×


«Քեզ համար». Սաթենիկ Հազարյանի՝ սեփական ցավից ծնված դերն ու Արմեն Մարգարյանի մտահղացումները

«Քեզ համար» ներկայացումը «Թատրոն տանիքում»-ում սկսվեց շատ անսովոր. դերասանների փոխարեն նախ հայտնվեց հեղինակը՝ Հայկ Պետրոսյանը, ողջունեց ներկաներին ու սկսեց հարցեր տալ։ Հետաքրքրվեց՝ ինչը մեզնից խլել հնարավոր չէ։ Հնչեցին տարբեր պատասխաններ ու գերակշռողը սերն էր, թեեւ մասնակիորեն համաձայնեց, բայց ավելացրեց, որ ճիշտ պատասխանը երեւակայությունն է, ինչի շուրջ էլ ծավալվելու է ներկայացումը։ Իմացանք նաեւ, որ իրադարձությունները տեղի են ունենալու շինհրապարակում:
 
«Այս պատմությունը զուրկ է բոլոր տեսակի հանգուցալուծումներից։ Որոշեցի այն գրի առնել, բայց անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքը ստիպեց ինձ զերծ մնալ անուններից եւ գործողությունների հստակ ժամանակացույցից, եւ համարձակությունս էլ չհերիքեց, որ հնարեմ ավարտը։ Պատասխանատվությունն էր մեծ, գուցե, երեւակայությունս չէր հերիքում, բայց այսօր որոշել եմ մեկընդմիշտ ավարտել այս պատմությունը, որը տարիներ շարունակ որդի պես կրծում է ուղեղս»,- ասել է Հայկ Պետրոսյանը:


«Քեզ համար»-ը, նրա խոսքով, տարբերվում է ավանդական ներկայացումների ձեւաչափից, քանի որ ժամանակ առ ժամանակ հնչեցնելու է հարցեր, հանդիսատեսի պատասխանների հիման վրա էլ որոշվելու է ներկայացման ընթացքը։ Իսկ սեփական տեսակետն արտահայտելու համար յուրաքանչյուր նստատեղին սեւ ու սպիտակ գույներով ցուցանակներ էին, որոնք «Այո» եւ «Ոչ» պատասխաններն էին արտահայտում:  

Խաղի կանոնները պարզաբանելուց հետո հեղինակը հեռացավ շինհրապարակից, ավելի ճիշտ՝ գիշերային հերթափոխն իրականացնողների սենյակից՝ այն տրամադրելով ներկայացման հերոսներին, որոնք երկուսն են՝ նոր ու հին աշխատակիցները: Դերերում ներկայացման բեմադրող Արմեն Մարգարյանն ու Վարդան Կուղյանոսյանն են։


Ինչպես եւ հեղինակի հուշումներից արդեն իմացաք, անուններ չունեին, չգիտեինք էլ, թե որ քաղաքում կամ որտեղ է գտնվում այդ շինհրապարակը, պարզապես հին աշխատողը որոշել էր հայտնվել նորեկի հերթափոխին ու նրան հետաքրքիր մանրամասներ պատմել այդտեղ կատարվող դեպքերի մասին։ Զրույցն ընթանում էր նրա բերած օղու շշի շուրջ: Օղին պարտադրում էր խմել նաեւ նորեկին, լկտի կերպով պատմում էր շինհրապարակից կատարվող գողության եւ դրա վաճառքի մասին։

Ամեն ինչ սովորական կթվար, եթե զրույցի առանցքում անծանոթ կինը՝ Էվան, չհայտնվեր։ Նրա ամուսինը եւս աշխատել է այդտեղ ու գիշերային ժամերին ստեղծագործել, մահացել է զավեշտալի ու միաժամանակ էլ ողբերգական հանգամանքներում, ու գիշերները նրան տաք ապուրով եւ սպիտակ սավանով այցի եկող կինը խելագարվել է: Այդ միջադեպից ամիսներ անց Էվան նորից է սկսել հայտնվել շինհրապարակում ու օրվա հերթապահին իր ամուսինը կարծել, ինչից էլ սկսել են օգտվել բոլոր աշխատակիցները:


Հիմա այդ խաղի մասնակիցը պետք է դառնա նորեկը, եւ ահա հեղինակը հետաքրքրվում է, թե արդյոք նա էլ մյուսների պես կշահագործի Էվային, նորից դահլիճից տարբեր կարծիքներ են հնչում, այդ թվում՝ եւ ճիշտ:

Հայտնվում է եթերային ու գեղեցիկ, բայց իր աշխարհում ապրող եւ իրականությունը չընկալող Էվան։ Իսկ թե ինչպես են իրադարձությունները զարգանում հետագայում, կիմանան միայն ներկայացումը դիտողները: Ի դեպ, այն 2 տարբեր վերջաբան ունի:


Արմեն Մարգարյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ «Քեզ համար»-ը տարբեր հեղինակների աշխատանքների համադրության արդյունքում է ստեղծվել։ Իր վրա ազդեցություն ունեցած բոլոր գրողներից ստացած ներշնչանքին գումարել է սեփական աշխարհայացքը:

«Ներկայացման մեջ Շեքսպիրից տեքստ չեք լսի, բայց ակունքում նրանից վերցված փոխհարաբերություններ կան, ու, առհասարակ, նկատելի է իմ բոլոր սիրելի հեղինակների ազդեցությունը՝ Շեքսպիրից մինչեւ Դոստոեւսկի, Մարկեսից մինչեւ Բուլգակով»,- ընդգծել է նա:


Համոզված է՝ յուրաքանչյուրը ներկայացման մեջ հարազատ ասելիք կգտնի, իսկ իրեն անհանգստացնող մտքերն ու ապրումները ներփակել է հեղինակի կողմից տրվող հարցերի մեջ:

«Ամենամեծ մեղքն ու ողբերգությունն ինձ համար անտարբերությունն է մեկս մյուսիս նկատմամբ։ Մենք ապրում ենք Երեւանի պես փոքրիկ քաղաքում, բայց նույնիսկ տարբեր թատրոններ միմյանց նկատմամբ անտարբեր են։ Իրարից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում, բայց միմյանցից տեղեկություն չունեն, իսկ ես ուզում եմ, որ արվեստը դառնա գոնե մտավորականությանը միավորող ուժը»,- ավելացրել է Արմեն Մարգարյանը:


Սաթենիկ Հազարյանի համար Էվան կարեւոր ու նաեւ բարդ կերպար է, հոգեբանական խնդիրներով այդ կնոջը մարմնավորելու համար իր ներաշխարհն էլ տակնուվրա է եղել, նաեւ սեփական ցավի եւ ապրումների արդյունքում է նրան այդպիսին ստեղծել։

«Ես էլ հեշտ անձնական կյանք չեմ ունեցել, իսկ դժվարություններ չապրած դերասանուհին սա խաղալ չէր կարող: Եթե չես ընկել ու վեր կացել, չես դժբախտացել,  ուսերիդ ծանրություն քաշ չես տվել, անքուն գիշերներ չես անցկացրել ու ողբացել, ինքդ էլ չես կարող այդ ամենը արտաբերել եւ փոխանցել հանդիսատեսին։ Չծննդաբերած դերասանուհին, երբ մայր է խաղում, միանգամից երեւում է. պիտի երկունքը եւ ցավը զգաս, որ կարողանաս արտահայտել»,- անկեղծացել է դերասանուհին:


Սաթենիկ Հազարյանի խոսքով՝ ներկայացումը մարդու ներաշխարհի, անցյալը մոռանալու եւ կյանքը շարունակելու մասին է: Կարծում է, որ կինը բազում շերտեր ունի, եւ դրանից մեկն են ցույց տվել. «Դերը դժվարությամբ եմ մարսել, փորձերից միշտ ողբով ու լացով էի դուրս գալիս: Վերապրում եմ ու մտնում Էվայի կերպարի մեջ, բեմում լրիվ նա է՝ իր ապրումներով, կորցրած երեխայով ու սիրելի ամուսնով: Առհասարակ, ներկայացումը տարբերվող է, ասելիքը՝ շատ: Ուրախ եմ Արմենի հետ աշխատելու համար. նա հարցերով էր ինձ բացում ու հնարավորություն տալիս արտահայտվել»:

«Քեզ համար»-ն Արմեն Մարգարյանի հետ Հազարյանի առաջին ներկայացումը չէ, բայց այս անգամ նրանց կարգավիճակներն են փոխվել՝ խաղընկերը նաեւ ռեժիսոր է:

«Միշտ ասում է՝ «Սաթ, քո մեջ այնքան բնատուր մաքրություն կա, որն Էվան ունի»։ Նրա կարծիքով՝ իր ուզած լույսն ինձնից ճառագում է: Արմենը խոստովանել է, որ իր շրջապատում գրեթե չկա նման դերասանուհի, ով կկարողանար փոխանցել Էվայի ներդաշնակությունը, նրբությունն ու կանացիությունը: Այդ աղջիկն իրեն վիճակված դժբախտություններից պարզապես խենթացել է եւ ուզում է գնալ ամուսնու եւ երեխայի հետեւից: Մտածում էինք ավարտին լույս թռչեր, ու Էվան երկնքում միանար իր սիրելիներին, սակայն հետո այլ լուծումներ գտանք»,- պատմել է Սաթենիկ Հազարյանը:


Ներկայացումը երկու վերջաբան ունի՝ իրարից շատ տարբերվող թե՛ լուծումներով ու թե՛ փոխանցած ապրումներով: Մի դեպքում ամեն ինչ ցավալի ավարտ է ունենում, իսկ ահա երկրորդը որոշել են հուսադրող անել:

«Հիմա նյութականից են կառչում. մաքուր ու նվիրական սեր քիչ կա: Իսկ մեր ներկայացումը հենց այդ սիրո, նաեւ հավատարմության մասին է՝ կինն ամեն անգամ ամուսնու համար տաք ապուր է պատրաստում ու բերում, հոգ տանում նրա մասին: Ցանկացանք, որ մի վերջաբանը լուսավոր լինի, քանի որ բոլորիս մեջ էլ հեքիաթ կա: Ես էլ իմ տեսակով հեքիաթ ստեղծող ու դրանում ապրող մարդ եմ, նույնիսկ հարազատներս են ասում, որ իմ ստեղծած աշխարհում եմ ապրում։ Եվ թող մեր ներկայացման մեջ երկուսն էլ փրկվեն: Տղան տեսավ կնոջ մաքրությունն, ու նրանք միասին կկարողանան նոր կյանք ստեղծել»,- նշել է Սաթենիկ Հազարյանը:

Դերասանուհին համարում է, որ կյանքը ապրելու ու սիրելու, գնահատելու եւ շնորհակալ լինելու մասին է։ Նրա համար ամեն բացվող օրն է կարեւոր, եւ պետք է կարողանալ այն լիարժեք ապրել ու գնահատել:  

«Շնորհակալ եմ իմ ամուսնուն ու որդուն, որոնք ներկա էին պրեմիերային, մինչ այդ էլ աջակցել են ներկայացումը ստանալու բարդ ընթացքի ժամանակ: Նրանք ինձ թեւ ու թիկունք են եղել, որ կարողանամ գիշերային փորձերից հետո առավոտյան եթերի գնալ: Անասելի շատ եմ սիրում մասնագիտությունս: Երբ բեմում սեր եմ տալիս, նաեւ հետ եմ ստանում: «Բարի լույս»-ի հեռուստադիտողների հետ էլ այնքա՜ն անկեղծ եմ: Այդքան էլ հեշտ չէ 7-րդ տարին ամեն օր ողջունել մարդկանց, բայց այնքան սիրով եմ անում»,- ոգեւորված ավելացրել է Սաթենիկ Հազարյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW