Նոր ձեւաչափ հայկական ֆիլմարտադրության ոլորտում. էկրանավորվել է Գյումրու պետական դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որը 2018 թվականի մայիսին կայացած պրեմիերայից հետո լեփ-լեցուն դահլիճներում է անցել։ Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված այս ներկայացումն այժմ էլ փորձելու է կինոթատրոններում իր հանդիսատեսը գտնել։ Հունվարի 28-ին տեղի ունեցած առաջին ցուցադրությանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին, ինչպես նաեւ զրուցել ռեժիսորի ու դերասանների հետ։
Նշենք, որ ե՛ւ ներկայացման, ե՛ւ կինոտարբերակի մտահղացման հեղինակը Տիգրան Վիրաբյանն է։ Ֆիլմի ռեժիսորն է Արշալույս Հարությունյանը, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Սուսաննա Բաղդասարյանը, Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը եւ Ջեմմա Ադամյանը։
Արշալույս Հարությունյանը եւ Տարոն Գրիգորյանը
«Եթե առաջարկը չլիներ Տիգրան Վիրաբյանի եւ Արման Միտոյանի կողմից, եւ նախագիծը կապված չլիներ Գյումրու թատրոնի հետ, ես, բնականաբար, չէի համաձայնի նկարահանել։ Պարզապես հասկացա, որ չեմ կարող անմասն մնալ այն երեւույթից, որ կոչվում է «Հարսանիք թիկունքում», եւ շատ ուրախ եմ, որ մասնակից եղա այդ գործընթացին»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Արշո Հարությունյանը։
Մեր զրույցում նա խոստովանեց, որ հեշտ չի եղել էկրանավորել արդեն գոյություն ունեցող եւ հաջողությունների հասած ներկայացումը․ հստակ կառուցվածք ունեցող աշխատանքը պետք էր ադապտացնել կինոյի լեզվին այնպես, որ ոչինչ արհեստական չստացվեր․«Այդ տեսանկյունից, իհարկե, դժվար էր, քանի որ եթե նյութն ի սկզբանե իմ ձեռքի տակ լիներ, ինչ-որ բաներ այլ կերպ կլինեին բնականաբար։ Այդ իմաստով մենք շատ հարմարվեցինք իրար։ Հուրախություն ինձ՝ փայլուն դերասանական կազմ էր հավաքված, եւ թատրոնի ամբողջ անձնակազմը ֆանտաստիկ ներդաշնակության մթնոլորտում է աշխատել։ Կարծում եմ՝ հաջողել ենք, եւ այն էմոցիաները, այն աշխատանքային եռանդն ու զգացմունքները, որ եղել են նկարահանման հրապարակում, անպայման կերեւան նաեւ կադրում։ Ամեն ինչ արել ենք, որ հետաքրքիր աշխատանք լինի եւ գոնե չզիջի ներկայացմանը»։
«Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերային
Արշո Հարությունյանը նաեւ շեշտեց՝ թեեւ ֆիլմը նվիրված է հայ զինվորին, բայց ներկայացման հավաքական կերպարը մայրն է, որը սպասում է իր զավակին․ «Ֆիլմում պայթյուններ, կրակոցներ ու դաժան տեսարաններ չկան, այլ թիկունքում ապրումների մասին է, նախեւառաջ՝ մոր կերպարի, որը սպասում է իր զինվորին»։
Ֆիլմի դերասաններից Արսեն Սաղաթելյանը խոստովանեց, որ միշտ ցանկություն է ունեցել դահլիճից հետեւել ներկայացման ընթացքին, եւ այժմ՝ էկրանավորումից հետո, հնարավորություն ունեն կողքից դիտել իրենց խաղը․«Փորձել ենք հնարավորինս անկեղծ լինել, հավաստի լինել մեր ապրումների ու զգացողությունների մեջ։ Ինքս էլ դեռ չեմ դիտել ֆիլմը, արդյունքը կերեւա տեսնելուց հետո»։
Մեր հարցին ի պատասխան՝ դերասանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ փորձ ունեին ֆիլմերում նկարահանվելու, տեսախցիկի հետ աշխատելու, էական դժվարություններ չեն զգացել էկրանավորման ընթացքում․«Ուղղակի մի խնդիր կար՝ տարիներ շարունակ մենք ստեղծագործել ենք թատերական միջավայրում՝ ներկայացումների ձեւաչափով։ Եվ հիմա ստացվեց այնպես, որ այդ նույն միջավայրում ստեղծվում էր բոլորովին այլ ձեւաչափի ստեղծագործություն, որտեղ անընդհատ միզանսցենային լուծումներ են փոխվում ֆիլմի նկարահանման ընթացքում։ Ընդհանուր առմամբ իրար հասկանալով, համախմբված աշխատանքի արդյունքում հետաքրքիր գործ ստեղծվեց»։
Սենիկ Բարսեղյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Դիանա Շատվերյանը
Դերասանուհի Ջեմմա Ադամյանն էլ, անդրադառնալով նույն հարցին, նկատեց՝ հիմնական տարբերությունն ու բարդությունն այն էր, որ մեկ անգամ էին խաղում, սակայն մի քանի դուբլով․«Ներկայացման մեջ մարմնավորում եմ հարսի կերպարը, որը ֆիլմում տարբեր չի լինելու։ Առհասարակ մենք շատ չենք հեռացել ներկայացումից, պահել ենք թատերականության եւ կինոյին պատկանող բոլոր օրենքները, փոփոխման չեն ենթարկվել ո՛չ սցենարը, ո՛չ դերակատարները, փոխվել են դեկորները, հագուստը, այն ամենը, ինչ պետք է ավելի հարմարեցնեինք կադրին»։
Ջեմման նաեւ ասաց, որ ներկայացումը թատրոնի խաղացանկից դուրս չի եկել։ Դեռ հստակ չէ, թե երբ, բայց շարունակելու են խաղալ «Հարսանիք թիկունքումը»։ Իսկ մինչ այդ համանուն ֆիլմն արդեն ցուցադրվում է բոլոր կինոթատրոններում։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: