×


Մթին դահլիճում՝ լուսավոր համերգով․ Սերգեյ Խաչատրյանը բացեց Երեւանյան 17-րդ միջազգային փառատոնը

Երեւանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց անձրեւոտ օրվա երեկոյին՝ վիրտւոոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգով: Ու թեեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահը տեւական ժամանակ հոսանքազրկված էր, դա չխանգարեց, որ համերգն անցնի լեփ-լեցուն դահլիճում. հանդիսատեսն եկել էր վայելելու անվանի երաժշտի՝ հոգուն դիպչող կատարումները: 

Սա նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական համերգաշրջանի մեկնարկն էր։ Մոտ երկու տասնամյակ է՝ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է Հայաստանի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը, որի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա): 


Բացման համերգին նվագախումբը եւ Սերգեյ Խաչատրյանը ելույթ ունեցան ֆինլանդացի անվանի դիրիժոր Պիետարի Ինկինենի ղեկավարությամբ: Ծրագրում հնչեցին Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, որը ֆինլանդացի ժողովրդի ինքնության խորհրդանիշն է, «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը եւ Գուստավ Մալերի թիվ 1՝ «Տիտան» սիմֆոնիան:


«Իմ այստեղ լինելու գլխավոր առիթը Սերգեյն է։ Տարիներ առաջ նրա հետ նույն մրցույթին ենք մասնակցել եւ միշտ խոսել ենք Հայաստան այցելելու մասին։ Հրաշալի տպավորություններ ունեմ: Չափազանց զգայուն եւ բարի մարդիկ են այստեղ։ Նվագախմբի երաժիշտներն էլ խիստ մոտիվացված եւ պատասխանատու են»,- համերգից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է Պիետարի Ինկինենը։


Սերգեյ Խաչատրյանն էլ խոստովանել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր մշակութային տունն է համարում, որի հետ հանդես գալու բազմաթիվ առիթներ է ունեցել․ «Էդուարդի հետ աշխատելն ինձ համար մեծ հաճույք է, եւ ես հուսով եմ՝ մի 100 տարի էլ այդպես պետք է աշխատենք»։


Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների եւ միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար Անահիտ Բարխուդարյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ 100-ամյա հոբելյանին նվիրված համերգներն այս տարի ավելի վաղ են մեկնարկել՝ մինչ փառատոնի բացումը, երբ նվագախումբը մարզային շրջագայություններով հանդես է եկել Լոռիում, Շիրակում եւ Սյունիքում։ Այժմ էլ մեծ ոգեւորությամբ պատրաստ են առաջիկա ծրագրերին։


Մեր ժամանակների լավագույն տենորներից Վիտտորիո Գրիգոլոյի մասնակցությամբ գալա-համերգը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փառատոնի կուլմինացիոն կետերից է: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան հանրահայտ ջութակահարներ Վիլդե Ֆրանգը, Բայբա Սկրիդեն, «Բորոդին» քառյակի ելույթով կնշվի վերջինիս 80-ամյակը, կկայանա կոմպոզիտորներ Արվո Պյարտի 90-ամյակին նվիրված հեղինակային համերգ՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանի, Հայկ Մելիքյանի մասնակցությամբ եւ դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ: Փառատոնի փակման համերգը կնշանավորվի դաշնակահար Եվա Գեւորգյանի ելույթով՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: 

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիա Վարդանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW