Լոս Անջելեսում մարտի 15-ին տեղի ունեցած 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում երկու հաղթող է եղել: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» են ճանաչվել «Երգիչները» եւ «Երկու մարդ փոխանակվում է թքով»-ը:
Ֆրանսալեզու կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2024-ի ամռանը՝ Թելուրայդի 51-րդ կինոփառատոնում: Ֆիլմի հակաուտոպիական աշխարհում համբույրը քրեական հանցագործություն է ու զզվելի է համարվում: Մարդիկ խուսափում են մաքրել իրենց ատամներն ու սխտոր են ուտում, որպեսզի ճնշեն սեփական ցանկությունները: Վճարումները կատարվում են ապտակների տեսքով՝ ապրանքի արժեքին համապատասխան։
«Երկու մարդ փոխանակվում է թքով»-ի ռեժիսորներն ամուսիններ Ալեքսանդր Սինխն ու Նատալի Մուստեատան են: Վերջինս իր ելույթում նշել է, որ «Օսկար»-ի պատմության մեջ չափազանց հազվադեպ է պատահում այսպիսի արդյունք:
«Այնքան ուրախ ենք մրցանակը կիսել մեր սիրելի «Երգիչներ»-ի հետ: Շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր աջակցել են մեր ֆիլմին ու մասնակցել ստեղծմանը՝ թիմին ու պրոդյուսերներ Ջուլիանա Մուրին եւ Իզաբել Յուպերին, մեր ընտանիքներին ու ընկերներին, ինչպես նաեւ մեր փոքրիկ դստերը՝ Սոֆիա Սինխին: Եվ շնորհակալություն Ակադեմիային՝ այս տարօրինակ ֆիլմին աջակցելու համար, որը հիմնականում կանայք են ստեղծել»,- իր ելույթում ասել է Մուստեատան:
Ավելի վաղ նա հարցազրույց է տվել սցենարիստ Ջոն Ավգուստին ու պատմել իր հայկական արմատների մասին. «Ընտանիքս Ֆրանսիայում է հաստատվել աքսորի հետեւանքով: Մանկուց երկու լեզվով եմ խոսել»:
Մուստեատան գրող է, համակարգող ու կինոռեժիսոր, ով արվեստի պատմության դոկտորի եւ կինոյի մագիստրոսի աստիճան ունի:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
111





