×


«Աղջիկների գլուխներն, այո, սափրելու են». «Մանյունյա» սերիալի պրեմիերան կլինի Նոր տարվա նախաշեմին

Արդեն մի քանի շաբաթ է, որ մեկնարկել են Նարինե Աբգարյանի՝ բեսթսելլեր դարձած «Մանյունյա» գրքի հիման վրա նոր սերիալի նկարահանումները: Ֆեյսբուքի իր էջում գրողը մի քանի բացահայտում է արել: Սերիալը 3 եթերաշրջան է ունենալու ու բաղկացած է լինելու 10-ական մասերից: Ռեժիսորն Արման Մարությանն է, սցենարի հեղինակը՝ Հայկ Ասատրյանը:


«Սերիալը ռուսերենով է նկարահանվում: Առաջին եթերաշրջանի պրեմիերան կայանալու է ամանորյա տոների նախաշեմին, նաեւ նախատեսվում է առաջին 2 սերիաները ցուցադրել ու քննարկել մոսկովյան կինոթատրոններից մեկում: Նկարահանող խմբի խոսքով՝ աշխատանքներն անցնում են թեթեւ, շատ ծիծաղ ու խենթություններ կան: Խնդրել են փոխանցել, որ չանհանգստանաք, ամեն ինչ լավագույն ձեւով են անում»,- գրել է Աբգարյանը:


Նա պատասխանել է ամենաշատ հնչող հարցին՝ արդյո՞ք աղջիկների գլուխները սափրելու են ու քսելու Ֆայա մորաքրոջ բաղադրատոմսով քսուքը: «Սափրելու են, քսելու են: Դա պրոդյուսերի որոշումն էր: Նա շատ հոգատարությամբ է վերաբերվում գրքին ու ցանկանում է, որ սերիալը լավը ստացվի»:


Նարինեն նաեւ մի զվարճալի պատմություն է հիշել քրոջ դասընկերուհու մասին, որի գլուխը սափրել են սեպտեմբերի 1-ի նախօրեին.«Նա ամբողջ գիշեր արտասվել է, իսկ առավոտյան դպրոց գնացել գլխին ամրացրած զուգագուլպայով. ամեն մեկը մի-մի հյուս է հիշեցրել, իսկ եզրերին մեծ վարսակալներ է ամրացրել: Այնպիսի մարտական տեսք է ունեցել, որ ոչ մի տղա չէր համարձակվի նրան նեղացնել: Այդպես էլ 2 կիսամյակ դասի է գնացել, մինչեւ որ իր մազերին է ամրացրել վարսակալները: Ահա այդպիսին ենք մենք»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարինե Աբգարյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին