×


Պատմության եւ ծովերի միջեւ՝ Թունիս․ ո՞ւր գնալ եւ ի՞նչ դիտել

Եթե ցանկանում եք այցելել մի վայր, որ հնարավորություն կտա ձեզ վայելել ծովափնյա հանգիստը՝ ծանոթանալով նաեւ պատմամշակութային ժառանգությանը, ապա Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Թունիսը հենց այն է, ինչ պետք է։ Վերջինս հնագույն ավանդույթների եւ ժամանակակից մոտիվների մի յուրահատուկ խառնուրդ է, որտեղ կատարելապես համադրվում են գեղեցիկը եւ օգտակարը։

Հազարամյա պատմություն ունեցող այս երկրում կարող եք առաջին հերթին վայելել միջերկրածովյան ողջ հմայքը, ապա դրան ավելացնել նաեւ Սահարայի լանդշաֆտների գեղեցիկ համադրությունը։ Իսկ եթե դեռ շարունակում եք մտածել, թե ուր գնալ Թունիսում, շարունակեք կարդալ, թեեւ ընտրությունն այստեղ այնքան բազմազան է, որքան հենց երկրի պատմությունը։


Ծովափնյա քաղաքներ. Համմամետ, Սուս, Մոնաստիր

Թունիսի ափի երկայնքով տեղակայված Համմամետ, Սուս եւ Մոնաստիր քաղաքներն իրենց վառ գույներով զարդարում են Միջերկրական ծովի ամենագեղեցիկ լողափները:

Համմամետ քաղաքի՝ 893 թ.-ին կառուցված ամրոցից, օրինակ, կարող եք վայելել անհավանական մի տեսարան, որ ցույց է տալիս ծովն իր ողջ հմայքով։

Սուս քաղաքը հայտնի է իր ավանդական սպիտակեցված գմբեթավոր տներով եւ Մեդինայով, որը դիտողի առաջ բացում է 8-րդ դարում կառուցված արաբական պալատ-քաղաքը։ Վերջինս 1988 թվականից  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է:

Մոնաստիրում կարող եք այցելել Թունիսի նորագույն պատմությունը յուրովի կերտող նախագահներից մեկի՝ Հաբիբ Բուրգիբայի դամբարանը, որ առանձնանում է իր հոյակապ ոսկե գմբեթով։ 1963 թվականին կառուցված այս դամբարանը հարգանքի տուրք է նրա հիշատակին այն բանի համար, որ վերջինս կառուցել է ամուր կրթական համակարգ եւ նպաստել կանանց քաղաքացիական իրավունքի ստացմանն ու իրացմանը։ Այսօր դամբարանը զբոսաշրջիկների ամենասիրելի ուղղություններից մեկն է։


Մատմատայի տրոգլոդիտային տները

Շրջագայելով արդեն դեպի ցամաք՝ հրաշալի քաղաք Մատմատա, այլաշխարհիկ լանդշաֆտները եւ խորդուբորդ լեռները իրենց տեղն են զիջում սյուրռեալիստական ստորգետնյա կացարաններին:

Մատմատայի տրոգլոդիտների կամ տրոգլոդիտային բնակավայրերն առաջացել են այն ժամանակ, երբ նախկինում շոգից եւ թշնամիներից ապաստան փնտրող բերբերները սկսել են իրենց համար տներ փորել բլուրների, ժայռերի կամ հողի մեջ ՝ այդպիսով ստեղծելով բնակարանների մի ստորգետնյա ցանց:

Դրանցից մի քանիսն այսօր վերածվել են սրճարանների եւ ռեստորանների, փոքրիկ թանգարանների եւ նույնիսկ բնակելի տարածքների:


Կարթագեն

Հնագույն Կարթագեն քաղաքը հիմնադրվել է դեռեւս մ․թ․ա 814 թվականին փյունիկացիների կողմից։ Այս քաղաքի ավերակները, որ եւս ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում, զբոսաշրջիկներին տանում են մի յուրօրինակ պատմական ժամանակաշրջան։ Հռոմեական վիլլաները, բաղնիքները եւ ամֆիթատրոնը անտարբեր չեն թողնում այցելուներին, իսկ եթե հետաքրքրվում եք հնագիտությամբ եւ պեղումներով, կարող եք այցելել նաեւ Կարթագենի հնագիտական թանգարանը, որտեղ ներկայացված են պեղումների ընթացքում հայտնաբերված զարդերը, սպասքը եւ խճանկարները, որ դարերի հետքն են կրում իրենց վրա։


էլ Ջեմ ամֆիթատրոն

Իտալական Կոլիզեումից հետո հռոմեական ժամանակներից հայտնի երրորդ ամենամեծ ամֆիթատրոնը թունիսյան Էլ Ջեմն է, որ թեեւ Կոլիզեումից փոքր է չափերով, բայց պահպանվել է շատ ավելի լավ եւ 1979 թվականին վերը թվարկված մյուս զբոսաշրջային ուղղությունների հետ միասին ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության ցանկում։

Հատկանշական է, որ Էլ Ջեմ այցելող զբոսաշրջիկների առաջ բաց է ամֆիթատրոնի արենայի յուրաքանչյուր անկյուն՝ սկսած նկուղներից, որ նախկինում ծառայում էին գլադիատորներին՝ որպես վերջիններիս համար նախատեսված սենյակներ, վերջացրած վերգետնյա բոլոր երեք շարքերով, որ հանդիսատեսի համար էին։ Ամֆիթատրոնի մասին ոչ պակաս հետաքրքիր փաստ է, որ այն ծառայել է որպես «Գլադիատոր» ֆիլմի ամֆիթատրոնի նախատիպ։


Դուզ քաղաք՝ «Սահարայի դարպասներ»

Դուզ քաղաքն այլ կերպ հայտնի է Արմավենու օազիս անվամբ, քանի որ այդ տարածքում կա ավելի քան 500,000 արմավենու ծառ: Նախկինում այն կարեւոր կանգառ էր տրանսսահարական երթուղում, իսկ այսօր զբոսաշրջիկներն այցելում են այնտեղ՝ տեսնելու Սահարայի հայտնի անապատը։ Այժմ այս վայրը նաեւ մեկնակետ է ուղտերով, մոտոցիկլներով եւ մեքենաներով անապատային արշավների համար, որոնք հրաշալի հնարավորություն են ընձեռում զբոսաշրջիկներին՝ վայելելու անապատի կախարդական մայրամուտը:


Տոզուր

Տոզուրի Շոտ ալ Ջերիդ աղի լիճը համարվում է Սահարայի ամենամեծ աղի լիճը: Ջրի գույնը տարբեր երանգներ կարող է ստանալ` բաց կանաչից մինչեւ նուրբ վարդագույն, վառ նարնջագույն եւ այլն, իսկ այնտեղից ամենագնացով մոտ մեկուկես ժամ ճանապարհ կտրելուց հետո կարելի է հասնել Օնգ Ջեմել, որտեղ նկարահանվել է հայտնի «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի մասերից մեկը:  


Սիդի Բու Սաիդ

Թունիսի ափամերձ այս քաղաքը եւս առանձնանում է իր յուրահատուկ հմայքով։ Քաղաքի գլխավոր առանձնահատկությունն իր ավանդական կապույտ ու սպիտակ տներն ու ոլորապտույտ նեղլիկ փողոցներն են, որ հին արաբական հեքիաթների շունչն են փոխանցում այնտեղով քայլողներին։ Լավագույնը, որ կարելի է անել Սիդի Բու Սաիդում, պարզապես զբոսնելն ու շատ լուսանկարներ անելն է:


Ամեն ճանապարհորդություն մի յուրօրինակ հետք է թողնում մարդու սրտում, եւ Թունիս իմ այցելությունն այս պարագայում եւս բացառություն չէր։ Երկրի հարուստ կոլորիտային մշակույթը, գեղեցիկ ճարտարապետությունը եւ ցնցող տեսարժան վայրերը մոգական եւ անմոռանալի հիշողություններ ստեղծեցին, որ դեռ երկար ժամանակ կուղեկցեն ինձ։  

Դեպի Թունիս թռիչքներ կազմակերպվում են «Անռիվա» տուր օպերատորի կողմից, որն ապահովում է Երեւան-Մոնաստիր-Երեւան չվերթը առանց մուտքի արտոնագրի վճարի։ Դե, իսկ թռիչքները կմեկնարկեն մայիսի 31-ին։

Արփի Ալավերդյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին