×


Կամերայինի 45-ամյա «Կառավարական համերգն» ու Լիլիթ Թոխատյանի իրականացած երազանքը

Կամերային թատրոնի ամենահայտնի, սիրված ու այցեքարտ դարձած ներկայացումը վերադառնում է նոր կազմով ու բեմադրության նոր լուծումներով։ «Կառավարական համերգը» եւ Երեւանի պետական կամերային թատրոնն արդեն 45 տարեկան են եւ այսքան տարի միասին «քայլում» են Հայաստանի բոլոր կառավարությունների ժամանակներում։ 

Արա Երնջակյանի «Կառավարական համերգ»-ի վերաբեմադրության առաջնախաղին ներկա է եղել BRAVO.am-ն ու հետաքրքիր մանրամասներ է լսել ներկայացման մասին։


«Կառավարական համերգ»-ին մասնակցում են դերասաններ, երգիչներ, աճպարարներ, դասական եւ արդի արվեստների ներկայացուցիչներ, կենդանի վարժեցնողներ, ձիեր եւ եղնիկներ, տարբեր մրցույթների հաղթողներ, ասմունքողներ, «Հովտաշուշան» երգչախումբը, ինչպես նաեւ զանազան պարային համույթներ: Դերերում հանդես են գալիս Սուրեն Պողոսյանը, Ժորա Մարտիրոսյանը, Լիլիթ Թոխատյանը, Ավետ Զոհրաբյանը, Վիկտորյա Սահակյանը / Էրմինա Զախարովան, Մոհանան, Մարիամ Բաբայանը, Դավիթ Աբրահամյանը, Նարեկ Ալեքսանյանը, Ռաֆայել Թալասյանը: 


Լիլիթ Թոխատյանի համար սա առաջին մեծ դերն է սիրելի թատրոնում, որտեղ միշտ երազել է խաղալ։ Պատմում է, որ հին տեսանյութեր են պահպանվել, թե ինչպես է ինքը փոքր տարիքում պարում բեմի վրա, իբրեւ թե այս ներկայացման դերակատարներից է։ Այժմ կարող է ասել՝ կատարվել է մեծ երազանքներից մեկը։ Հատկանշական է, որ Լիլիթն այս ներկայացման մեջ ոչ միայն խաղում է, այլեւ երգում, ինչը նրա համար լրիվ նոր փորձառություն է, որին մեծ պատասխանատվությամբ է մոտեցել:


«Ես իրականում չգիտեի, որ երգում եմ (ժպտում է,- հեղ․)։ Շատ էի բարդույթավորվում երգելուց, բայց հաղթահարեցի իմ հրաշք խաղընկերների շնորհիվ։ Նախ՝ Սուրեն Պողոսյանն ու Սենիկ Բարսեղյանը վոկալիս վրա աշխատեցին։ Ինձ ամեն օր ասում էին. «Դու շատ լավ ես երգում, վստահ եղիր»։ Այլ բարդույթներ էլ հաղթահարեցի։ Դե, հիմա մեր ավագ սերունդը գտնվում է Միացյալ Նահանգներում եւ ներկայացումից անմիջապես հետո գրեցին. «Շնորհավո՜ր, ո՞նց է անցել»։ Շատ ուշադիր են բոլորը, շատ շնորհակալ եմ ու շատ սիրում եմ նրանց»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Լիլիթ Թոխատյանը։


Սուրեն Պողոսյանն արդեն երկրորդ սերնդի հետ է խաղում այս ներկայացումը։ Եվ քանի որ թատրոնից շատերն այժմ հյուրախաղերով ԱՄՆ-ում են, հենց ինքն է աշխատել դերասանների հետ վոկալի հարցում։ Խոստովանում է՝ դժվարությունն այն էր, որ նրանց մի մասի համար նոր փորձառություն է երգելը, բայց իրենց գործին մեծ պատասխանատվությամբ են մոտեցել եւ դեռ շարունակում են աշխատել ու հմտանալ։ 


Դավիթ Աբրահամյանը նույնպես հնարավորություն է ունեցել խաղալ «Կառավարական համերգ»-ում նախորդ կազմի հետ։ Նրա խոսքով՝ մեծ փոփոխություններ, ընդհանուր առմամբ, չեն լինում վերաբեմադրություններում, բայց որոշակի դրվագներ հարմարեցված են ներկայիս իրադարձություններին։ Ինչպես նաեւ կերպարներն են հարմարեցվել նոր դերասաններին։ 


Դերասանը նշել է, որ հանդիսատեսի շարքերում մշտապես կարելի է տեսնել մարդկանց, որոնք բազմիցս դիտել են այս ներկայացումը, բայց գալիս են հերթական անգամ վայելելու:

Տեքստը՝ Աստղիկ իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW