Լոռվա բնության ձնաշատ անկյուններից մեկում այս օրերին նկարահանվում է ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» արկածային ֆիլմի երկրորդ մասը։ Սցենարի հեղինակը, ինչպես առաջինի դեպքում, Անահիտ Մխիթարյանն է:
«Դրական արձագանքներից հետո ավելի բարդ եւ պարտավորեցնող է աշխատանքը: Սցենարը գրելու ընթացքում շատ ենք մտածել, թե ինչ անել, որպեսզի նոր ֆիլմի դիտումից հետո էլ հանդիսատեսը ժպիտով հեռանա դահլիճից։ Հուսանք՝ գտել ենք ձեւաչափը»,- նշել է Արշակյանը՝ հավելելով, որ նախագծի նոր մասը շնորհակալ լինելու կարեւորության մասին է:
Ձյունը ստեղծագործական թիմի համար ապահովել է Ամանորի հեքիաթը, ցուրտն էլ չի խանգարում: Ռեժիսորի խոսքով՝ սկզբում շատ խոչընդոտներ են եղել, բայց նկարահանումները հարթ են ընթանում։
Գլխավոր հերոսուհու դերում հանդես եկող Անի Երանյանը ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան՝ նկարահանումներին մասնակցելու համար:
«Առաջարկը ստանալուն պես սկսեցի մտածել, թե գրաֆիկս ինչպես դասավորեմ, որ գամ Հայաստան։ Ցանկությունս շատ մեծ էր։ Կարծում եմ՝ մարդիկ չպետք է դադարեն երազել. երազանքը գունավորում է կյանքն ու ստիպում գնալ իր հետեւից։ Այս ֆիլմն էլ հուշում է՝ մի դադարեք երազել»,- ասել է Երանյանը:
Ռեժիսորը չթաքցրեց՝ գլխավոր կերպարի համար քասթինգ չեն արել. «Հենց հասկացանք, թե հերոսուհին ինչպիսին պետք է լինի, միանգամից Անիի մասին մտածեցի: Զանգեցի նրան, պատմեցի, համաձայնեց, ու հիմա արդեն նկարահանումներն են»։
Ֆիլմի համար Հայաստան է ժամանել նաեւ դերասանուհի Արմինե Պողոսյանը։ «Նոր տարվա կինո 2»-ի դերասանական կազմում են Լիանա Վանոյանը, Վարուժ Մարգարյանը, Վաչե Երիցյանը, Արման Նավասարդյանը, Վիկա Շամիրյանը, Նվեր Սուքիասյանը, Արթուր Կարապետյանը եւ այլք։
Մկրտիչ Արզումանյանը երկրորդ մասում ավելի ծավալուն դերով է հանդես գալիս։ Կարեւորում է, որ Գյումրու բարբառով պետք է խոսի. «Հեշտ չէ, որովհետեւ բարբառը պետք է ներկայացնել համով եւ բնական»։
Ֆիլմը փորձություններ հաղթահարած մեծ սիրո մասին է: Այն հուշում է, որ տարեմուտին պահած երազանքներն անպայման կատարվում են: Ընկերներ Եվայի եւ Հայկի միջեւ սեւ կատու է անցնում այն պահին, երբ որ Հայկը, փառքին ու հաջողություններին չդիմանալով, սկսում է չափազանցնել իր դերը եւ պատմել ֆիլմում իր մասնակցության եւ իրադարձությունների վրա ունեցած ազդեցության մասին: Հետո ինքն էլ չի հասկանում, թե ինչպես է սկսում խաբել բոլորին: Եվան ու Հայկը կորցնում են ամենակարեւորը՝ ընկերությունը, բայց այստեղ էլ օգնության է հասնում երազանքը:
«Նոր տարվա կինո 2»-ի պրեմիերան Երեւանում նախատեսված է նոյեմբերի 5-ին։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ «Նոր տարվա կինո»-ի


×
203





