Եթե դու էլ դպրոցում ասել ես՝ դե լա՜վ, թվաբանությունն ինչի՞ս է պետք գալու, որ այսքան տանջվում եմ, արի, քեզ պատմելու բան ունենք։ Կպատկերացնեի՞ր, որ ընտանիքիդ ջերմությունդ փոխանցելու համար դա քեզ մի օր պետք կգա։
- Ես լավ տնային տնտեսուհի եմ, չտեսնված։ Իմ մասին ամենահետաքրքիր դետալն է: Միշտ բոլորը մեծ զարմանք են ապրում, թե. «Դուք ճա՞շ եք եփում, Դուք գիտե՞ք ճաշ եփել»: Իհարկե, ես աշխարհի ամենահամով տոլման եմ եփում։
Թե ինչպես կռվել երեք ճակատում, որպես մայրիկ, տատիկ եւ դերասանուհի, եւ հաղթել, BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց Վիվյեն Բաստաջյանը։
- Ես մաթեմատիկական հաշվարկ եմ անում օրվա կտրվածքով եւ փորձում եմ ամեն ինչ հասցնել։ Չգիտեմ՝ իմ էներգիան ինչքան կհերիքի, բայց դեռ կա. պահեստում ունեմ։ Աղջիկս դատավորի դիպլոմ ստացավ, ես շատ ուրախ եմ իր համար, հիմա նշանակման է սպասում։
Վիվյեն Բաստաջյանը՝ թոռնուհու հետ
Ինչպե՞ս ստացվեց, որ այս անգամ պտուղը ծառից հեռու ընկավ,- հարցնում եմ։
- Իր ընտրությունն է, եւ ես հարգում եմ իր ընտրությունը, բոլորի ընտրությունը։ Բայց թոռնիկս, կարծես, ծառից հեռու չի ընկել. վեց տարեկան չկա, արդեն երկու ընտրություն ունի, թե ինչ պիտի դառնա՝ գլխավոր բժիշկ, անպայման՝ գլխավոր, եւ «դեռասահուհի» (ծիծաղում է): Պիտի մեզ բուժի՝ անկախ ընտրությունից: Կարծում եմ, որ արվեստը բուժիչ է։ Եթե մենք այս ձեւով վերաբերվենք եւ իր ներսում դնենք ազգային գաղափարախոսությունը, իսկապես այն կստանա այդ բուժիչ հատկությունը։
Կան երկու տեսակի մարդիկ՝ նրանք, ովքեր դատում են, եւ նրանք, ովքեր գործում են։ Դատողները, սովորաբար, ավելի շատ են, որովհետեւ գործելը դժվար է, մի քիչ էլ ցավոտ, երբ հարմար տեղավորված չես բազմոցին։
- Երբ մենք փորձենք գտնել քայլերի պատճառահետեւանքային կապը, կկարողանանք ձեւավորել մեր ազգային մտածելակերպը, որը կլինի իրար համար եւ իրար մասին։ Հակառակ դեպքում մենք պարզապես կկորցնենք եւս մեկ Արցախ, եւս մեկ Արեւմտյան Հայաստան։ Պետք է հայտնվեն մարդիկ, ովքեր դատելու փոխարեն կգործեն, կանեն արժեքավոր գործեր։ Դիմացինի գործը քանդելու վրա ժամանակ ծախսելիս էլ էներգիա չես ունենա քոնը ստեղծելու։ Ես անում եմ ֆիլմ Փարաջանովի մասին եւ ունեմ իմ վարկածն իր կոլաժների վերաբերյալ։ Սա իր 100-ամյակին նվիրված ֆիլմ է, որն ունի կրթական տարր․ վերջ, համարում եմ, որ իմ արած աշխատանքը արժեք ունի։
Վիվյեն Բաստաջյանը՝ «Աստվածաշունչ ըստ Փարաջանովի» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներին
Ընթանում են «Ավետարան ըստ Փարաջանովի» կարճամետրաժ ֆիլմի մոնտաժային աշխատանքները, այն մեծ նախագծի մի մասն է, որի մեկնարկը տրվել է Հայաստանում։ Ֆիլմը պատրաստ կլինի օգոստոսին։
- Մի կնոջ կերպար եմ կերտում, որին հրեշտակ ենք անվանում, նաեւ՝ ոգի, մուսա: Նա գալիս է թանգարան ու փորձում է ամեն ինչ բացահայտել, շտկել, ամեն բան իր տեղը դնել։ Փարաջանովն ամենաշատն ունի կիսատ թողած գործեր, եւ այս ֆիլմում փորձում ենք մի փոքրիկ դետալ բացահայտել։ Սա նաեւ ցանկալի կլիներ Փարաջանովի համար, քանի որ այդ փոքրիկ դետալը ծաղկում ապրեց որեւէ մեկի մտքում։
Վիվյեն Բաստաջյանը պատմում է՝ իր նոր կերպարը երկար ճանապարհ է անցել, մոտավորապես մեկ տարի, որպեսզի սցենարիստի հետ ճիշտ լուծում ստանան, բեմադրող օպերատորի հետ էլ ֆիլմի ճիշտ կառուցմանը գան։
- Բացի ինձնից, կան եւս երկու գլխավոր կերպարներ. ռեժիսորի կերպարը խաղում է Արամը Կարախանյանը, իսկ մյուսը փոքրիկ Սայաթ-Նովայի կերպարն է՝ թանգարանում ապրող ոգու, որ մարմնավորել է Դանիել Գեղամյանը։ Համագործակցությունը հեշտ էր բոլորի հետ էլ, նույնիսկ թանգարանի ուղեկցորդներն իրենք են խաղացել իրենց կերպարները։ Իմ թոռնիկը եւս խաղացել է ֆիլմում։
Հե՞շտ է կերպարից դուրս գալը, բեմից իջնելուն ու նկարահանման հրապարակից դուրս գալուն պես սովորական Վիվյեն դառնալը։
- Երբեւէ նման բարդություն չեմ ունեցել, ամենահեշտն է ստացվում, որովհետեւ այն կերպարները, որոնք պիտի մարմնավորեմ, ես չեմ։ Շատ աշխատում եմ այն մտքի վրա, թե ինչքան մեծ, վառ ներկապնակով պիտի ներկայանամ այն կերպարում, որը քիչ կապ ունի ինձ հետ։ Այս աշխարհում 8 միլիարդ մարդ կա, մի այդքան էլ՝ կերպար, ես իմ երեխեքին այդպես եմ սովորեցնում։
Վիվյենը խոստովանում է՝ այն վարկածը, որ ունի Փարաջանովի կոլաժների հետ կապված, ստեղծագործական, արվեստի հոգեբանություն ուսումնասիրելու արդյունք է։
- Եթե ես դա ժամանակին արած չլինեի, կոլաժները դժվար կարողանայի այսկերպ վերլուծել։ Կարեւորը՝ հավատարիմ մնաս ինքդ քեզ, լավ բան անելու նպատակիդ։
«Աստվածաշունչ ըստ Փարաջանովի» ֆիլմի նկարահանման հրապարակում
Կրթությունը մեկ այլ կարեւոր կետ է իր համար. աշխատում է մի քանի վայրում եւ դասավանդում շատ երեխաների, փորձում գիտելիքներով կիսվել նրանց հետ՝ ինչքան հնարավոր է շատ։
- Անհավանական սերունդ է մեծանում: Իմ տարիքի տղամարդ դերասան գրեթե չեք գտնի. խճճվում ես, նույն մարդիկ անընդհատ պտտվում են, իսկ հիմա առնվազն 20 հոգի գնում են մի դերի համար քասթինգի։ Ֆիլմի համար մինչեւ ընտրեցի 6 հոգու, խելագարվեցի, որովհետեւ մեկը մեկից լավն էին, չէի կարողանում կողմնորոշվել։
Իսկ հիմա հետ գանք բարդ մաթեմատիկական հաշվարկներին ու ընտանիքին տրամադրվող պստլիկ ժամանակի մեջ տեղավորվող մե՜ծ սիրուն։
- Ֆիլմը հանձնենք, եւ ազատություն Ջորջ Ռոբֆոնսոնին (ծիծաղում է): Ամառը որոշել եմ անցկացնել թոռնիկներիս ու աղջկաս հետ, դա իմ պարտադիր ծրագրերից է եւ ամենալավ բանն է, որ կարող եմ անել, իրենք էլ սպասում են. կվերջացնեմ ֆիլմի աշխատանքներն ու կգնամ իրենց մոտ։ Մեծ թոռնիկս՝ իմ գեղեցկուհի Մանեն, այս տարի դպրոց կգնա, եւ ես իրեն պիտի նախապատրաստեմ դրան։ Սպասում է. պիտի մասնիկները գրենք ու վերջացնենք տառերը սովորել։
Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վիվյեն Բաստաջյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: