×


Մոնիկա Գրիգորյանը՝ 22-ամյակի անակնկալների եւ վերամիավորված ընտանիքի մասին

Մոնիկա Գրիգորյանը երեկ դարձել է 22 տարեկան: Մոդելը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ այս տարեդարձն ամենագեղեցիկն ու անմոռանալին էր իր համար:

«Ընտանիքիս անդամներն առաջարկեցին միասին գնալ խանութ՝ տորթ գնելու: Դիմացի այգում, ինչպես հետո պարզվեց, ինձ անակնկալ էր սպասվում՝ գեղեցիկ հրավառություն եւ արջուկը՝ տորթը ձեռքին: Շատ գեղեցիկ էր ամեն ինչ: Վայելեցի հրավառությունը, մոմերը փչեցի, երազանք պահեցի, նկարվեցի արջուկի հետ: Իսկ վերջում պարզվեց, որ արջուկի կերպարի տակ իմ ամենամտերիմ ընկերուհիներից մեկն է թաքնվել»,- պատմել է հոբելյարը:


Տոնական օրվան մոդելը երկար չէր պատրաստվել: Մի քանի օրով աշխատանքի բերումով բացակայել է երկրից եւ միայն տարեդարձի նախորդ օրն է վերադարձել Հայաստան: Խնջույքին հրավիրված են եղել միայն ամենահարազատ մարդիկ՝ ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերուհիները, որոնք միշտ ուրախանում են իր հաջողություններով:

Մոնիկան առանձնացրել է իր ամենահիշվող տարեդարձերը: Ամենատխուրն ու վատ առումով անջնջելին նախորդ տարին է եղել, երբ տոնական օրվա առավոտյան հայրական տատիկի մահվան բոթն է իմացել, իսկ ամենաուրախն՝ այս տարին, երբ 5 տարի ընդմիջումից հետո կրկին մայրիկի հետ է նշել իր ծննդյան օրը:


«Իր երջանկությունը յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում: Այս պահին ես ինձ երջանիկ եմ համարում: Հարազատներս ինձ հետ են, առողջ են, զբաղվում եմ սիրելի աշխատանքով եւ ունեմ այն, ինչ մասին տարիներ առաջ երազում էի»,-նշել է նա:

Մոնիկա Գրիգորյանը


«Միսս աշխարհ Արմենիա 2019»-ի առաջին վիցցե միսս, «Միսս Տիեզերք 2021»-ի հայաստանյան ներկայացուցիչ Մոնիկա Գրիգորյանը խոստովանել է, որ սկզբում ամաչում էր, երբ շատերը դրսում ճանաչում էին իրեն, գեղեցիկ խոսքեր ասում: Հիմա այլ է. սիրով է ընդունում բոլոր հաճոյախոսություններն ու նշում՝ անչափ հաճելի է լսել անծանոթներից ջերմ ու բարի խոսքեր:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մոնիկա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին