Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը տեղի ունեցավ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026»-ը: Միջազգային մրցույթն առաջին անգամ էր անցկացվում մեր երկրում, իսկ կարգախոսն էր՝ «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։
Բոլոր մասնակիցների ելույթները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ էին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Լեհաստանի ներկայացուցիչ Միխավ Ստոխելը: Նա կատարեց Միկոլայ Մայկուսիակի «Դասական կոնցերտ՝ ակորդեոնի համար» ստեղծագործությունը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյան, որը կատարեց Էմանուել Սեժուռնինի «Կոնցերտ մարիմբայի եւ լարայինների համար» գործը։ Հայաստանի պատվիրակ Էլեն Վիրաբյանը երրորդ հորիզոնականում է: 15-ամյա ֆլեյտահարուհին կատարեց Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»։
Հաղթանակից հետո Լեհաստանի պատվիրակը հուզված էր։ «Ես երջանիկ եմ այս պահին։ Բեմում փորձում եմ իմ սեփական աշխարհը ստեղծել, ինչը նշանակում է՝ ես եմ, երաժշտական գործիքը եւ խաղաղությունը։ Սա չափազանց կարեւոր է, ու հետեւանքն էլ հաղթանակն է։ Ակորդեոնը յուրահատուկ գործիք է, քանի որ ամեն ինչ կարող ենք նվագել՝ դասականից մինչեւ ժամանակակից երաժշտություն», - ասաց Միխավ Ստոխելը:
Պատասխանելով BRAVO.am-ի հարցին, թե ինչ նշանակություն ունի իր համար երեւանյան բեմում կատարած ստեղծագործությունը, եւ ինչ է ծրագրել անել մրցույթից հետո, Ստոխելը նշեց. «Ուսուցչիս հետ ենք որոշել. շատ յուրահատուկ գործ է ու հատուկ նշանակություն ունի: Երգահանն այն ընդամենը 17 տարեկանում է գրել: Հիմա պլանավորում եմ արձակուրդ մեկնել, իսկ հետագա քայլերս ուսուցչիս հետ կքննարկենք: Մի քանի ամիս փորձեր ենք արել, բայց մենք այս մրցույթին պատրաստվել էինք, կարելի է ասել, իմ ամբողջ կյանքը»։
Ժյուրիի կազմում էին գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը եւ իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը:
Մրցույթին մասնակցելու համար Հայաստան էին եկել պատվիրակություններ եվրոպական 10 երկրից` Բելգիա, Կիպրոս, Չեխիա, Գերմանիա, Լատվիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սերբիա, Շվեդիա եւ Շվեյցարիա:
Երեկոյի հաղորդավարներն էին Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը։
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը՝ 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը եղել է 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ սկսած 1982 թվականից:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am


×
108






