×


Այլաբանությունը՝ որպես նկարագիր․ բացվել է Մեխակ Էլբակյանի անհատական մեծ ցուցահանդեսը

Այլաբանական պատկերներով, տեղ-տեղ երգիծական հայացքով ու թեմաների ինքնատիպ մեկնաբանությամբ գեղանկարիչ Մեխակ Էլբակյանը ներկայացել է անհատական ցուցահանդեսով։ Հայաստանի նկարիչների միությունում այդ առիթով երեկ մարդաշատ էր․ բացմանը եկել էին ինչպես արվեստասերները, նկարչի ավագ գործընկերները, այնպես էլ ուսանողները (Էլբակյանը Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի դասախոս է)։

Նրա ձեռագիրն անհնար է շփոթել, նա ստեղծել է մի ուրույն ու հետաքրքիր աշխարհ՝ բնորոշ միայն իրեն։ Այսպիսի կարծիքի են արվեստաբանները Մեխակ Էլբակյանի գործերի մասին։ Նկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր խոսքում նշեց, որ ինքն է արել ցուցահանդեսի էքսպոզիցիան եւ այդ ընթացքում եւս մեկ անգամ համոզվել է՝ Մեխակն ազնիվ է ինքն իր հետ, իրադարձություններն անցկացնում է իր սրտի ու մտքի միջով, եւ դրա շնորհիվ էլ նրա կտավներն ավելի արժեքավոր են դառնում իրենց կատարումով:

Մեխակ Էլբակյանը


«Մեխակը չի հետեւում այն ամենին, ինչն ավելի հեշտ ու արագ ճանապարհ կհարթեր դեպի հայտնիություն։ Նա ստեղծում է իր ուղին, որը չկրկնվող է, ինքնատիպ։ Շատ լավ կլիներ, որ մարդիկ հրապուրվեին այդ փաստով ու ավելի շատ գնեին նրա աշխատանքները, որովհետեւ Մեխակի արվեստն ասելիք ունի»,- նկատեց Իսաբեկյանը։


Մեխակ Էլբակյանը նախընտրում է ավելի քիչ խոսել իր կտավների մասին, քանի որ կարծում է՝ դրանք խոսում են իր փոխարեն․«Դեռ մանկուց սկսել եմ նկարել, մտքերն ինքնաբերաբար էին գալիս։ Այն ապրումները, որ հայ ժողովուրդն ունենում է, ես էլ եմ ունենում։ Նույն սիրո ու տառապանքի զգացումները, նույն ցավը, պատերազմը, քաղաքական ու սոցիալական խնդիրները, այդ ամենն անցնում է իմ մտքով ու սրտով։ Քանի որ գեղանկարչությունն էլ իմ մասնագիտությունն է, ես իմ ասելիքն ու ներաշխարհը, փիլիսոփայությունը ներկայացնում եմ իմ վրձնով, կտավներով։ Ճիշտ նկատեցիք, որ թեմաները տարբեր են, բայց բոլոր դեպքերում հիմքում մարդն է՝ իր փոխհարաբերություններով, ողբերգությամբ, սիրով»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Էլբակյանը։


Խոսելով նաեւ իր կտավների այլաբանական պատկերներից՝ նկարիչն ընդգծեց, որ դա ոչ միայն իր ոճն է, այլեւ իր բնավորությունը․«Տարբեր բնութագրեր են տալիս իմ աշխատանքներին՝ ե՛ւ սոցարտ են ասում, ե՛ւ գրոտեսկ, ե՛ւ էքսպրեսիա... Ի վերջո դա իմ նկարագիրն է, իմ բնավորությունը, ձեռագիրը։ Այստեղ ընդհանուր առմամբ 61 աշխատանք եմ ներկայացրել, դահլիճը, համենայն դեպս, այսքան կարողացավ տեղավորել, ես կարող էի ավելին պատրաստել (ժպտում է,- հեղ․)։ Տարբեր շրջանների գործեր են. կան տասնյակ տարիներ առաջ արված աշխատանքներ եւ կան վերջին շրջանի գործեր»։


Մեխակ Էլբակյանի աշխատանքների ցուցահանդեսը Նկարիչների միությունում բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 15-ը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին