Bentley Motors-ը ներկայացրել է Bentley Mulliner Batur-ը` նոր երկդռնանի գրանդ տուրը, որով նշանավորվում է Bentley-ի դիզայնի հեղափոխության սկիզբը:
Լուսանկարը՝ Bentley Motors
Դիզայնի տնօրեն Անդրեաս Մինդտի եւ նրա թիմի կողմից ստեղծված Batur-ը նոր դիզայնի ցուցադրություն է, որն այսուհետ կուղղորդի Bentley-ի մարտկոցով էլեկտրական մեքենաների (Battery Electric Vehicles (BEVs)) ապագա տեսականու դիզայնը:
Լուսանկարը՝ Bentley Motors
Batur-ի ընդամենը 18 օրինակից բաղկացած հավաքածուն Bentley-ի անհատական պատվերների եւ թափքաշինության բաժանմունքի՝ Mulliner-ի վերջին նախագիծն է եւ հաջորդում է 12 օրինակով թողարկված, նախագծված եւ ձեռքով հավաքված Bacalar-ին, որով Bentley-ում վերսկսվեց թափքաշինությունը:
Լուսանկարը՝ Bentley Motors
Ինչպես Bacalar-ը, այնպես էլ Batur-ը կոչվում է գեղեցիկ լճի անունով: Բաթուրը խառնարանային լիճ է Կինտամանիում՝ Ինդոնեզիայի Բալի կղզում: Այն սննդարար նյութերով հարուստ ջուր է ապահովում ինչպես տեղական տաք աղբյուրների, այնպես էլ գյուղատնտեսության համար:
Լուսանկարը՝ Bentley Motors
Batur-ը կլինի նաեւ մինչ այժմ ամենահզոր Bentley-ն՝ 740+ PS հզորությամբ, ձեռքով հավաքված 6.0 լիտրանոց երկտուրբո W12 շարժիչով, որը Bentley-ի հաջողության գրավականն էր վերջին երկու տասնամյակների ընթացքում:
Լուսանկարը՝ Bentley Motors
Batur-ի բոլոր 18 օրինակներն արդեն պատվիրված են: Ամեն մեկը նախագծվելու է յուրաքանչյուր հաճախորդի հետ համատեղ՝ Mulliner-ի դիզայներական թիմի ղեկավարությամբ: Հաճախորդները կկարողանան հստակեցնել Batur-ի գրեթե ամեն մակերեսի գույնը եւ հարդարումը՝ ստեղծելով իրավամբ անհատական մեքենա: Այնուհետեւ, յուրաքանչյուր մեքենա մի քանի ամսվա ընթացքում ձեռքով կհավաքվի Mulliner-ի արտադրամասում՝ Միացյալ Թագավորության Կրու քաղաքում: Առաջին առաքումները սպասվում են 2023 թվականի կեսերին:
Լուսանկարը՝ Bentley Motors
Bentley-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ադրիան Հոլմարկը ներկայացրել է Batur-ը Bentley's Signature Party Monterey Car Week-ում, 500 VIP-հյուրերի ներկայությամբ:
Լուսանկարը՝ Bentley Motors
«Բաթուրը շատ կարեւոր մեքենա է Bentley-ի համար: Շատ հաջողակ Bacalar-ի ժառանգորդ Batur-ը ցույց է տալիս դիզայնի այն ուղղությունը, որը մենք կտանենք ապագա՝ զարգացնելով BEV-ների մեր տեսականին: Էնդի Մինդտը եւ նրա թիմը վերաիմաստավորել են դասական Bentley-ի դիզայնի նշանները՝ դրանք դարձնելով ավելի ուժեղ եւ ավելի համարձակ: Դրանք եւ՛ էլեգանտ են, եւ՛ նրբագեղ: Գեղեցիկ արտաքինի տակ թաքնված է մեր երբեւէ մշակած ամենահզոր շարժիչը: W12 շարժիչը պատմության մեջ ամենահաջող տասներկու մխոցանի ավտոմոբիլային շարժիչն է ու քանի որ այն մոտենում է դրա թոշակի գնալու տարիքը՝ տեղը զիջելով ապագա հիբրիդներին եւ BEV-ներին, մենք ցանկանում ենք նշել նրա ձեռքբերումները»,- ասել է Հոլմարկը:
Լուսանկարը՝ Bentley Motors
Անդրեաս Մինդտն ասում է, որ «ցանկացած դիզայներական թիմի համար սեփական կանոնները վերասահմանելու հնարավորությունը ամենահետաքրքիր մարտահրավերն է»:
Լուսանկարը՝ Bentley Motors
«Մենք վերաիմաստավորել ենք Bentley-ի դիզայնի լեզուն՝ պահպանելով անցյալի եւ ներկայի որոշակի շարունակականություն՝ միաժամանակ կտրուկ փոխելով հիմնական տարրերը: Ժամանակակից Bentley-ի դիզայնը պետք է միշտ լինի հզոր, ոգեշնչող եւ ներդաշնակ: Ձեւը պետք է լինի ուժեղ եւ մկանոտ, բայց եւ նրբագեղ: Պատկերացրեք առյուծ կամ վագր՝ հարձակման դիրքում պառկած երկար խոտերի մեջ: Այդ հզոր կեցվածքը` անհավանական ուժը հանգիստ վիճակում, ընկած է դասական Bentley-ի հզորության մասին մեր նոր մեկնաբանության մեջ», - բացատրում է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: