58-ամյա Նիկոլ Քիդմանը լուսանկարվել է Variety ամսագրի համար ու անկեղծորեն խոսել 2025 թվականի բարդ շրջանի մասին: Դերասանուհին եւ Քիթ Ուրբանը 19 տարվա համատեղ կյանքից հետո նախորդ տարի ամուսնալուծվեցին:
Քիդմանը պատմել է, որ այս մեկ տարվա ընթացքում բավական մեկուսի կյանքով է ապրել ու անձնական խնդիրների պատճառով խուսափել է մամուլի հետ շփումից. «Ստիպված էի փակվել իմ մեջ եւ շատ եմ լռել»։
Դերասանուհին ընդգծել է, որ այժմ իր կյանքի առաջնահերթությունն ընտանիքն է, հատկապես դուստրերը՝ 17-ամյա Սանդեյն ու 15-ամյա Ֆեյթը. «Ամենից շատ շնորհակալ եմ հարազատներիս՝ աջակցության, օգնության եւ հոգատարության համար: Այս պահին մտածում եմ հատկապես իմ գեղեցիկ աղջիկների մասին, որոնք շատ են մեծացել: Միշտ կենտրոնանում եմ դրականի վրա։ Իմ կյանքում ամեն ինչ կարգին է, որովհետեւ միշտ լավագույնին եմ ձգտելու»:
Դերասանուհին նշել է, որ չի ցանկանում մանրամասն քննարկել իր անձնական կյանքը՝ հարգելով ընտանիքի անդամներին:
Նիկոլ Քիդմանը եւ Քիթ Ուրբանը ամուսնացել են 2006 թվականի հունիսին: Երկար տարիներ նրանք համարվել են Հոլիվուդի ամենաազդեցիկ զույգերից մեկը: Քիդմանն ամուսնուն օգնել է հաղթահարել հարբեցողության հետ կապված դժվար շրջանը։ Երգիչը բազմիցս նրան շնորհակալություն է հայտնել՝ կյանքում հավասարակշռությունը վերականգնելու համար:
People-ի տեղեկություններով՝ ամուսնալուծությունից հետո Քիդմանը ստացել է աղջիկների հիմնական խնամակալությունը, բայց երկու ծնողներն էլ կպահպանեն իրենց դուստրերի կյանքում կարեւոր որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։
2026-ն աշխատանքի առումով հագեցած է լինելու դերասանուհու համար. նա նոր նախագծեր ունի, որոնց թվում են «Սկարպետտա» սերիալը, «Գործնական մոգություն» ֆիլմի շարունակությունը եւ «Հատուկ գործողություններ. առյուծ» սերիալի 3-րդ եթերաշրջանը։
Արեւմտյան լրատվամիջոցները գրում են, որ Քիթ Ուրբանը ժամանակն իզուր չի վատնել եւ արդեն նոր սիրեցյալ ունի, որը նրանից 30 տարով փոքր է: Նա 26-ամյա ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Քարլի Սքոթ Քոլինզն է: Նրանք այս լուրը դեռ չեն հաստատել:


×
153





