Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նաիրա Շահիրյանը երեկ դարձել է 60 տարեկան: BRAVO.am-ին դերասանուհին պատմել է, որ տարեդարձը նշել է նկարահանման հրապարակում, իսկ երեկոյան որդիներն են անակնկալ մատուցել:
«Ծննդյանս օրն աշխատանքի վայրում անցկացրի՝ գործընկերներիս հետ, իսկ երեկոյան ժամը 23:00-ին իմ հետեւից եկան որդիներս: Արմանի նախաձեռնությամբ նրա տանն էին հավաքվել մայրս, իմ ու եղբորս ընտանիքները, եւ միասին ջերմ մթնոլորտում նշեցինք 60-ամյակս»,- ասել է Նաիրան:
Նաիրա Շահիրյանը
Նրա խոսքով՝ մայրը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը, միշտ գեղեցիկ նվերներ է պատրաստում իր համար. «Գիտի, թե ինձ ինչ է անհրաժեշտ ու ինչը կհավանեմ: Շատ տնային մարդ եմ ու սիրում եմ նաեւ տան հետ կապված նվերներ ստանալ, տնտեսական խանութների կողքով չեմ կարողանում անտարբեր անցնել, մայրս դա լավ գիտի ու ամբողջ տարին ուսումնասիրում ու հետեւում է, թե ինչպիսի նվերից կուրախանամ:
Էվելինա եւ Նաիրա Շահիրյանները
Բայց ինձ համար ամենամեծ նվերն այն է, որ նա կողքիս է: Ծննդյանս օրը ընկերներս նախ մայրիկին են զանգահարում, շնորհավորում ու շնորհակալություն հայտնում՝ լավ երեխաներ ունենալու եւ դաստիարակելու համար, նոր հետո՝ ինձ: Մայրիկը շատ երիտասարդ ընկերներ ունի, ու իմ ընկերուհիները նրա հետ էլ մտերիմ են»:
60 տարիների ամենամեծ ձեռքբերումը համարում է որդիներին. «Եթե կինը կարողանում է համատեղել սիրելի աշխատանքն ու ընտանիքը, հիանալի է: Ես այդ առումով երջանիկ եմ: Բայց եթե պետք է նախապատվությունը մեկին տալ, իհարկե, ինձ համար առաջին տեղում ընտանիքս է, որքան էլ աշխատանքը սիրեմ»:
Լուսանկարը՝ Շահիրյանների արխիվից
Հետհայացք ձգելով, խոստովանում է, այնքան էլ հեշտ տարիներ չէին ու իրենց դժվարություններն ունեին. «Որովհետեւ որքան էլ փորձես շուրջդ բարի ու լավ մթնոլորտ ստեղծել, քեզ վրա ազդում են նաեւ երկրում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ ամենն իր հետքն է թողնում կյանքի վրա, ու հետեւանքները չես կարող չզգալ: Բայց միշտ պետք է առաջ նայել, ազնիվ լինել գործի մեջ, անդադար աշխատել, արարել ու ապրել»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: