Առաջիկա տասը տարիներին Ուիլ Սմիթին կարգելվի մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանն ու բոլոր այն միջոցառումներին, որոնք անցկացվում են Ամերկյան կինոակադեմիայի հովանու ներքո: Նման պատժի դերասանն արժանացել է մարտի 28-ին Լոս Անջելեսում «Օսկար»-ի ժամանակ կատակերգու Քրիս Ռոքին հասցրած ապտակի ու հայհոյանքների պատճառով:
«Այս տարվա մրցանակաբաշխությունը մթագնել է բեմի վրա Սմիթի անթույլատրելի ու վտանգավոր պահվածքի պատճառով: «Օսկարը» չի կարող լինել բռնության վայր»,- ասված է կինոակադեմիայի հայտարարության մեջ:
Նրանք կարծում են՝ Սմիթն իր վրա է սեւեռել միջոցառմանը հետեւողների ողջ ուշադրությունը:
Ավելի վաղ դերասանը ներողություն էր խնդրել իր արարքի համար, նաեւ տեղեկացրել, որ լքում է Ամերիկյան կինոակադեմիայի կազմն ու էլ չի կարողանա մասնակցել «Օսկար»-ի հավակնորդների քվեարկությանը:
«Չեմ արդարացրել կինոակադեմիայի վստահությունն ու շատ եմ տխրել իմ արածի պատճառով: Պատրաստ եմ կրել դրա ողջ պատասխանատվությունը»,- ասել էր օսկարակիր Սմիթը:
Նա նաեւ հանրայնորեն ներողություն էր խնդրել Ռոքից.«Ես անցել եմ թույլատրելիի սահմանն ու ճիշտ չեմ եղել: Չկարողացա տանել կնոջս հիվանդությանը վերաբերող կատակն ու էմոցիոնալ կերպով արձագանքեցի: Ամաչում եմ արածիս համար, դրանք չեն արտացոլում այն մարդուն, ինչպիսին ցանկանում եմ լինել»:
Քրիս Ռոքը բեմի վրա մի քանի կատակ էր արել, այդ թվում եւ Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի հասցեին: Նա դերասանուհու կերպարը համեմատել էր Դեմի Մուրի մարմնավորած «Զինվոր Ջեյնի» կերպարի հետ, որը սափրած գլխով է: Երկար տարիներ է՝ Փինքեթ Սմիթն աուտոիմունային հիվանդություն ունի, որի հետեւանքով մազերը թափվում են:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: