×


Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն

92 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն: Լուրը հայտնել է նրա դուստրը՝ Մանուելա Պապատակիսը:

«Նրա կողքին էի այսօր առավոտյան, երբ մահացավ Փարիզի իր տանը»,- գրել է դուստրը:


Էմեին մեծ ճանաչում ու փառք է բերել 1966 թվականին Կլոդ Լելուշի նկարահանած «Տղամարդը եւ կինը» ֆիլմում մարմնավորած Աննայի կերպարը: Այս դերի համար նա մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս»-ի, նաեւ առաջադրվել է «Օսկար»-ի:

Յուրահատուկ ու տարբերվող է նրա մարմնավորած Մադալենան Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմում: Հետագայում նա ռեժիսորի հետ աշխատել է  նաեւ «Ութ ու կես» ֆիլմում:


Նիկոլ Ֆրանսուազ Ֆլորենս Դրեյֆուսը, որը հետագայում դարձել է Անուկ Էմե, ծնվել է 1932 թվականին՝ Փարիզում: Կարիերան սկսել է 1940-ականներին ու նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում`դառնալով կինոյի խորհրդանիշներից մեկը:

Empire ամսագիրը Անուկ Էմեին ընդգրկել է «Կինեմատոգրաֆի պատմության ամենակրքոտ 100 աստղերի» ցանկում:


«Իմ ազգանունը Դրեյֆուս է, ախր, այն ընդհանրապես կինոյի համար չէ: Երկրպագուներիցս մեկն ինձ «aimee»՝ սիրելի էր անվանում, ես էլ մտածեցի, որ բավական գեղեցիկ է հնչում, իսկ ինչո՞ւ չդառնամ սիրելի: Այդպես էլ մտածեցի ազգանունս:

Չգիտեմ՝ ինչ է կարիերան, միշտ արել եմ այն, ինչ ցանկացել եմ: Ուզում էի նկարահանվել, նկարահանվում էի: Եթե չուզեի, որեւէ մեկն ինձ չէր կարող ստիպել: Լավ սցենարներ էին բերում, բայց երբ իմանում էի, որ վատ ռեժիսորներ են նկարելու, նետում էի աղբամանը: Կամ էլ հակառակը՝ լավ ռեժիսորը վատ սցենար էր առաջարկում, ինձ պետք չէին»,- հարցազրույցներից մեկում պատմել է դերասանուհին, որը վստահ էր՝ մարդու իրական գեղեցկությունը հայտնվում է միմիայն տարիքի հետ:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW