Մանկության երազանքից մինչեւ աշխարհի չեմպիոն, հույզեր, ցավ եւ խնդիրներ՝ համեմված սիրով եւ կամքով․ սեպտեմբերի 12-ին Մարզահամերգային համալիրում հավաքվել էին սպորտի եւ մշակույթի մարդիկ, իսկ առիթը «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան էր: Այն անվանի ծանրորդ, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի եւ սպորտային կարիերայի մասին է։
Ավդալյանի կերպարը մարմնավորում է Աննա Հարությունյանը (Մաքսիմ): Նա նաեւ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը եւ սցենարի հեղինակն է։ Հիմքում իրական դեպքեր եւ փաստեր են, բայց գեղարվեստական ժանրի կանոններով մատուցված։
Նազիկ Ավդալյանի համար այնքան էլ հեշտ չի եղել իր կյանքի մանրամասները ներկայացնել. «Այս ամենն արվել է ապագա մարզիկների համար: Ուրախ եմ, որ իմ անցած ճանապարհով կարող եմ օգտակար լինել: Ֆիլմը չափից շատ անկեղծ է, անգամ անձնական կյանքիս եմ անդրադարձել. դրվագներ կան, որոնց մասին նույնիսկ իմ մտերիմները չգիտեին։ Երբ նայում ես, թե ինչպես են այլ մարդիկ խաղում ու ներկայացնում քո անցածն ու ապրածը, իհարկե, տարբեր է, բայց կարեւորը գաղափարն է՝ տեղ հասցնել կարեւոր ասելիքը»։
Աննա Մաքսիմը այս ֆիլմում նկարահանվելու համար ստիպված է եղել հավաքել 12 կգ քաշ, անդադար մարզվել, ինչի հետեւանքով ձեռք է բերել առողջական խնդիրներ։ Շեշտում է՝ ֆիլմում որպես հիմք դրվել են շատ կարեւոր հարցեր յուրաքանչյուր մարդու համար:
«Ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է խանգարում դա անել եւ ամենակարեւորը՝ որպես հայ մարդ՝ ինչքանո՞վ է իմ արածը նպաստում Հայաստանի Հանրապետության բարօրությանը։ Նազիկ Ավդալյանն իր ոլորտում եւ իր օրինակով այս հարցերին պատասխանել է, իսկ մենք մեր ֆիլմով կփորձենք այս միտքը եւ գաղափարները տարածել։ Ֆիլմում պատասխաններ կան, բայց հիմնական պատասխանները թողնված են դիտողներին։ Ես իմ ամենանվիրականը՝ առողջությունը, դրել եմ խաղատախտակին մի նպատակով, որ վերոնշյալ գաղափարները տարածվեն, վերջապես լինի արվեստի, մտքի եւ ոգու հեղափոխություն»,-ասել է նա։
Ֆիլմում բարդ մարզումների եւ կամային դրսեւորումների տեսարաններին հաջորդում է հերոսուհու սիրո պատմությունը։ Ամուսնու դերում Սոս Ջանիբեկյանն է, որի համար այս ֆիլմը առանձնանում է. «Իմ սիրելի ժանրերից մեկն է՝ իրական հիմքերով կենսագրական պատմություն: Սցենարն եմ հավանել. հայ կնոջ այս տեսակը ներկայացվում է հասարակությանը, բայց ֆիլմը ոչ թե կարիերիստ կնոջ մասին է, այլ՝ չհանձնվող, ով հետեւում է իր առաքելությանը»։
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին, ով Նազիկի հետ նրա սպորտային կարիերայի դժվարագույն ուղու եւ փառքի ճանապարհով է անցել, մարմնավորել է Արտաշես Ալեքսանյանը։
Մրցաշարերի ժամանակ իր ձայնով բոլորին ոգեւորող Կարեն Գիլոյանը ֆիլմում եւս փոխանցում է նույն տրամադրությունը․«ֆիլմը դիտելով՝ վերապրեցի այդ բոլոր տարիները»։
Հերոսուհու անձնական ապրումներից մինչեւ սիրո, վթարի եւ վերականգնման փուլի տեսարաններն իր երաժշտությամբ ամբողջական է դարձրել կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը։
Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել նաեւ Խորեն Լեւոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Անահիտ Քոչարյանը եւ այլք։ Բեմադրող օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ Հոկտեմբերի 13-ին ֆիլմը կներկայացվի նաեւ լոսանջելեսյան հանդիսատեսին:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: