×


Արամ Նիկոլյան. «Ստում են, թե պատվեր եմ կատարել. իմ սկզբունքն է երբեք չծռվել ու չհարմարվել պահին»

Դիզայներ Արամ Նիկոլյանի մասին վերջին շրջանում շատ բան է խոսվել, պատճառը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումն էր:

BRAVO.am-ը որոշեց հանդիպել Նիկոլյանի հետ ու խոսել այդ միջադեպի, սպասվող ցուցադրության, ժամանակակից նորաձեւության պահանջների, հայկական մշակույթի առանձնահատկության ու հագուստի պատճառով անդեմ չդառնալու մասին:

- Այսօր անսովոր լուռ ու հանգիստ է Ձեր նորաձեւության սրահում:

- Ինչպես ասում են՝ փոթորկից առաջ օվկիանոսը միշտ խաղաղ է լինում։ Հուլիսի 2-ին երկար սպասված ցուցադրություն ունեմ, դադարը բավական մեծ էր՝ 5 տարի: Այս ընթացքում մեջս շատ բան է տակնուվրա եղել ու եռում է, ինչը կցուցադրեմ առաջին անգամ կայանալիք Երեւանի նորաձեւության շաբաթվա ընթացքում։

- Ինչո՞վ էր պայմանավորված այդքան երկար դադարն ու ինչե՞ր են այդ ընթացքում կատարվել Ձեր կյանքում, որ հետք են թողել:

- 2018-ին Երեւանի 2800-ամյակին նվիրված մեծ հավաքածու էի մտածել, բայց եղավ հեղափոխությունն, ու հասկանալի պատճառներով այն չիրականացավ: Մեկ մեծ նախագիծ էլ ունեի՝ կապված Մեծամորի հնավայրից պեղված ոսկիների հետ: Փորձում էինք հազարամյակներ առաջ ստեղծված զարդերը վերստանալ եւ հետաքրքիր ցուցադրություն անել Զվարթնոցի տաճարում: Բայց նորից խանգարող հանգամանքների պատճառով չստացվեց: Իմ գործունեության 20-ամյակի առթիվ ցանկանում էի իրականացնել «20, 20, 20» նախագիծը, պանդեմիան սկսվեց, ապա՝ պատերազմը: Հիմա փորձում եմ նորից ակտիվ աշխատել. ինչքան էլ դժվար լինի, պիտի փորձենք զարգանալ ու առաջ գնալ:

Արամ Նիկոլյանը


- Սա ինչ-որ առումով փաստորեն նոր սկիզբ է լինելու Ձեզ համար։

- Քովիդից ու պատերազմից հետո շատ բան է փոխվել, այս ընթացքում մեր ունեցած ապրումները շատ բան են տակնուվրա արել մեր ներաշխարհում եւ ընկալումներում: Հիմա անելու էլ ավելի շատ բան ունենք, քան առաջ:

- Այդ ապրումներն ինչպե՞ս են ազդում Ձեր գործունեության վրա:

- Էմոցիոնալ մարդ եմ եւ շուրջս կատարվող դեպքերն ուղիղ ազդեցություն են ունենում իմ ներաշխարհի վրա: Հիմա իմ գործում հաջողելու պատասխանատվությունը մի քանի անգամ մեծ է, որպեսզի օգնեմ իմ պետությանն ու պետականությանն այն ամենով, ինչով կկարողանամ։

- Դուք զբաղվել եք ապրիլին Երեւանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության հագուստներով: Ինչպե՞ս ու ինչո՞ւ էիք որոշել բացման ժամանակ այրել Ադրբեջանի դրոշն ու մտածե՞լ էիք հետեւանքների մասին:

- Իմ արածը ցանկացած հայ մարդու ու հայկական պետականությունը հարգող տեսակի քայլ էր։ Լուրեր տարածեցին՝ իբր գործել եմ ինչ-որ մեկի կողմից ուղղորդված, պատվեր եմ կատարել, սուտ է. դա իրեն հարգող ցանկացած հայի արարք էր, որը գիտի իր պետականության արժեքը: Իմ ապրումներն ու գաղափարներն ավելի խորքային կերեւան սպասվող ցուցադրության ժամանակ։

- Միջադեպից հետո մեր հանրության մի մասը հասկանում ու աջակցում էր Ձեզ, մյուսը՝ խիստ քննադատում:

- Լավատես եմ մարդկանց հարցում ու նրանց ավելի շատ սիրում եմ։ Երկար ժամանակ մեր ազգը պառակտելով՝ կարողացել են հասցնել այս օրվան։ Արցախի հարցում էլ պետք է միասնական լինել ու մանիպուլյացիաների չենթարկվել. մեր թշնամին ավելի պահանջատեր է, քան պատկերացնում ենք, կամ ինչի՞ պետք է քո հայրենիքը տաս ուրիշին: Եթե որեւէ մեկը կգա ու ցանկանա քո տանն ապրել, կթողնե՞ս։

- Ձեր քայլն ինչպե՞ս է ազդել Ձեր կյանքի վրա ու ի՞նչ հետեւություններ եք արել:

- Մինչեւ հիմա էլ ազդեցությունը զգում եմ: Ամենակարեւորը՝ հիասթափություն չունեմ։ Մարդ եմ, որը ապրել է ու ապրելու է այս երկրում, քաղաքականության մեջ մտնելու նկրտումներ չունեմ, շարունակելու եմ աշխատել ու իմ գործով հասնել արդյունքի: Փորձելու եմ ամեն բան անել, որ իմ ասպարեզում մեր երկիրը կայանա, զարգանա ու ուժեղանա:

Իմ երկրի հետ շատ անարդար բաներ են տեղի ունենում, ու աշխարհը լուռ է։ Արարքիս գլխավոր գաղափարն ու ուղերձը դա է եղել: Եվ իմ մասնագիտության շնորհիվ եմ հայտնվել այնտեղ, որտեղ կարող էի բողոքի ձայն բարձրացնել: Կարեւոր է, որ ամեն մարդ իր գործունեության ոլորտում չլռի:

Արամ Նիկոլյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Վերադառնանք նորաձեւությանը: Ինչո՞ւ է հագուստն այդքան կարեւոր ու ինչպե՞ս է օգնում արտահայտվել:

- Մեր օրերում անգամ այդ առումով են փորձում բոլորիս անդեմ դարձնել: Քովիդից հետո բամբակե ու տրիկոտաժե հագուստի բում է: Հիմա սպորտային հագուստն է թրենդային, եւ եթե բրենդների պիտակները փակեք, դրանք տարանջատել չեք կարողանա, համարյա նույն տեսականին է՝ տարբեր կտորից կարված։ Դրա համար, երբ ինձ հարցնում են, թե ի՞նչն է նորաձեւ կամ ո՞վ, ասում եմ՝ անհատը, որը կարողանում է տարբերվել այս մոխրագույնի մեջ:

- Կառլ Լագերֆելդն ասել է, որ սպորտային հագուստ կրելը պարտության նշան է, եթե այն ընտրում եք՝ ուրեմն կորցրել եք վերահսկողությունը կյանքի նկատմամբ: Ի՞նչ անենք, որ չկորցնենք մեր անհատականությունն ու ոճը:

- Հագուստն արտահայտչամիջոց է, դրա շնորհիվ կարող եմ հասկանալ մարդու հոգեվիճակն ու ճաշակը։ Մեր ազգի հարատեւման հիմքում մշակույթը, լեզուն ու հավատն են։ Լինելով առաջին քրիստոնյա ժողովուրդն ու ունենալով հարուստ մշակույթ՝ հասել ենք մեր օրեր: Այդ ամենը պետք է կիրառել նաեւ նորաձեւության մեջ՝ թեկուզ փոքր դետալով շեշտադրումներ անելով: Հայկական շատ բրենդներ փորձում են այս դժվար պայմաններում կայանալ, ու եթե մասմարկետից թեքվենք դեպի հայկական շուկա, որը բավական ակտիվ զարգանում է, կարծում եմ՝ հնարավոր կլինի տարբերվել:

- Դուք ի՞նչ եք անում մարդկանց յուրահատկությունն ու բացառիկ լինելն ընդգծելու համար։

- «Նիկոլյան» բրենդի հավաքածուները, որ անում ենք մասմարկետի համար, մեկ օրինակից ու չափսից են լինում: Փորձում եմ դեմ գնալ մասմարկետին՝ հասանելի լինել նրա արժեքներին, բայց ստեղծել մարդկանց համար, ովքեր ուզում են անհատ լինել։ Իմ հավաքածուները կարում եմ մեկ նմուշից, առավելագույնը՝ 3-4 չափսի: Մեր տեղական բրենդներին էլ խորհուրդ եմ տալիս ավելի շատ տեսականի ստեղծել, քան չափսեր, դրանով կլուծեն անհատականության խնդիրն ու ավելորդ ապրանքներ չեն ունենա:

Արդիական նորաձեւությունը ձգտում է նվազեցնել թափոնների քանակը, որոնք միայն արտադրելիս չեն առաջանում. երբ մեծ ծավալի արտադրանքը չեն կարողանում սպառել, դրանք մնում են պահեստներում, եւ գալիս է ժամանակ, որ ստիպված են լինում ազատվել դրանից: Իմ առաջարկած տարբերակը կլուծի նաեւ մնացորդների խնդիրը:

Արամ Նիկոլյանը


- Ինչ-որ առումով առաջարկում ենք բարձր նորաձեւության սկզբունքը՝ եզակի ու շատ չհանդիպող տեսականի:

- Այո, երկու շուկաները փորձել եմ խառնել իրար՝ օգտագործել բարձր նորաձեւության սխեման ու գները հասանելի դարձնել: Այդ ձեւաչափը մեզ պես փոքր երկրի համար կարեւոր է, քանի որ գլոբալիզացիայի տեսանկյունից մեզ բոլոր առումներով ավելի հեշտ է գրավել, քան խոշոր երկրները. ավելի արագ անդեմ ու անսեռ կդառնանք:

- Ասացիք, որ ազգի գոյության ու երկարակեցության կարեւոր նախապայմաններից մեկը սեփական մշակույթը պահելն է։ Դուք հայկական թեմաներով հավաքածուներ ունեք, ի՞նչն է հատկապես Ձեզ դուր գալիս ու ոգեշնչում մեր մշակույթում։

- Մեր մշակույթը իմ արյան ու ԴՆԹ-ի մեջ է, նույնն էլ փորձում եմ բրենդում լինի: Իմ գրեթե բոլոր հավաքածուները ոգեշնչված են հայկականությունից։ Մեր մշակույթը չափից շատ հարուստ է ու բազմաշերտ, ունեցել եմ հավաքածուներ՝ ոգեշնչված մանրանկարչությունից, գորգերից, կարատեսակներից: Իմ նպատակներից ու մարտահրավերներից մեկն ինքս ինձ այն է, որ ցույց տամ, թե որքան հետաքրքիր է մեր մշակույթն ու ինչպես է կարելի այն կիրառել ժամանակակից նորաձեւության մեջ եւ գրավիչ դարձնել երիտասարդների համար:

- Իսկ ովքե՞ր են աշխարհում դեռ պահում այդ անհատական ձեռագիրն ու իրենց հագուստով դեմ գնում համակարգին:

- Անընդունելի է, որ փորձում են նորաձեւությունն անսեռ դարձնել: Հիմա տղամարդու զգեստապահարանի վրա շատ մեծ է կանանց զգեստների ազդեցությունը, պոդիումներին հաճախ ենք տեսնում կիսաշրջազգեստով, խոր դեկոլտեով տղամարդկանց, որոնք քարոզում են այդ անսեռությունը։ Giorgio Armani, Dior եւ մի քանի այլ բրենդներ, որոնք դասական են համարվում, դեռ կարողանում են դեմ գնալ այդ ամենին: Թրենդներին հիմնականում տուրք են տալիս սկսնակները:

- Փոքր տարիքում շատ ժամանակ ենք անցկացրել Ձեր հորաքրոջ մոտ՝ նորաձեւության տանը, դա՞ է ազդել մասնագիտության ընտրության վրա, քանի որ տնտեսագիտություն եք սովորել, բայց այդպես էլ չեք զբաղվել դրանով:

- Շատ է ազդել: Դեռ դպրոց չէի էլ գնում, երբ հորաքույրս իր հետ աշխատանքի կամ ցուցադրությունների էր տանում: Դերձակ էր ու տարբեր ատելյեներում էր աշխատում: Խորհրդային տարիներին հայկական թեթեւ արդյունաբերությունն ակտիվ էր ու տնտեսության շարժիչ ուժն էր համարվում: Իսկ առաջին մասնագիտությունը ծնողներիս թելադրանքով էի ընտրել, բայց հասկացա, որ սիրելի գործով է պետք զբաղվել: Հիմա դասավանդում եմ ու առաջին կուրսի ուսանողներին առաջին հարցս լինում է, թե ինչու են ընտրել այս ոլորտը: Պետք է առաջին հերթին սիրել, լինել նպատակասլաց ու աշխատասեր, եւ անհնար է, որ չհաջողես:

Արամ Նիկոլյանը


- Իսկ Ձեր մանկությունից ի՞նչ հագուստ եք հիշում, որը շատ է տպավորվել:

- Փոռերով սպիտակ վերնաշապիկ ունեի, որը մայրիկս էր կարել, ու սեւ կիսատաբատ: Մոտ վեց տարեկանում էլ նկար ունեմ, որում կոստյումով եմ ու մարզակոշիկներով, ինչը հիմա շատ նորաձեւ է:

- Դուք առաջինն եք եղել, ով 2004-2005 թվականներին սովորել է Ֆլորենցիայի «Իտալիանա» ակադեմիայում, ի՞նչ եք այնտեղ ավելացրել Ձեր գիտելիքներին:

- Մրցույթներից մեկի ժամանակ հրավեր ստացա սովորելու ու առիթը բաց չթողեցի։ Մեկ տարի մնացի ու նորաձեւության դպրոցների տարբերությանը ծանոթացա: Ռուսական ու եվրոպական տարբեր դպրոցներում եմ եղել, այդ ամենն իմ մեջ արտահայտելով՝ կարողացա գտնել իմ առանձնահատկությունը եւ ձեռագիր ձեռք բերեցի։

- Ո՞րն է այդ ձեռագիրն ու փնտրտուքների ճանապարհին ձախողումներ ու անհաջողություններ շա՞տ են եղել։

- Շատ-շատ են եղել: Ամենակարեւորն այն էր, որ չէի հիասթափվում ու ընկճվում, կամ էլ մտածում, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել, շարունակում էի գնալ առաջ: Մի կարեւոր ունակություն ունեի, որը մինչ օրս պահում եմ՝ ժյուրիի անդամներին հարցնում էի, թե որն է իմ հավաքածուի թերությունը՝ անկախ նրանից, հաղթել էի, թե՝ ոչ: Դրա շնորհիվ եմ կարողացել աճել:

- Իսկ ինչո՞ւ մերժեցիք Իտալիայում մնալու եւ աշխատելու առաջարկը, նախընտրեցիք վերադառնալ Հայաստան:

- Ինձ համար կարեւոր էր աճել ու կայանալ հայրենիքում, հետո նոր այդ ամենը ներկայացնել աշխարհում:

Արամ Նիկոլյանը


- Իսկ շա՞տ դժվար է ունենալ սեփական նորաձեւության սրահը եւ հիմնականում ի՞նչ խնդիրներ են առաջանում:

- Շատ դժվար է՝ սկսած անհրաժեշտ նյութերի ու կտորների ձեռքբերումից, քանի որ մեր շուկայում չկան: Հաճախ հնարավորություն չունես միտքդ իրականացնել, քանի որ ռեսուսրներ չկան: Բավական բարդ է Փարիզի կամ Միլանի նորաձեւության շաբաթներին մասնակցել, քանի որ մեր երկիրը Շենգեն գոտուց դուրս է, ու արտահանման հարկերը մեծ են:

- Իսկ Ձեզ գոհացնո՞ւմ է այն ամենը, ինչ ստեղծվում է մեր երկրում:

- Մեր դիզայներները մարդ-նվագախումբ են ու ամեն ինչ են անում: Դրա համար էլ արտերկրում աշխատելը մեզ համար չափից շատ հեշտ է: Armani-ում աշխատող գործընկեր ունեմ՝ Ռիմա Կազումյանը, որի հետ խոսելիս եկանք այն գաղափարին, որ իր ուժն այս ոլորտի մասին ունեցած բազմաթիվ գիտելիքներն են:

- Պրեմիերայի պատրաստվելիս դերասանները անբացատրելի ապրումներ են ունենում, դիզայների հետ ի՞նչ է կատարվում:

- Այդ բոլոր էմոցիաները ցանկացած ստեղծագործ մարդ է ապրում։ Իսկ խոնարհման դուրս գալուց հետո դատարկություն եմ զգում, բայց դա իր լավ կողմերն ունի՝ դատարկվում եմ, որ նորից լցվեմ։

- Իսկ կա՞ որեւէ պահ, որ առանձնանում է Ձեզ համար։

-Երբ պոդիումի վրա տեսնում ես քո ստեղծածը ու նկատում մարդկանց դեմքերը, որոնք պատրաստ են դրանք կրել։ Ինձ համար կարեւոր է, թե հետագայում զգեստներն ինչ կյանք կունենան։ Ուզում եմ, որ դրանք մտնեն մարդկանց պահարաններ ու ապրեն։ Պետք է մարդը կրի զգեստը, ոչ թե հակառակը։ Ուզում եմ առիթից օգտվել ու խնդրել իմ հագուստներից ունեցողներին գրել մեզ, ուղարկել լուսանկարը, որի դիմաց նրանց սպասվող ցուցադրության հրավիրատոմս կնվիրենք։

- Ունե՞ք հավաքածու, որ առանձնահատուկ է Ձեզ համար ու անբացատրելի ապրումներ են կապված դրա հետ։

- Ամենաէմոցիոնալ հավաքածուս «Իմ երազ»-ն է, որը ստեղծել ենք շաքարային դիաբետով հիվանդ երեխաների հետ, երբեւէ արած ամենաաննորմալ գործերից էր։ «Իմ երազ» բարեգործական հիմնադրամն էր առաջարկել միասին նախագիծ անել, ես էլ ցանկացա երեխաներին եւս ներգրավել աշխատանքներում։ Առաջին փուլում սխալ աշխատեցի երեխաների հետ՝ նրանց թեմաներ տալով։ Հասկացա, որ սահմանափակում եմ, իսկ իրենք կարող էին ծաղիկն ավելի մեծ պատկերացնել, քան արեւը։ Ու երբ ազատություն տվեցի, կարողացանք հասնել արդյունքի։ Ցուցադրության վայրն էլ այդ անսահման ազատության մասին էր՝ Սեւանա լճի վրա արեցինք։

Արամ Նիկոլյանը


- Ո՞վ է անկախ լավ ու վատ պահերից միշտ Ձեր կողքին եղել։

-Քիչ են, ովքեր ցավում ու ապրում են ինձ հետ, չեմ տարանջատի, բայց կասեմ, որ հարազատ ու ինձ ճանաչող մարդիկ են։

- Ի՞նչ եք ուզում այստեղ ու հիմա:

- Ուզում եմ մի քիչ բարություն, խաղաղություն ու շատ-շատ սեր, որովհետեւ դա է ամեն ինչի հիմքը։

- Եթե ընտրելու լինեք միայն մեկ հագուստ, ո՞րը կլինի։

- Երեւի, ամենահանճարեղ բանը մտածել է Շանելը՝ փոքրիկ սեւ զգեստը, որն ամեն պահի ու առիթի համար է։

- Դիզայներ:

-Կուռքեր չունեմ, բայց կընտրեմ Սկիապարելլիին։

- Քանդակ:

-Քոչարի «Սասունցի Դավիթը»։

- Սար:

- Ինչքան էլ մեր սահմանից դուրս է՝ մեկ է Արարատը, քանի որ խորհրդանիշ է։

- Երկիր:

- Հայաստան։

- Սկզբունք։

- Երբեք չծռվել ու չհարմարվել պահին։

- Արժեք։

- Մշակույթ ու հավատ։

- Բառ:

-Սեր։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին