×


«Ինքս ինձ ասում էի՝ «Մարգո, հիմար մի եղիր, նա քեզ պես չի սիրահարվի, ուշքի արի»». Մարգո Ռոբիի մեծ սերն ու ընտանիքը

Դերասանուհի Մարգո Ռոբին եւ պրոդյուսեր Թոմ Էքերլին այս ամիս նշելու են իրենց ամուսնության 7-ամյակը: Ամենագեղեցիկ զույգերից մեկը համարվող Մարգոն ու Թոմը միասին երկար ճանապարհ են անցել, կարողացել լավ ընկերներ դառնալ ու միմյանց աջակցող ամուսիններ: Իսկ թե ինչպես են ծանոթացել ու սիրել միմյանց, կպատմենք այսօր:

Ծանոթությունը

«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում նկարահանվելուց հետո էլ ավելի մեծ հայտնիություն ձեռք բերած Մարգո Ռոբին 2013 թվականին մասնակցում էր նոր ֆիլմի՝ «Ֆրանսիական սյուիտ»-ի աշխատանքներին: Հենց այդ ժամանակ էլ նա առաջին անգամ հանդիպել է ապագա ամուսնուն, որը ռեժիսորի 3-րդ օգնականն էր: Ավելի վաղ Թոմը նկարահանվել է «Հարի Փոթերը եւ Ազքաբանի բանտարկյալը» ֆիլմում:

Ծանոթանալուց մեկ տարի անց Մարգոն եւ Թոմը սիրահարվեցին, սակայն իրենց հարաբերությունները գաղտնի էին պահում ու ձեւացնում, թե պարզապես լավ ընկերներ են: Որոշ ժամանակ անց միասին հանգստանալու մեկնեցին Հավայան կղզիներ, որտեղ էլ նրանց բռնացրին պապարացիները:


Հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին պատմել է, որ մինչ Թոմին հանդիպելը չի էլ մտածել կյանքը որեւէ մեկի հետ կապելու մասին: Մինչդեռ սերը նրան լիովին փոխել է, թեեւ սկզբում անգամ ինքն իրեն չի համարձակվել խոստովանել, որ սիրահարվել է: Երբ հասկացել է, որ զգացմունքը փոխադարձ է, կարողացել է այդ մասին նաեւ Թոմին պատմել:
Հարսանիքը

Այն, որ բավական հայտնի ու հեռանկարային դերասանուհին Ռոբին հանդիպում է ռեժիսորի օգնականի հետ, շատերին զարմացրեց: Նշանադրություն, որպես այդպիսին, չեն ունեցել, դրա համար էլ քչերն էին ակնկալում, որ այդքան շուտ կամուսնանան:

Թոմ Էքերլին եւ Մարգո Ռոբին ամուսիններ դարձան 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ երկու տարվա սիրավեպից հետո: Հարսանիքը բավական մտերմիկ միջավայրում ու ամենակարեւոր մարդանց ներկայությամբ անցավ: Արարողությունը դերասանուհու հայրենիքում էր՝ ավստրալական Նոր Հարավային Ուելսի կալվածքներից մեկում, ստույգ վայրն անգամ 5 տասնյակ հրավիրվածները չգիտեին:


Հրավիրատոմսերի վրա տարբեր վայրեր էին նշված, որտեղից նրանց հատուկ երթուղով հասցրին կալվածք: Նկարահանում անել արգելված էր. տարածք մուտք գործելուց առաջ բոլորն իրենց հեռախոսները հանձնել էին անվտանգության աշխատակիցներին: Մեծ լողավազանի մոտ տեղադրված վրաններում էլ անցել է արարողությունը, հյուրերը մոտ 23 ժամ անդադար ուրախացել են: Դերասանուհին 70-ականների ոճով բաց ուսերով զգեստ էր կրում:

Համացանցում ընդամենը մի քանի հարսանեկան նկար է հայտնվել. զույգը հրաժարվել է  կադրերը վաճառել որեւէ պարբերականի, թեեւ առաջարկներ շատ են եղել: Ռոբին ամուսնական կարգավիճակը հաստատող միայն մեկ նկար է հրապարակել, որում երեւում է ադամանդե մատանին:
Ընտանեկան կյանքը


Ամուսնանալուց հետո Մարգոն ու Թոմը ստիպված էին տեղափոխվել համատեղ վարձակալած առանձնատնից, սկզբում անսովոր էր ապրել առանց ընկերների աղմուկի ու ակտիվության, բայց հետո սովորեցին:

Զույգը նախընտրում է չխոսել համատեղ կյանքի ու առօրյայի մասին՝ ամեն ինչ գաղտնի պահելով: Չեն շտապում նաեւ երեխաներ ունենալ՝ ավելի շատ կենտրոնանալով կարիերայի վրա: «Անկեղծ կլինեմ՝ դեռ պատրաստ չեմ մայր դառնալ: Ավելի լավ է  գիտակցել այդ ամենն ու չշտապել, քան փորձել արդարացնել ինչ-որ մեկի սպասելիքները: Առավելագույնը կարող եմ ընտանի կենդանի խնամել»,- ասել է Ռոբին:

Մի անգամ նա պատմել է, որ ամուսինն իրեն շատ է աջակցում: Որքան էլ ճանաչված ու հայտնի է, ամեն նկարահանումից առաջ անհանգստանում է, ու հենց այդ ժամանակ է, որ Թոմն օգնում է: Երկուսն էլ ծանրաբեռնված են աշխատանքում ու ստիպված են լինում իրարից հաճախակի բաժանվել: Արդեն սովորել են հարաբերություններն ամուր պահել նաեւ հեռավորության վրա: Հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել են, թե ինչի շնորհիվ է ընտանեկան կյանքն առաջին պլանում՝ իրարից 3 ամսից ավելի չեն բաժանվում: Դերասանուհին թողնում է նկարահանումները, կտրում օվկիանոսը, որպեսզի մի քանի ժամով ամուսնու կողքին լինի ու նորից վերադառնում աշխատանքին:

Համատեղ աշխատանքը

2017-ին Լոս Անջելեսում նրանք երկհարկանի առանձնատուն գնեցին, որը 4 տարի անց վաճառքի հանեցին: Նույն տարում էլ Թոմը դարձավ նրա մասնակցությամբ կենսագրական՝ «Տոնյան ընդդեմ բոլորի» ֆիլմի պրոդյուսերը, որի համար Ռոբին Օսկարի առաջադրվեց: Երկրորդ անգամ նա բաղձալի մրցանակին առաջադրվել է «Սկանդալ»-ի համար: Ամուսինները հիմնեցին LuckyChap Entertainment պրոդյուսերական ընկերությունն ու արդեն համատեղ մի քանի նախագիծ են իրականացրել:

«Սիրելի մարդու հետ աշխատելու կողմնակից եմ: Բացի այդ էլ, ամուսնացած լինելը շատ ուրախալի է: Պատասխանատվություն եմ զգում, որ ինչ-որ մեկի կինն եմ: Նրա համար փորձում եմ ավելի լավը լինել»,-պատմել է Ռոբին:


Մի քանի անգամ Մարգո Ռոբին նկարահանումներին առանց ամուսնական մատանու է գնացել, ինչն էլ ամուսնալուծության մասին խոսակցությունների պատճառ է դարձել: Հետո բացատրել է, որ մատանին հանում է, քանի որ վախենում է աշխատելու ընթացում այն կորցնել: Նաեւ խոստովանել է, որ ընտանիք կազմելուց հետո իր եւ Թոմի հարաբերություններում ոչինչ չի փոխվել, առանց կնիքի էլ երջանիկ են եղել ու ներդաշնակ ապրել:

Նույնը նաեւ համատեղ աշխատանքին է վերաբերում, քանի որ կարողանում են դերերը ճիշտ բաշխել ու չխանգարել իրար: Նրանք սովորաբար զբաղվում են այն նախագծերով, որոնք երկուսին էլ շատ են հետաքրքրում, այդպիսին էր, օրինակ, «Բարբի»-ն, որն աննախադեպ հաջողություն ունեցավ եւ կինովարձույթում ռեկորդային գումար հավաքեց:

«Հարրի Փոթերը»

Թեեւ Մարգո Ռոբին «Հարրի Փոթեր»-ի մասին ֆիլմաշարի մոլի երկրպագու է, սակայն չի իմացել, որ ամուսինը նկարահանվել է «Հարրի Փոթերը եւ Ազքաբանի բանտարկյալը» մասում: Կատակով նշել է, որ եթե այդ մասին տեղյակ լիներ, Թոմի հետ ավելի շուտ կամուսնանար:


«Սլիզերինի աշակերտներից մեկն է եղել 3-րդ մասում, երբ Դրակոն մի քանի երեխայի հրելով առաջ է անցնում: Այդ տղաներից մեկը ամուսինս էր, իսկ ես պատկերացում էլ չունեի»,- հպարտությամբ պատմել է ու ավելացրել, որ փոքր տարիքում իր սիրելի հերոսին նմանվելու համար ակնաբույժին խաբել է, որ նույն ակնոցից կրի:

Սիրելի զբաղմունքը

Ազատ ժամանակ ունենալու դեպքում ամուսինները սիրում են միասին ճանապարհորդել: Երկար ժամանակ Ռոբին ժամանակ չէր գտնվում հայտնի Արեւելյան ճեպընթացով երթեւեկելու համար, մինչեւ որ մի օր ամուսնու հետ նստել են այն ու անցել ողջ երթուղով՝ ճանապարհին էլ նայել գնացքի մասին նկարահանված առաջին ֆիլմը:


Մարգոն ու Թոմը սիրում են իրենց այցելած ամեն քաղաքում գտնել ոչ այդքան հայտնի ռեստորաններ ու սրճարաններ: Նմանատիպ վայրերից մեկում, որը Ճապոնիայում էր, նրանք 3 ժամ հերթ են կանգնել, որպեսզի ստանան պատվիրած ուտելիքը: Դերասանուհին բազմիցս է խոստովանել, որ պատրաստել ընդհանրապես չի կարողանում ու 3 անգամ ջեռոցում վառել է տոնական բադը: Ամուսինները ռոմանտիկ ընթրիքների սիրահար են:

Մինչեւ ականջների ծայրը սիրահարված Ռոբին

«Թոմի հետ ամուսնացել եմ, որովհետեւ նա Լոնդոնում ամենագեղեցիկ տղան էր: Ծանոթացել ենք, երբ նա դեռ ռեժիսորի օգնական էր, ընդ որում՝ պետք է ասեմ, որ նրանք չնչին աշխատավարձ են ստանում: Սկզբում թաքցնում էի իմ զգացմունքները՝ վախենալով, որ նա ինձ չի սիրի, ու այդպես էլ մեկ տան մեջ ապրող հարեւաններ կմնանք: Ինքս ինձ ասում էի. «Մարգո, հիմար մի եղիր, նա քեզ պես մինչեւ ականջների ծայրը չի սիրահարվի, ուշքի արի, հանկարծ զգացմունքներիդ մասին չասես նրան»: Բայց Թոմն էլ անտարբեր չէր, ինչն ինձ երջանկացրեց: Միշտ համարել եմ, որ ստեղծված չեմ ընտանիքի համար, բայց երբ այդքան ուժեղ սիրեցի, գլուխս կորցրի: Հասկացա, որ առանց նրա կյանքս շարունակել չեմ կարող»,- խոստովանել է դերասանուհին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW