×


Խորեն Լեւոնյանի երազանքի դերը, Վազգեն Սարգսյանի անծանոթ կողմերն ու Մարջան Ավետիսյանի կարեւոր մատանին

Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կյանքի մասին «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա մարտի 5-ին: Հեղինակների ներկայացմամբ՝ սյուժեի առանցքում մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական եւ պետական գործիչը։ Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։

Սպարապետի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանն է։ Նրա խոսքով՝ իր երազանքի դերն է եւ շատ է աշխատել կերպարը կերտելու համար, հեշտ չի եղել. «Երկար եմ պատրաստվել եւ աշխատել, կարող եմ ասել՝ ընդհանրություններ եմ անգամ գտել՝ մի քիչ գլուխս գովեմ։ Մեր բարեկամությունը վաղուց է սկսվել. պապիկիս հետ ընտանիքներով շփում է եղել: Ինձ համար՝ որպես դերասանի, սա կյանքի դեր է եւ ներդրել եմ ողջ ուժս եւ եռանդս։ Փորձել եմ չկրկնօրինակել՝ չվերածել պարոդիայի, այլ իմ տեսանկյունից ներկայացնել։ Խորհրդակցեցինք, ու բոլորը համաձայնեցին, որ մեկին մեկ նույնը անելու կարիք չկա»։


Ֆիլմի անվանումը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից: Ինչո՞ւ են Սարգսյանին համարում վերջին սպարապետը, ֆիլմի գլխավոր պրոդյուսեր եւ մտահղացման հեղինակ Նոնո Սարգսյանը նշեց․ «Որեւէ ենթատեքստ չկա: Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջին սպարապետն էր, մահացավ մյուս դար մտնելուց ամիսներ առաջ, նա չտեսավ 21-րդ դարը, որի մասին երազում էր։ Անվանումը որեւէ ենթատեքստ չէր կարող ունենալ, քանի որ ֆիլմն այնպիսի մարդու մասին է, որի մեջ այդքան լույս կար։ Ինչպես հորեղբայրս էր ասում՝ խավարից բողոքելու փոխարեն յուրաքանչյուրն իր մեկ մոմը թող վառի։ Ինձ համար այս ֆիլմն իմ առաջին մոմն է։ Հույս ունեմ՝ շարունակական կլինի։ Սպարապետին ներկայացրել եմ իմ, ընտանիքի ու հազարատների աչքերով՝ այնպես, ինչպես նրան շատ քչերն են տեսել ու ճանաչել»։


Մարջան Ավետիսյանը, որը Գրետա մայրիկի դերակատարն է, խոստովանեց՝ ֆիլմին վերաբերող բոլոր կարեւոր օրերին իր մատից չի հանում մատանին, որը նմանություն ունի Սարգսյանի մոր մատանուն եւ իրեն ուժ է փոխանցում. «Չափազանց մեծ է պատասխանատվությունը, քանի որ տիկին Գրետան շատ կարեւոր կերպար է եղել ոչ միայն իր ընտանիքի եւ Վազգենի համար, այլ նաեւ ողջ ազգի համար. նա բոլորի Գրետա մայրիկն էր։ Եթե Խորենին փրկում է արտաքին նմանությունը, նույնիսկ ժպիտը, ապա իմ դեպքում չափազանց դժվար էր։ Ես ու Խորենը գրեթե նույն տարիքի ենք, բայց ես նրա մոր կերպարում եմ։ Դիմահարդարմամբ ու փոքրիկ դետալներով ենք փորձել ստանալ կերպարս։ Հուսամ՝ այն ապրումները, որոնք ունեցել եմ խաղալիս, կարողացել եմ փոխանցել, նաեւ՝ այն մեծ սերը, որը նա ունեցել իր ընտանիքի, Վազգենի եւ հայրենիքի հանդեպ»։

Սցենարի հեղինակներ են Լեւոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը (Արամիս Տատու), որը նաեւ բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակն Արմեն Մարտիրոսյանն է, բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ Լեւոն Գալստյանի խոսքով՝ ֆիլմում Վազգենին կտեսնեն նաեւ երգելիս, կբացահայտեն նորովի, քանի որ կան դրվագներ նրա կյանքից, որոնց մասին երբեւէ չի խոսվել որեւէ հարթակում։


Ֆիլմում կան դրվագներ նաեւ Սպարապետի անձնական կյանքից։ Պատասխանելով հարցին՝ արդյոք Լիլիթ Կարապետյանն է ներկայացված ֆիլմում որպես սիրելի, Լեւոն Գալստյանը շեշտեց․ «Այո, այդ ամենը հետաքրքիր է, բայց մի սահման կա, որից գեղարվեստական պատումը կդառնա փաստավավերագրում։ Մենք չգիտենք՝ եթե նա ողջ լիներ, ինչպես կվերաբերվեր այդ խիստ անձնական թեմաներին։ Մենք փորձել ենք գեղարվեստական ֆիլմի լեզվով ցույց տալ նրա կնամեծար տեսակը»։

Ավելի վաղ Նոնո Սարգսյանը նշել էր, որ կոնկրետ Լիլիթ Կարապետյանի մասին դրվագ ֆիլմում չկա, բայց կան սիրելի կնոջ հետ հարաբերությունները։


Սպարապետի հոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է, պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը եւ սիրված այլ դերասաններ։

Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը: Ստեղծագործական թիմի խոսքով՝ պետական ֆինանսական աջակցություն չի եղել։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW