Աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով կմեկնարկի «Երեւանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը:
Ճապոնացի երաժիշտը ելույթ կունենա սեպտեմբերի 11-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆերենց Լիստի, Մորիս Ռավելի, Նիկոլայ Կապուստինի ստեղծագործություններն են:
«Նրա կատարումը բժշկելու ուժ ունի, իսկապես աստվածային է»՝ այսպես է բնորոշել Նոբույուկի Ցուջիին Վեն Քլայբերնը, իսկ Վալերի Գերգիեւն ասել է. «Նա ոչ միայն մեծագույն երաժիշտ ու աստղ է, այլ նաեւ վառ ապացույցը նրա, որ մարդկային հնարավորությունները գրեթե սահմաններ չունեն»:
«Վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացած դաշնակահարը, որն ի ծնե կույր է, 2009-ին ստացավ Վան Քլայբերնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, ինչին հետեւեց Նոբույուկիի հեղինակության տարածումը ողջ աշխարհում՝ այն յուրահատուկ ուժի եւ հուզմունքայնություն համար, որ առկա է նրա կատարումներում։
Նոբուն հանդես է եկել բազմաթիվ առաջատար նվագախմբերի հետ, որոնցից են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Տոկիոյի սիմֆոնիկ եւ Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Տոկիոյի «Յոմիուրի Նիպպոն» սիմֆոնիկ նվագախումբը, Մյունխենի, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը եւ այլն։


×
2,297





