×


Նորա Գրիգորյանի «ԿոնտրԱկտ» ներկայացման հետաքրքիր դրվագներն ու պրեմիերայի հայտնի հյուրերը

«ԿոնտրԱկտը» դեկտեմբերի 9-ին երկու դերասանուհու եւ հանդիսատեսին համախմբել էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում: Այո՛, հյուրերն այս անգամ ոչ թե դահլիճից, այլ հենց բեմից էին հետեւում Ելենա Վարդանյանի եւ Լիլիա Մուկուչյանի բուռն ու էմոցիոնալ խաղին:


Ներկաներին լսելի եւ տեսանելի էր դերասանուհիների անգամ ամենաաննշան շշուկն ու շարժումը: Ազդեցիկության համար նաեւ բարձրախոսներ էին կիրառվել: Երկար սեղանի երկու կողմերում նստած կանանց առաջին հայացքից սովորական եւ մտերմիկ զրույցը աստիճանաբար վերածվեց մեծ կոնֆլիկտի:


Ռեժիսոր Նորա Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրույցում կարեւորեց աշխատանքի արդիականությունը.«Եվրոպական թատրոնում հիմա ընդունված ձեւաչափ է: Կերպարների չընդհատվող դիալոգները հոգեբանորեն ազդում են հանդիսատեսի վրա: Մեր ներկայացումն այն մասին է, թե ինչի է հանգեցնում կարիերիզմը, ի՞նչ տրանսֆորմացիայի է ենթարկվել ֆեմինիզմը 21-րդ դարում: Հիմա կինն ուժեղ է, կարիերա կառուցող, բայց երբ կորցնում է կանացիությունը, նաեւ չկա սեր, ոչինչ չկա, միայն քայլում է կարիերայի աստիճաններով, դառնում է հրեշ: Ցույց ենք տալիս, որ պետք է մարդ մնալ»:


Նորան խոստովանում է, որ հերոսուհիների մեջ հաճախ իրեն է տեսել՝ աշխատանքից կառչած լինելու իմաստով.«Այս դարն է ստիպում կախված լինել ինչ-որ բանից եւ ցանկանալ ավելի բարձրանալ: Պատրաստվում եմ մայրանալ, բայց շարունակում եմ ներկայացումներ բեմադրել, տանը չեմ նստում, ներվեր եմ քայքայում: Ես էլ եմ ձգտում աշխատանքային վերելքի, պարզապես պիեսում ավելի գրոտեսկային է ներկայացված: Եվ այդ գրոտեսկն էլ տալիս է ապտակ՝ մտածելու, որ դա լավ չէ»:


Ռեժիսորն անդրադարձել է նաեւ 18+ ներկայացման դերասանուհիների ընտրությանը.«Լիլյայի հետ միշտ փնտրում ենք պիեսներ, հիշեցի բրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտը», խանդավառվեց իմ գաղափարով, ասաց՝ հետաքրքիր է, փորձենք: Այդ խաղի մեջ ներգրավեցինք նաեւ Ելենային, եւ ինքնըստինքյան ստացվեց դերասանուհիների ընտրությունը: Նա էլ միանգամից հավանեց կերպարը, եւ սկսեցինք աշխատել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին