×


«1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։

«Սա մեծ պատիվ եւ մեծ պատասխանատվություն: Առավել եւս մեծ պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահը Սերգեյ Լոզնիցան էր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդանյանը։
Իսկ Հռոմում կայացած ցուցադրությունից առաջ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին, որ եկել են իր ֆիլմը դիտելու:

«Նաեւ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք կողքիս են եղել կյանքիս ամենածանր տարիներին եւ օգնել ստեղծել այս ֆիլմը: Ուզում եմ հիշեցնել, որ զինվորները դեռ գերի են Ադրբեջանում: Ուզում եմ, որ աշխարհը նրանց վրա ուշադրություն դարձնի եւ ազատի, որովհետեւ ազատությունը նրանց ի ծնե տրված իրավունքն է: Ուզում եմ հիշել նաեւ այն, ինչին աշխարհն ուշադրություն չդարձրեց՝ 9 ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ էր, մարդիկ մահանում էին սննդի ու դեղորայքի պակասից, երկիրը հարձակման էր ենթարկվում Ադրբեջանի կողմից, եւ 120 հազար խաղաղ բնակիչներ 2023 թվականին իրենց հայրենիքում էթնիկ զտման ենթարկվեցին»,- ռեժիսորի խոսքերը մեջբերում է Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը:


«1489»-ի հաղթարշավը սկսվել է դեռ 2023 թվականին, երբ այն արժանացել է վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր միջազգային փառատոնի՝ Ամստերդամի IDFA-ի «Լավագույն ֆիլմ» եւ «FIPRESCI» մրցանակներին։

«1489» ֆիլմը Շողակաթ Վարդանյանի եղբոր՝ 44-օրյա պատերազմում զոհված Սողոմոնի մասին է. 2020 թվականի հոկտեմբերին նա անհետ կորել է: Ռեժիսորը հեռախոսով նկարել է եղբոր որոնման ընթացքն ու ներկայացրել նաեւ այն ամենն, ինչի միջով անցում են ինքն ու ընտանիքը: Սողոմոնի ոսկորները հայտնաբերվել են 6 ամսվա որոնումներից հետո՝ 1489-ը նրան տրված համարն է, իսկ ԴՆԹ-ի արդյունքները հայտնի են դարձել միայն մեկուկես տարի անց:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարը՝ Ռիկարդո դե Լուկայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW