Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում տարածվել էր անուշաբույր նարինջների հոտը՝ միախառնված սիրով։ Մի քիչ զարմանալի պատկեր է, բայց այդպես է, քանի որ բեմում ռեժիսոր Կարո Բալյանի բեմադրած «Սեր եւ նարինջներ» ներկայացումն է:
Նավաբեկությունից հետո հերոսն արթնանում է ապակողմնորոշված ու միայնակ՝ ամբողջովին կորցրած հիշողությունը։ Նա ոչինչ չի հիշում՝ ո՛չ իր անունը, ո՛չ անցյալը, ո՛չ սիրելիներին, ո՛չ էլ թշնամիներին։ Սակայն ամենուր անցողիկ ստվերի պես հայտնվում է մի անծանոթ կին, որի հայացքը ճանաչելի է։ Ինչո՞ւ է անծանոթ կինն ամենուրեք, ուզածն ի՞նչ է: Իրավիճակից կօգնի դուրս գալ միայն հիշողությունը։
Գլխավոր հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանն ու Մարջան Ավետիսյանը:
Մինչ ներկայացումը Մարջան Ավետիսյանի հետ զրուցել չստացվեց. հուզված էր ու անհանգիստ՝ արդյոք կկարողանա ասելիքը տեղ հասցնել։ Պատճառը հստակ էր՝ վերջին անգամ բեմ էր բարձրացել 2019 թվականին՝ Գյումրու դրամատիկական թատրոնում:
«Բեմը շատ կարոտել էի, բայց միեւնույն ժամանակ սարսափելի վախեցած էի, մտածում էի՝ այս ներկայացումը կա՛մ ինձ կտապալի, կա՛մ նոր շունչ կտա, հարություն կառնեմ ու կշարունակեմ բեմում լինել»,- արդեն ներկայացման ավարտին ասաց դերասանուհին։
Կերպարը չհանձվող կին է, որը պայքարում է իր սիրո համար ու ընտանիքն ամուր պահելու. «Գուցե իմ տեսակին այդքան էլ մոտ չէ, քանի որ շատ առումներով հանձնվում եմ։ Ամեն անգամ, երբ կուլիսներում կանգնած եմ ու շուտով պիտի դուրս գամ բեմ, ուզում եմ արագ փախչել այդտեղից: Այդ զգացողությունը ոչ մի կերպ չի հաղթահարվում: Ես հեշտ ու հանգիստ չեմ անցնում այս ամենի միջով. շատ դժվար էր»։
Մկրտիչ Արզումանյանի հետ Մարջան Ավետիսյանը նկարահանվել է հեռուստանախագծերում, բայց թատրոնի բեմն առաջին անգամ էր նրանց միավորել։ «Մենք մի ներկայացման համար սկսեցինք աշխատել, ու այն կիսատ մնաց: Ուզում էինք ունենալ ավելի նորարարական մի բան։ Եվ հույս ունեմ, որ այս ներկայացումն այդ ազդակները հաղորդում է»,- ասաց դերասանուհին:
Մկրտիչ Արզումանյանը խոստովանեց՝ չի կորցնում զգոնությունն ու ձգտում է հասնել առավելագույն արդյունքի. «Անհանգստություն կա, բայց թուլանալ ու շարքից դուրս գալ չի կարելի, որովհետեւ եթե ունես կոնկրետ խնդիր, ուրեմն՝ չպետք է շեղվես դրանից»:
Դերասանը պատմեց, որ Մարջան Ավետիսյանի հետ փորձել են աշխատել «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման ժամանակ, բայց չի ստացվել. «Տարիներ անց այս նոր ներկայացման շրջանակում հանդիպեցինք։ Այստեղ այլ զգացողություններ են, ամեն ինչ օրգանիկ է ու հիմքում թատրոնն է: Այստեղ ամեն կերպարի շուրջ ամիսներ շարունակ մտածում ես, բացահայտում, նայում կերպարիդ շերտերը, որ քո մեջ կառուցես այն, իսկ հեռուստատեսությունում այդպես չէ՝ արագության մեջ է ամեն ինչ»։
Խոսելով ներկայացման մասին՝ Արզումանյանը նշեց, որ այն իր համար միայն զվարճալի չէ. «Տրագիկ պատմություն է։ Նարինջներն էլ սիրո խորհրդանիշ են ու սերտ կապ ունեն սիրո հետ»:
Ռեժիսոր Կարո Բալյանը մեզ հետ զրույցում ասաց՝ չի սիրում խոսել իր բեմադրության մասին, եւ իր գործառույթն այն հանդիսատեսի դատին հանձնելն է. «Երբ հրավիրեցին բեմադրել «Սեր եւ նարինջներ» ներկայացումը, արտերկրում եւս ներկայացում բեմադրելու հրավեր ունեի, բայց վերջինը հետաձգեցի ու ընդունեցի այս առաջարկը: Ե՛վ Մկրտիչը, ե՛ւ Մարջանը պրոֆեսիոնալ դերասաններ են, նրանց հետ աշխատելը հաճույք է: Փորձերի ընթացքը կարճ ու հարթ էր»:
Սցենարիստ Նարեկ Ավագյանը խոստովանեց՝ վերնագիրն ընտրել են ռեժիսորի օգնությամբ. «Լիրիկական դրամա է, որի հերոսուհին պայքարում է հանուն իր ընտանիքի ու սիրո։ Ներկայացումն այնպես է կառուցված, որ ամբողջ ընթացքում թվում է՝ չպետք է սիրենք այդ կնոջը, բայց վերջում հասկանում ենք՝ ամեն ինչ այնպես չէ, ինչպես մենք ենք տեսնում»։
Ներկայացման պրոդյուսերը Հռիփսիմե Բասենցյանն է, բեմանկարիչը՝ Գարիկ Եվագուլյանը, զգեստների նկարիչը՝ Մարիամ Մուրադյանը։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: