×


Լուսանկարը՝ «Կայսրության թեւեր» սերիալից

ԿԳՄՍՆ-ն դիմել է դատախազություն Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտնում է, որ մասնագիտական վերլուծություն են իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թեւեր» ֆիլմի վերաբերյալ եւ դիմել են դատախազություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Նախարարությունը խիստ մտահոգիչ եւ անընդունելի է համարում քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը եւ մասնակցությունը:

«Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսեւորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսեւորումները եւ այլն։

Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների եւ դեռահասների սոցիալական ընդօրինակման մեխանիզմներով վարքային դրսեւորումների պայմանավորվածությունը՝ նմանօրինակ ֆիլմի դիտման արդյունքում երեխան կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ եւ անգիտակցաբար սկսել կիրառել նույնատիպ վարքագիծ։

Բացի այդ՝ ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն աչքի են ընկնում խոսքային հաղորդակցման անընդունելի դրսեւորումներով, քրեական ենթամշակույթ կրող անձանց բնորոշ ժեստերի կիրառմամբ, ինչը եւս կարող է ընդօրինակվել երեխայի կողմից:

Հավելենք, որ «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ պարբերության՝ «Արգելվում է երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության եւ դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության եւ գրականության տարածումը»»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW