեկը Սամանտա Ջոնսն էր՝ գեղեցիկ, հմայիչ, համարձակ, ազատատենչ ու հումորով:

Սամանտան չէր վախենում ասել ու անել այն, ինչ մտածում էր ու ցանկանում, այդպիսին էլ նա մնաց մինչեւ 2008 թվականը նկարահանված «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի 2-րդ մասը:

Քենդես Բուշնելի գրքում Սամանտան ավելի ձանձրալի էր ստացվել Քեթրոլի կարծիքով, դրա համար էլ նա միայն 3-րդ անգամից համաձայնեց մարմնավորել նրա կերպարը.

«Ռեժիսորին միայն մի պահանջ ունեի՝ Սամանտան ոչ մի դեպքում չպետք է երեխա ունենա: Անհնար էր պատկերացնել նրան մոր կարգավիճակում»:



Դերասանուհու մարմնավորած Սամանտան պահանջկոտ ստացվեց, համառ ու միշտ ճիշտ` անկախ նրանից աշխատանքի վայրում էր, անկողնում, թե մեկ այլ վայրում:

«Սամանտան միշտ գիտի, թե ինչ է ցանկանում: Հենց նա էր սերիալում պատասխանատու սեքսի համար: Ապրում էր իր պահանջներին համապատասխան ու երբեք ոչ մեկին չէր փնտրում: Բոլորս մի քիչ պետք է Սամանտա լինենք»,- ասել է Քեթրոլը:

Սամանտա Ջոնսը հանրային կապերի հաջողակ մասնագետ է, ընկերուհիներից տարիքով մեծ ու կայացած: Հետագայում նա սեփական PR գործակալությունը բացեց ու երբեք էլ լրջորեն չմտածեց ամուսնանալու մասին:

«Քանի դեռ ամուսնացած չես, ամբողջ աշխարհն ասես շվեդական սեղան լինի»,- համարում է նա ու պատրաստ է նոր փորձարկումների: Սամանտայի զգեստապահարանն էլ իր պես է՝ վառ, գունավոր, արտասովոր զարդերով ու գլխարկներով:



«Սերիալի սկզբում ես մյուսներից ավելի մեծ էի ու չէի ցանկանում, որ դիտողները ծիծաղեն ինձ վրա: Հիմա է, որ 40 տարեկանը ծեր չի համարվում, սակայն այդպես չէր 90-ականների վերջում: Այնքան էլ հեշտ չէր համաձայնել մարմնավորել ուժեղ ու սեքսուալ կնոջ, որը երիտասարդ տղամարդկանց է գայթակղում»,-անկեղծացել է նա:

Թեեւ ոչ շատ, սակայն իսկական սերեր Սամանտայի կյանքում եւս եղան: Նախ նա սիրահարվեց մեծահարուստ Ռիչարդ Ռայթին ու մատուցող Ջերադ Սմիթին, որին օգնեց հաջողակ դերասան դառնալ: Երկուսից էլ նա բաժանվեց իրեն հատուկ ոճով. «Ռիչարդ, ես սիրում եմ քեզ, բայց ինձ ավելի շատ եմ սիրում», «Արդեն 49 տարի ինքս ինձ հետ եմ, ու հենց այդ հարաբերությունների վրա պետք է աշխատեմ: Սմիթ, քեզ սիրում եմ, բայց ինձ՝ ավելի շատ»:

 

Իսկ ահա միակ տղամարդը, որի հետ կհամաձայնվեր հանդիպել, եթե նա դեռ ծնողների տանն ապրեր, արքայազն Ուիլյամն էր:

Սամանտայի խորհուրդները

Սիրեք ձեզ ավելի շատ, քան տղամարդկանց, ընկերներին ու ծանոթներին: Դա սիրո ամենագլխավոր դասն է, որը կյանքում կարող եք ստանալ: Միշտ հիշեք, թե ով եք, ու մի մոռացեք այդ մասին:

Մի վախեցեք տարբերվել մյուսներից ու չհամապատասխանել ընդունված կաղապարներին, որ հասարակությունը պարտադրում է: Դուք՝ դուք եք, իսկ ձեր կյանքը՝ միայն ձերը: Մի մտածեք, թե ձեր մասին ինչ կասեն ու կմտածեն: Կա միայն մեկ կարծիք, որն արժանի է ուշադրության՝ ձերը:

Ոչ ոք կատարյալ չի. ոչ դուք, ոչ էլ առավել եւս ձեր տղամարդը: Դրա համար էլ աչք փակեք փոքրիկ թերությունների վրա:

Մի վախեցեք մարդուն ասել, թե ինչ եք մտածում նրա մասին: Երբեմն դա օգնում է սկսել ուղղել սխալները:

Տարիքն ընդամենը թիվ է, ապրեք, ինչպես ձեզ զգում եք:



Եթե տղամարդուն ասեք՝ ատում եմ, ամենալավ սեքսը կունենանք, իսկ եթե լսի, որ սիրում եք, հնարավոր է՝ նրան էլ երբեք չտեսնեք:

Ի վերջո ամենամեծ երջանկությունն այնպիսի տղամարդ գտնելն է, որը ձեզ կսիրի այնպիսին, ինչպիսին ինքներդ եք ձեզ սիրում:

Ոչ մի տղամարդ արժանի չէ, որ նրա պատճառով դադարեք վայելել կյանքը:

Թույլ մի տվեք տղամարդկանց ձեզ իրենց ընկերուհի անվանել ու երբեք նախկին ընկերուհի չեք դառնա:

Լսեք ինձ՝ կատարյալ տղամարդը պատրանք է, սկսեք ապրել սեփական կյանքով:

Ձեր կյանքի տնօրենը եղեք ու ճակատագրից նվերներ մի սպասեք: Ուժեղ կին դարձեք, որը չի թաքնվում տղամարդու թիկունքում:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Vogue, Cosmopolitan, Vanity Fair, Glamour, Harper's Bazaar

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW