×


«Շատ ճիշտ աղջիկ է»․ Շուշան Ստեփանյանը՝ «4 երազանք»-ում իր կերպարի, բլոգինգի եւ հաղթահարած բարդույթի մասին

Երիտասարդ ինֆլյուենսեր, բլոգեր Շուշան Ստեփանյանին ճանապարհն ի վերջո տարավ հեռուստաեթեր. Առաջին ալիքի «4 երազանք» հեռուստանովելում նա մարմնավորում է գլխավոր դերակատարներից մեկին։ BRAVO.am-ի հետ զրույցում Շուշանն անկեղծացել է դերասանությունը բլոգինգից ավելի շատ սիրելու, գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու ցանկության եւ այլ թեմաների շուրջ:

Երազանքներին հասնելու ուղին

Բլոգինգը երբեք չի եղել առաջին բանը, որով կցանկանայի զբաղվել։ Սկսելու նպատակն էր, որ նկատեն ինձ։ Այսօր այն իմ առօրյան է եւ օգնում է հասնել նպատակներիս, որոնցից մեկն էլ դերասանությունն է։ ԵԹԿՊԻ-ում ռեժիսուրա եմ սովորել՝ չնայած, որ միշտ երազել եմ դերասանուհի դառնալ։


Սերիալում նկարահանվելու առաջարկը

«4 երազանք»-ի առաջին եթերաշրջանի ավարտից հետո ընկերս պատմեց, որ 2-րդի համար քասթինգ են սկսում ու հետո 10 րոպե նայեց ինձ։ Ասաց՝ Լուսինեին՝ առաջին մասում նկարահանված փոքրիկ դերասանուհուն շատ նման եմ: Ես Լուսինեի կերպարը շատ էի հավանել։ Կանչեցին քասթինգի, արագ հաստատվեց իմ մասնակցությունը։ Նկարահանման առաջին օրը լարված էի, բայց հիասթափություն չեղավ, միայն դժվարանում եմ տեքստերն անգիր անել։

Ավելի դժվար է, քան թվում է

Միշտ մտածել եմ արտերկրում դերասանի կարիերա սկսելու մասին. հայկական ֆիլմարտադրությունից սպասելիքներ չունեի։ Հիմա այլ է. պատկերացումը դերասանի աշխատանքի մասին հեշտ էր, բայց դերասանությունը շատ ավելի դժվար բան է, քան թվում է։ Դերասանը պետք է անընդհատ աշխատի իր վրա բոլոր առումներով։ Հիշում եմ՝ առաջին օրը լարվածությունս կադրում էլ էր երեւում, ու նկարահանումը մի ամբողջ օր տեւեց։ Ընթացքում արդեն սովորական դարձավ։


Կցանկանամ նաեւ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել. հումորային ժանրն էլ է ինձ հետաքրքիր, չգիտեմ՝ կկարողանա՞մ։ Պատրաստ եմ ու սիրում եմ ամեն ինչ փորձել։

Կիսագաղտնիք

Առաջին փորձս չէ, բայց այդ մասին շատ բան չեմ կարող ասել՝ կիսագաղտնիք է։ Մեկ տարի առաջ նկարահանվել եմ հայ-ամերիկյան նախագծում: Ռեժիսորն ամերիկացի է, դերասանական կազմն էլ՝ ԱՄՆ-ից եւ Հայաստանից։ Բազմասերիանոց ֆիլմ է անգլերեն լեզվով եւ ցուցադրվելու է Միացյալ Նահանգներում: Դեռ մոնտաժման փուլում է։ Նորից գլխավոր դերում էի, բայց այս ընթացքում դերասանության հետ կապված գրեթե ամեն ինչ մոռացել էի։ Այդ նախագծով երազանքներիցս մեկն էլ իրականացավ։

Ամեն ինչ այլ է

«4 երազանք»-ի առաջին ցուցադրությունից հետո շատ ոգեւորված էի։ Մամաս թե մի բան չի հավանում, անկեղծ ասում է, բայց նշեց՝ լավ է, եղբայրս նույնպես դրական արձագանքեց։ Ինքս չեմ կարողանում առանց քննադատելու ինձ նայել: Լավ կարծիքներ լսեցի նաեւ հեռուստադիտողներից:

Իրականում խոսքիս վրա պետք է աշխատեմ, միմիկաներս են քիչ: Իմ էմոցիոնալ դիապազոնը կյանքում էլ է ցածր, արագախոս եմ։ Առաջին օրերի համեմատ առաջընթաց, այնուամենայնիվ, կա։


Մաշայի ակտիվությունը

Կերպարիս հետ բավական նման ենք, բայց բաներ կան, որ Լուսինեն անում է, իսկ ինձ համար ընդունելի չէ. ես չէի անի։ Շատ ճիշտ աղջիկ է, գիտի, թե ինչ է ուզում։ Փոքր Լուսինեի դերակատար Մաշայի հետ ջերմ հարաբերություններ ունենք։ Ինքն ավելի ակտիվ է, ես՝ ավելի փակ։ Երբ նկարահանումների ժամանակ պետք է ավելի ուրախ ու երջանիկ լինեմ, ռեժիսորն ասում է՝ հիշեմ Մաշոկին։ Միանգամից տրամադրությունս բարձրանում է։

Երեխաների մասնակցությամբ առաջին եթերաշրջանն ավելի ուրիշ էր ու մանկական համովություն ուներ։ Անմեղությունն ավելի շատ էր։ Հասուն տարիքում ամեն ինչ այլ է։

Անբացատրելի մտերիմները

Մինչեւ նկարահանումները դերակատարներով հաճախ էինք շփվում՝ իրար ավելի լավ ճանաչելու համար։ Մտերմացանք, ու մեր ընդհանուր «չատի» անունն էլ հենց «անբացատրելի մտերիմները» եղավ։ Իրոք, անբացատրելի է՝ ասես «4 երազանք»-ի ընկերների պես իրար հետ ենք մեծացել։ Ընտանիքի պես ենք, աջակցում ենք իրար։

Լուսանկարչությունը՝ կիրք, բլոգինգը՝ հաճելի, YouTube-ն՝ առանձնահատուկ

Լուսանկարիչ եմ հոգով, սրտիս զբաղմունքն է։ Բլոգինգով զբաղվում եմ 3-4 տարի։ Շատ երկար ժամանակ մտածում էի՝ սկսեմ, թե՞ չէ։ Երբ հասկացա՝ կարող եմ որակյալ բան մատուցել, սկսեցի։ Փորձեցի չվախենալ, չներկայանալ ուրիշի կերպարով։ Մարդիկ էլ զգացին ու սիրեցին դա։ YouTube-ն առանձին տեղ ունի իմ կյանքում, որովհետեւ ընկերներով այդ հարթակի մարդիկ ենք, բայց պասիվ ենք. այնտեղ տեսանյութեր տեղադրելու համար շաբաթներ են պետք։


Բարդույթ, որն ի վերջո հաղթահարվեց

Հայկական քթիցս էի բարդույթավորվում եւ կարելի է ասել՝ հենց դրա պատճառով էր, որ երկար ժամանակ չէի սկսում բլոգինգով զբաղվել։ Բայց երբ սկսեցի, քիչ էր ուշադրությունն այդ առումով։ Ուղղակի սկսեցի անել այն, ինչ սիրում եմ։ Հետո վիրահատեցի քիթս, քանի որ փոքրուց էի ցանկանում։

Առջեւում

Այս տարի ուզում եմ ճամփորդել, կարիերաս ամրապնդել, վլոգներ նկարել։ Դրանք առաջնային են։ Նոր նախագծերի առաջարկներ կան, բայց չգիտեմ՝ ինչպիսի ընթացք կունենան:

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Շուշան Ստեփանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին