Սամվել Թոփալյանը հրապարակում է արել այն մասին, որ իրեն աշխատանքից ազատել են եւ այդ առիթով է իմացել, թե որ կարգի դերասան է. «Չգիտեի այդ մասին, նամակի մեջ էր գրված, որ առաջին կարգի եմ, հիմա դա լա՞վ է, թե՞ չէ»։
Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ 2006-ից աշխատում է թատրոնում, սակայն կարգերով երբեք չի հետաքրքրվել:
- Առաջին, երկրորդ կարգի դերասան, բեմի վարպետ, մեկ այլ որակում բացարձակ ո՛չ հետաքրքրել է, ո՛չ էլ իմացել եմ դրա մասին: Ծիծաղելի է, որ այս միջոցով պարզվեց, որ ես ինչ-որ կարգ ունեմ։
Աշխատանքից ազատել են «Գոյ»-ի ողջ անձնակազմին, քանի որ բոլորն էլ հրաժարվել են նոր պայմանագիր ստորագրել, որով մտնելու են Սունդուկյանի անվան թատրոնի կազմ:
«Գոյ» թատրոնը ՀՀ կառավարության որոշմամբ լուծարվել եւ միացվել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնին, ընթանում է դատական գործ, որով «Գոյը» փորձում է վիճարկել որոշումը։
- Նստացույցի վերջում հայտարարվեց, որ «Գոյ» թատրոնի անձնակազմն անցնում է բանակցային փուլի: Քայլերը դանդաղ են, բայց առաջ ենք գնում։ Բանակցություններն ընթանում են նախարարության հետ։
Թոփալյանը պարզաբանում է՝ իրենց պահանջն այն է, որ «Գոյ» թատրոնը շարունակի իր գործունեությունը մասնավոր հիմունքներով։
Սարգիս Արզումանյանը
«Դեռ փոփոխություն չունենք»,- ասում է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը. «Հուսանք, որ երկու ամսից շոշափելի նորություն կունենանք. դատական նիստ ունենք սեպտեմբերի 19-ին։ Այս ընթացքում ոչ մի բանով չենք զբաղվում: Թատրոնը փակ է: Չենք ստեղծագործում, չենք աշխատում․ գործազուրկ ենք: Փորձում ենք այնպես անել, որ որքան հնարավոր է շուտ կարողանանք բացել թատրոնը»։
Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: