Լոնդոնի թագավորական փառատոնային դահլիճում կայացել է Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) 76-րդ մրցանակաբաշխությունը:
Սովորաբար, ի տարբերություն ամերիկացի գործընկերների, բրիտանացիները կարմիր գորգին նախապատվությունը բոլորովին այլ զգեստների են տալիս, բայց բնավ էլ իրենց եղանակի պես մռայլ չեն լինում, հակառակը՝ նրբագեղության յուրահատուկ նրբերանգ են ունենում:
Այս անգամն էլ բացառություն չէր: Թեեւ աստղերն ու հայտնի հյուրերը շատ էին, ամենաքննարկվածը դարձան թագավորական ընտանիքի անդամները: Ինչպես միշտ, արարողությանը ներկա էին արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը: Բոլորին զարմացրեց այն հանգամանքը, որ 41-ամյա դքսուհին նոր զգեստով չի ներկայացել երեկոյին: 2019-ի BAFTA-ին նա կրել է Alexander McQueen-ի նույն զգեստը, այս անգամ դիզայներներն այն թարմացրել են ու սեւ ձեռնոցներ ավելացրել: Միդլթոնը թանկարժեք ադամանդների փոխարեն ընտրել է Zara բրենդի սովորական զարդեր:
Կարմիր գորգին իր կերպարով առանձնացած մյուս հյուրը «Թագուհու քայլը» սերիալի ու «Մենյու» ֆիլմի աստղ Անյա Թեյլոր Ջոյն էր: «Շիկահերը» ֆիլմում Մերիլին Մոնրոյին մարմնավորած Անա դե Արմասը բաց գույնի զգեստին էր նախապատվությունը տվել, Ջուլիանա Մուրը հերթական անգամ ցույց տվեց, որ տարիքի հետ նրա հմայքը չի նվազում, Ֆլորենս Փյուն էլ ամեն ինչ արել էր բոլորից տարբերվելու համար եւ խախտել երեկոյի սեւ ու սպիտակ դրես կոդը՝ կրելով նարնջագույն զգեստ:
Քեյթ Բլանշեթը փայլել է Maison Margiela-ի երկար սեւ զգեստով, որը ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը: Ի դեպ, նա արժանացել է լավագույն դերասանուհու մրցանակին «Թար» ֆիլմի համար: Լավագույն դերասանը Էլվիս Փրեսլիին մարմնավորած Օսթին Բաթլերն է, լավագույն անիմացիոն ֆիլմը՝ «Պինոկիո»-ն, լավագույն ֆիլմը՝ «Արեւմտյան ճակատում նորություն չկա»-ն: Ի դեպ, գերմանացի ռեժիսոր Էդվարդ Բերգերի այս ֆիլմը 14 անվանակարգերից հաղթել է 7-ում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: