Բացառիկ Olive Neo գույն, պատմական ոճով դեկորատիվ գրաֆիկան եւ լեգենդար Pasha նախշը ինտերիերում. Porsche-ն ներկայացրել է 911 Spirit 70 բաց վերնամասով կաբրիոլետը, որի արտադրությունը սահմանափակված է 1500 օրինակով, եւ որը մարմնավորում է 1970-ականների ու 1980-ականների սկզբի ոգին:
Heritage Design ռազմավարության շրջանակում ստեղծված այս կոլեկցիոն նմուշը 911-ի երրորդ մոդելն է, որում Porsche-ն վերակենդանացրել է դարաշրջանը՝ ավելի վաղ արտադրված ավտոմեքենաների պատկերագրական դիզայնի տարրերի օգնությամբ:
911 Spirit 70-ի տեխնիկական հիմքը ժամանակակից 911 Carrera GTS Cabriolet-ն է՝ բարձր արդյունավետություն ունեցող հիբրիդային շարժիչով: Համակցված բարձրավոլտ համակարգի, eTurbo-ի եւ նոր PDK-ի էլեկտրական շարժիչի հետ՝ նոր 3,6 լիտր աշխատանքային ծավալով օպոզիտ շարժիչն արտադրում է 398 կՎտ (541 ձիաուժ) ընդհանուր հզորություն եւ 610 Նմ:
«Heritage Design մոդելները դիզայնի առումով հատուկ տեղ են գրավում մեր արտադրանքի ռազմավարության մեջ»,- ասում է Style Porsche-ի փոխնախագահ Միխայել Մաուերը. «Սահմանափակ շարքով թողարկված սպորտային ավտոմեքենաները հստակ ցույց են տալիս, թե ինչն է այդչափ առանձնահատուկ դարձնում Porsche ապրանքանիշը: Մեր ավտոմեքենաների յուրաքանչյուր դիզայն կապված է մեր պատմության հետ. այս մեքենաներն ավելի հեռուն են գնում: Նրանք ցույց են տալիս, թե մենք ինչպես ենք վերաիմաստավորում պատմական դիզայնի տարրերը ժամանակակից սպորտային ավտոմեքենայի մեջ»:
«Սահմանափակ քանակությամբ թողարկված կոլեկցիոն նմուշներն առանձնակի պահանջ ունեն մեր հաճախորդների շրջանում ամբողջ աշխարհում»,- ասում է անհատականացման եւ դասական դիզայնի գծով փոխնախագահ Ալեքսանդր Ֆաբիգը. «Heritage Design ռազմավարության շրջանակում առաջին երկու մոդելները վերադարձրել են անցյալ տասնամյակների ապրելակերպը եւ մեծ ոգեւորություն են առաջացրել: Մենք հիացած ենք այդ հաջողությամբ եւ այժմ հպարտությամբ ներկայացնում ենք երրորդ, լիովին բացառիկ մոդելը»:
Heritage Design մոդելներն ընդգծում են «կյանքի ոճի» ասպեկտը, որն իրենից ներկայացնում է առանձնակի զգացմունքային գաղափարներ Porsche-ի արտադրանքի ռազմավարության շրջանակում: Շարքի առաջին մոդելը 2020 թվականին ներկայացված 911 Targa 4S Heritage Design Edition-ն էր՝ 1950-ականների եւ 1960-ականների սկզբի ոճով: 2022 թվականին Porsche-ն ներկայացրեց 911 Sport Classic-ը՝ երկրորդ կոլեկցիոն ավտոմեքենան Heritage Design Strategy-ի ռազմավարության շրջանակում: 1250 օրինակով թողարկված այս ոչ մեծ շարքը վերակենդանացրեց 1960-ականների եւ 1970-ականների սկզբի ոճը:
Նոր 911 Spirit 70-ը հարգանքի տուրք է Porsche-ի կատարելագործված կորպորատիվ ռազմավարությանը: Սպորտային մեքենաներ արտադրողը ցանկանում է ավելի ընդլայնել անհատականացման հնարավորությունները. Porsche-ն արդեն առաջարկում է Porsche Manufaktur-ի ավելի քան 1000 բացառիկ օպցիա: Վերջին հինգ տարվա ընթացքում միայն Porsche Exclusive Manufaktur օպցիաներով ավտոմեքենայի վաճառքի միջին ծավալը կրկնապատկվել է: Ապագայում ավելի շատ հաճախորդների անհատական ցանկությունները բավարարելու համար նախատեսվում է զգալիորեն ընդլայնել Exclusive Manufaktur-ի հնարավորությունները:
Turbo մոդելի բացառիկ էմբլեմայում գերիշխող գույն է նաեւ Turbonite-ը: Շուտով առաջատար եւ բարձրարտադրողական բնութագրեր ունեցող բոլոր մոդելները առջեւի մասում, ինչպես նաեւ դյուրաձույլ անվասկավառակներին եւ ղեկի վրա կզարդարվեն էմբլեմայով:
Porsche Design ընկերությունը ստեղծել է բարձրորակ քրոնոգրաֆ՝ բացառապես վերջին կոլեկցիոն մոդելների գնորդների համար։ Բազմաթիվ մանրամասների շնորհիվ այն վիզուալ հիշեցնում է 911 Spirit 70-ը: Օրինակ՝ թվատախտակի վրա Pasha փայլուն սեւ նախշը ստեղծվել է՝ ներշնչված նրա մեքենայացված գլանակերպ մոդելի նստատեղի կենտրոնական վահանակից:
Porsche Lifestyle Collection հավաքածուն, որ համապատասխանում է 911 Spirit 70-ին, թույլ կտա կրկին հայտնվել 1970-ական թվականների ոճի ու աուտենտիկության մթնոլորտում: Բացառիկ կոլեկցիոն իրերի տեսականին ներառում է ամենօրյա հագուստ, սպորտային հագուստ, ապրելակերպի պարագաներ եւ ավտոմեքենաների մոդելներ:
Առանձնահատուկ գունային հայեցակարգ եւ նշաններ՝ պատմական ոճով. արտաքին տեսք
Porsche-ի դիզայներներն ու ներկման մասնագետները հատուկ 911 Spirit 70-ի համար մշակել են Olive Neo գույնը՝ հարուստ, մուգ կանաչ՝ ժամանակակից երանգով: Այս գույնի հետ բրոնզիտը գրավիչ հակադրություն է ստեղծում: Հետեւամասի ստորին հատվածը, առաջնամասը եւ Fuchs դիզայնով Sport Classic անվասկավառակները ներկված են մոխրաոսկեգույն: Փափուկ վերնամասը եւ դիմապակու շրջանակը սեւ գույնի են եւ ընդգծում են 911 Spirit 70-ի յուրահատուկ արտաքին տեսքը:
Ավտոմեքենայի շարժիչի կափարիչի երկայնքով անցնում են երեք դեկորատիվ շերտեր՝ մետաքսյափայլ սեւ գույնով: Այդ դետալը հիշեցնում է 1970-ական թվականների պաշտպանիչ կպչուն պիտակները. այն ժամանակներում սպորտային վարորդները երկայնական շերտեր էին անցկացնում իրենց արագընթաց մեքենաների թափքերի վրա, որպեսզի բարձր արագությամբ ընթանալիս դրանք ետեւի հայելու մեջ տեսնելն ավելի հեշտ լիներ մայրուղու կամ մրցուղու վրա: Շերտերը նույն տոներով շարունակվում են փափուկ վերնամասի վրա: Porsche գրությամբ եւ մեկնարկային համարի կլոր նշանով կողային դեկորատիվ գրաֆիկան, որ իրականացված է մետաքսափայլ սեւ գույնով, ինչպես նաեւ անհատական մեկնարկային համարը, ընդգծում են ապրանքանիշի սպորտային ավանդույթները:
Ավանդույթների եւ նորարարության միջեւ հակադրության օրինակ կարելի է գտնել շարժիչի կափարիչի կենտրոնում. 911 Spirit 70-ի վրա պատկերված է Porsche-ի գերբը, որը գործնականում նույնական է 1963 թվականի մոդելային տարվա պատմական գերբի հետ: Առջեւի թեւերի վրա ոսկեգույն Porsche Exclusive Manufaktur նշաններ կան: Porsche Heritage նշանը տեղադրված է բեռնախցիկի կափարիչի ցանցի վրա: Դրա դիզայնը հիշեցնում է Porsche 356-ի վրայի նշանը, որը շնորհվել էր 1950-ականներին՝ 100,000 կիլոմետր հեռավորության սահմանագծին հասնելու համար: Այլ անսովոր մանրամասների թվում են ոսկեգույն Porsche գրությունը եւ մոդելի մատնանշումը հետնամասում: Գրություններն իրենց արտասովոր փայլը ձեռք են բերում ցինկապատ ոսկեզօծ մակերեսի շնորհիվ։
Pasha նախշ եւ սարքերի հատուկ վահանակ. սրահ
Սրահի ինտերիերի գրավչությունը սեւ/olive neo գույներով պատկերված Pasha գործվածքի նախշն է: Գործվածքի գրաֆիկական դիզայնը հիշեցնում է շարժվող վանդակավոր դրոշ։ Տարբեր չափերի՝ հմտորեն տեղադրված ուղղանկյունները, նախշում ստեղծում են շարժման զգացողություն: Անցյալում եղած ժակարդ թավշի փոխարեն 911 Spirit 70 մոդելում համակցվում են տեքստիլը եւ ֆլոկային մանվածքը: Սա գործվածքին տալիս է առավել սպորտային բնույթ, բարելավում է արտաքին տեսքը եւ բարձրացնում հարմարավետությունը, հատկապես՝ երկար ճանապարհորդությունների ժամանակ:
18 դիրքով կարգավորվող Plus սպորտային նստատեղերի կենտրոնական հատվածները, հայելիները եւ անգամ ձեռնոցների խցիկի ներսի մասը պատված են Pasha նախշով: Որպես այլընտրանք հասանելի են նաեւ նստատեղերի թիկնակի եւ սարքերի վահանակի վրայի դեկորատիվ ներդիրները։ Ստանդարտ լրակազմի մեջ ներառված է նաեւ բեռնախցիկի երկկողմանի գորգը՝ Pasha նախշով: Նրբագեղ սեւ club կաշվից հարդարանքը՝ սեւ (basalt black) գույնով եւ olive neo դեկորատիվ թակալակարով, եւ basalt black գույնի club կաշվից ներքին հարդարանքը նույնպես մտնում են ստանդարտ կոմպլեկտավորման մեջ:
Սարքերի վահանակը համատեղում է պատմական դիզայնը ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Բարձր կետայնությամբ էկրանը (12,65 դյույմ) հագեցված է սպիտակ սլաքներով եւ սանդղակներով՝ անալոգային ձեւաչափում: Կանաչ թվանշանները հիշեցնում են լեգենդար Porsche 356-ը, իսկ մոդելի անվանումը նրբագեղ կերպով ներգծված է պտույտների ամբողջապես թվային հաշվիչում: Սպիտակ սլաքները եւ կանաչ թվանշանները նույնպես բնորոշ են Sport Chrono վայրկյանաչափի հատուկ տարբերակին:
Տեղափոխվեք ժամանակի մեջ՝ դեպի 70-ականներ
Այս ամենից բացի, Porsche-ն առաջարկում է նոր հավելված Apple Vision Pro-ի համար։ Այն օգտատերերին թույլ է տալիս հայտնվել 70-ական թվականներում եւ ստեղծել իրենց երազանքների մեքենան։ Քայլ առ քայլ նրանք կարող են հարմարեցնել Porsche 911 Spirit 70-ը եւ արժեքավոր տեղեկություններ ստանալ այդ տասնամյակի խորհրդանշական մոդելների մասին: Անվճար հավելվածը Apple Vision Pro-ի համար հասանելի կլինի App Store-ում:
Ուժային համակարգ եւ հենասարք
Տեխնիկապես 911 Spirit 70-ը ստեղծված է 911 Carrera GTS Cabriolet-ի հիման վրա: Նրա 3,6 լիտր աշխատանքային ծավալով, առանձնակի թեթեւ T-Hybrid եւ էլեկտրական տուրբոներմղման համակարգերով վեց մխոցանի օպոզիտ շարժիչը արտադրում է 398 կՎտ (541 ձիաուժ) հզորություն: Առավելագույն ոլորող մոմենտը 610 Նմ է։
Հզորությունը փոխանցվում է ութաստիճան փոխանցման տուփի (PDK) միջոցով, որն ունի կրկնակի կցորդում եւ ինտեգրված էլեկտրաշարժիչ: Ստանդարտ սպորտային արտանետման համակարգն ապահովում է այնպիսի ձայն, որը չի մոռացվում:
Ոչ պակաս տպավորիչ է արգելակման արդյունավետությունը. ինչպես 911 Carrera GTS-ը, այնպես էլ 911 Spirit 70-ը հագեցած է 911 Turbo-ի բարձրարդյունավետ արգելակներով: Որպես տարբերակ առաջարկվում են Porsche-ի կերամիկական կոմպոզիտային արգելակներ (PCCB):
Porsche Active Suspension Management (PASM) բարձր տեխնոլոգիական՝ հետեւի անիվների ղեկակառավարումով համակարգը հասանելի է առանց հավելյալ վճարի: Ցնցամեղմիչներն ակնթարթորեն արձագանքում են դինամիկ փոփոխություններին, ինչի շնորհիվ համակարգը համապատասխանում է արտադրողականության բարձր պահանջներին: PASM-ը համակցված է 10 մմ-ով իջեցված սպորտային կախոցով:
Հետեւի կախոցում օժանդակ զսպանակներ օգտագործելու գաղափարը վերցված է Turbo մոդելներից. օժանդակ զսպանակը մշտապես սեղմված վիճակում է պահում հիմնական զսպանակը կախոցի ամբողջ ընթացքի ժամանակ:
911 GTS-ի ստանդարտ լրակազմը ներառում է օժանդակ համակարգերի լայն շրջանակ, որոնք ավտոմեքենայի վարումն ու կայանումը դարձնում են ավելի անվտանգ եւ հարմարավետ, հատկապես՝ ամենօրյա երթեւեկության ժամանակ: Տեսախցիկի օգնությամբ արգելակելիս նախազգուշացման եւ աջակցման համակարգը զգալիորեն նվազեցնում է տրանսպորտային միջոցների, հետիոտների եւ հեծանվորդների հետ բախումների վտանգը:
Բացի այդ, այս մոդելը համալրված է վեցերորդ սերնդի Porsche-ի կոմունիկացիոն կառավարման (PCM) համակարգով։ Առավել կարեւոր գործառույթներից մեկը Apple Music եւ Apple Podcasts հոսքային ծառայությունների, ինչպես նաեւ Android Auto-ի ամբողջական ինտեգրումն է։ Voice Pilot ձայնային օգնականը կարող է հասկանալ հրահանգները առօրյայում օգտագործվող խոսքից: Նախապես սահմանված հրամանների փոխարեն ավտոմեքենան պարզապես պահանջում է, որ օգտվողն ասի «Ողջույն, Porsche» եւ տա հրահանգներ՝ օգտագործելով բնական խոսքը: PCM 6.0 ապարատածրագրային ապահովման նոր ճարտարապետությունը նավիգացիոն համակարգին հնարավորություն է տալիս ավելի արագ կատարել հաշվարկները՝ հաշվի առնելով տեղեկատվությունը ճանապարհային երթեւեկության մասին, իրական ժամանակի ռեժիմով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: