×


Լավագույն ֆիլմ «Պայքար պայքարից հետո»-ն, ռեժիսորի երեխաները, Պուտինը եւ «Օսկար 2026»-ի հայկական հետքը

Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում արդեն 98-րդ անգամ հավաքվել էին կինոաշխարհի ներկայացուցիչները՝ որոշելու նախորդ տարվա լավագույններին:

Հաղորդավարն, ինչպես եւ նախորդ տարի, Քոնան Օ’Բրայանն էր, որը «Զենքեր» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարում փախչում էր երեխաներից ու, իբրեւ թե պատահաբար, հայտնվում «Օսկար»-ի առաջադրված բոլոր ֆիլմերում։ 


Երեկոյի սկզբում հայտարարել են «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգի հաղթողի անունը՝  75-ամյա Էմի Մեդիգան, որը կարիերան սկսել է 1980-ականներին։ Նա արձանիկին արժանացել է «Զենքեր» ֆիլմի համար, իսկ մրցանակը ստացել է նախորդ տարվա օսկարակիր Զոյի Սալդանայից։ 

«Կոստյումների լավագույն դիզայն» եւ «Լավագույն գրիմ ու սանրվածք» անվանակարգերում հաղթել են «Ֆրանկեշտեյն» ֆիլմի մասնագետները: Պարզվում է՝ գլխավոր դերակատար Ջեյքոբ Էլորդին յուրաքանչյուր նկարահանումից առաջ շուրջ 11 ժամ կերպարանափոխվել է (ընդհանուր առմամբ՝ 400 ժամից ավելի), որպեսզի Գիլերմո Դել Տորոյի ֆիլմում Ֆրանկեշտեյնի հրեշը դառնա։ 


Քասթինգի ոլորտում տրվող առաջին «Օսկար»-ի թեկնածուներին՝  «Մարտի Սուպրիմ», «Համնեթ», «Պայքար պայքարից հետ», «Գաղտնի գործակալը» եւ «Մեղավորները» ֆիլմերի դերասաններին ընտրած մասնագետներին, ներկայացրել են Փոլ Մեսքալը, Գվինեթ Փելթրոուն, Չեյս Ինֆինիթին, Վագներ Մուրան եւ Դելրոյ Լինդոն: Առաջին օսակարակիրը դարձել է Կասանդրա Կուլուկունիսը՝ «Պայքար պայքարից հետո»-ի քասթինգի համար։


«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում երկու հաղթող կա՝ «Երգիչները» եւ «Երկու մարդ փոխանակվում են թքով»: Վերջինի համառեժիսորներից մեկը՝ Նատալի Մուստիտան, հայկական արմատներ ունի: «Օսկար»-ի պատմության մեջ սա յոթերորդ դեպքն է, երբ նույն անվանակարգում հաղթում է երկու աշխատանք:

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը «Մարգարտե արցունքներով աղջիկն» է, իսկ լիամետրաժ անիմացիան՝ «K-pop դեւերի որսորդները»։


«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնել է նախորդ տարվա հաղթող Քիրան Կալկինը։ Եվ իր երկրորդ «Օսկար»-ն է ստացել 65-ամյա Շոն Փենը՝ «Պայքար պայքարից հետո» ֆիլմում հիանալի դերակատարման համար։ Դերասանը մրցանակաբաշխությանը ներկա չի եղել։ Հիշեցնենք, 2004-ին Փենը «Խորհրդավոր գետը» ֆիլմի համար լավագույն դերասան էր ճանաչվել։ 


Ադապտացված սցենարով լավագույն ֆիլմը «Պայքար պայքարից հետոն» է: Մրցանակին արժանացել է Փոլ Թոմաս Անդերսոնը։ Նա ֆիլմը ստեղծել է իր երեխաների համար, որպեսզի ներողություն խնդրի այն քաոսի համար, որը տիրում է աշխարհում։ «Հույս ունեմ՝ նրանք կլինեն այն սերունդը, որը խոհեմություն կբերի այս աշխարհին»,- ասել է ռեժիսորը:

Ռեկորդային 16 անվանակարգում ներկայացված «Մեղավորները» ֆիլմն իր առաջին «Օսկար»-ը ստացել է «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։ Մրցանակը սցենարի հեղինակ Ռայան Քուգլերինն է: 


Ինչպես եւ «Օսկար»-ի բոլոր մրցանակաբաշխությունների ժամանակ, այս տարի եւս հարգանքի տուրք են մատուցել վերջին մեկ տարվա ընթացքում կյանքից հեռացած կինոգործիչներին: Դերասան Բիլլի Քրիսթալը հիշել է իր ընկերոջը՝ ռեժիսոր Ռոբ Ռայներին, եւ նրա կնոջը՝ պրոդյուսեր Միշել Սինգերին, որոնց նախորդ տարի իրենց տանը սպանված են գտել։ Ապա բեմ են բարձրացել անվանի մի շարք դերասաններ, որոնք նկարահանվել են Ռայների ֆիլմերում: 

Էկրանին են հայտնվել են Դայան Քիթոնի, Քեթրին Օ' Հարայի, Կլաուդիա Կարդինալեի, Վել Քիլմերի, Ռոբերտ Ռեդֆորդի ու մյուսների լուսանկարները։ 


Ռոբերտ Ռեդֆորդին հարգանքի տուրք է մատուցել նրա խաղընկեր 83-ամյա Բարբրա Ստրեյզանդը՝ նրան գեղեցիկ կատարում նվիրելով:

Ջեյմս Քեմերոնի «Ավատարը» հաղթող է դարձել «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում։

«Օսկար»-ի նախկին հաղորդավար Ջիմ Քիմելը մրցանակ է հանձնել «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում, որին արժանացել է դպրոցներում կրակոցներից սպանված երեխաների մասին պատմող «Բոլոր դատարկ սենյակները»։ Ռուսական դպրոցներում քարոզչության մասին պատմող «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի»-ն լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմն է։ 


«Հարսնաքույրերը» ֆիլմի դերասանուհիները հայտարարել են «Լավագույն երաժշտություն» անվանակարգի հաղթող Լյուդվիգ Գորանսոնին («Մեղավորները»), որի համար սա երրորդ «Օսկարն» է։ Նա 2019 ու 2024 թվականներին հաղթել է «Սեւ հովազ» եւ «Օպենհայմեր» ֆիլմերի սաունդթրեքերի համար: «Լավագույն ձայն»-ի մրցանակը «Ֆորմուլա 1»-ինն է։ 


Օտեմ Դյուրալդ Արկապոուն («Մեղավորները») առաջին կինն է, ով «Օսկար» է ստացել «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում։ Մրցանակը նրան հանձնել է Դեմի Մուրը։  

Խավիեր Բարդեմն ու Պրիանկա Չոպրան ներկայացրել են «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգը: Հաղթողը նորվեգացի Յոահիմ Թրիերի «Զգացմունքային արժեքն» է, որի ստեղծման վրա 1072 մարդ է աշխատել։

Ապա իր հայտնի «Say You, Say me» երգի հնչյունների ներքո բեմ է բարձրացել 40 տարի առաջ «Օսկար» ստացած Լայոնել Ռիչին, որպեսզի ներկայացնի «Լավագույն երգ»-ի հաղթողին, իսկ նա «K-pop դեւերի որսորդներ»-ում հնչող «Golden»-ի կատարող EJAE-ն է։


Լավագույն ռեժիսորը Փոլ Թոմաս Անդերսոնն է («Պայքար պայքարից հետո»), որը բուռն ծափահարությունների ներքո բեմ է բարձրացել երկրորդ անգամ։ «Երկար եմ պայքարել այս արձանիկի համար, որն ինձ համար շատ արժեքավոր է։ Այն կիսում եմ իմ ընկերներից մեկի հետ, ով երկնքում մի բարում նստած ուրախ է ինձ համար»,- խոստովանել է Անդերսոնը:


Նախորդ տարվա մրցանակաբաշխությունից իր մաստակով հայտնի Էդրիեն Բրոուդին ներկայացրել է հաջորդ անվանակարգը: Լավագույն դերասան է ճանաչվել  Մայքլ Բի Ջորդանը, որը «Մեղավորներ»-ում մարմնավորում է երկվորյակ եղբայրների։


«Աստված մեծ է։ Մամ, ո՞նց ես։ Բոլորդ գիտեք, թե որքան եմ սիրում մայրիկիս: Հայրիկս, եղբայրս, քույրս, ամբողջ ընտանիքս է այստեղ։ Շնորհակալություն Քուգլերին՝ իր տեսլականի ու երազանքի համար։ Դու հրաշալի մարդ ես, ու շնորհակալ եմ քեզ հետ ստեղծագործելու հնարավորություն տալու համար»,- ասել է դերասանը։


Մայքի Մեդիսոնը հայտարարել է մրցանակաբաշխության նախավերջին անվանակարգը. «Համնետ»-ում տարբերվող խաղի համար «Լավագույն դերասանուհի» տիտղոսին արժանացել է Ջեսսի Բաքլին։

«Շնորհակալություն իմ իռլանդական ընտանիքին, որտե՞ղ եք, ձայն հանեք։ Մամ, պապ, շնորհակալություն մեզ՝ երազել սովորեցնելու համար: Ֆրեդ, ես սիրում եմ քեզ. դու ամենաանհավանական հայրիկն ես: Իմ լավագույն ընկերն ես, որից ցանկանում եմ եւս 20 հազար երեխա ունենալ: Եվ Իսլա, իմ 8 ամսական աղջիկ, որը դեռ ոչինչ չի հասկանում եւ հիմա երազում կաթ է տեսնում, ես սիրում եմ քեզ: Այսօր Մեծ Բրիտանիայում Մայրերի տոնն է, դրա համար ուզում եմ այս մրցանակը նվիրել մայրական սրտի հիասքանչ քաոսին: Բոլորս սերում ենք կանանցից, որոնք, չնայած ամեն ինչին, շարունակում են արարել»,- խոստովանել է Բաքլին։


Ապա 25 տարի առաջ «Մուլեն Ռուժ»-ում հանդես եկած Նիքոլ Քիդմանն ու Էվան ՄաքԳրեգորը կատարել են իրենց հայտնի «Love is All We Need» երգից մի փոքր հատված ու ներկայացրել «Լավագույն ֆիլմը»՝ «Պայքար պայքարից հետո»-ն, որն առաջադրված էր 13 անվանակարգում եւ հաղթել է 6-ում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Getty Images-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW