Սիդնեյի հիվանդանոցներից մեկում մահացել է 78-ամյա դերասան Սեմ Նիլը, հայտնում է BBC-ն:
«Վերջին պահին նա ընտանիքի հետ էր ու մահացավ այն արժանապատվությամբ, որը նրան բնորոշ էր ողջ կյանքի ընթացքում։ Նրա մահը հանկարծակի եւ անսպասելի էր, բայց որոշակի մխիթարություն էր այն, որ վերջին շրջանում այլեւս քաղցկեղ չուներ», - նշված է դերասանի ընտանիքի տարածած հայտարարությունում:
2022 թվականին Նիլին արյան քաղցկեղ էին ախտորոշել: Այս տարվա ապրիլին նա հայտարարել էր, որ հաջողությամբ է ավարտել հիվանդության դեմ պայքարը։
Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը. «Սեմը պայքարեց իր հիվանդության դեմ նույն արժանապատվությամբ, հումորով եւ վճռականությամբ, որոնք նրան ուղեկցել էին յուրաքանչյուր ելույթի ժամանակ։ Նրա կորուստը խորապես կսգանք եւ դեռ երկար կհիշենք նրան»։
Սեմ Նիլը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ նրա հայրն այդ ժամանակ ծառայում էր։ 1954 թվականին նրա ընտանիքը վերադարձել է հայրենիք՝ Նոր Զելանդիա։
Նիլն իր կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան։ Առաջին մեծ հաջողությունը եղել է 1977 թվականին՝ «Քնած շներ»-ի շնորհիվ: Այն առաջին նորզելանդական ֆիլմն էր, որը լայնորեն ցուցադրվեց Միացյալ Նահանգներում։ Դրանից հետո Նիլը սկսեց նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում։
1983 թվականին «Ռեյլի. լրտեսների արքան» մինի-սերիալում իր դերակատարման համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի։
1993 թվականին նկարահանվել է Ջեյն Քեմփիոնի «Դաշնամուր» ֆիլմում, որը Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղի» եւ մի քանի «Օսկար»-ի է արժանացել։ Նույն թվականին տեղի է ունեցել նրա մասնակցությամբ Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմի պրեմիերան, որը նրան համաշխարհային ճանաչում բերեց։
Նիլը նկարահանվել է նաեւ հայտնի մի շարք սերիալներում («Սուր հովարներ», «Թյուդորներ»), հայտնվել է «Սիմփսոններ» ու «Ռիկ եւ Մորտի» անիմացիոն սերիաներում։ 50 տարվա կարիերայի ընթացքում նկարահանվել է 150-ից ավելի ֆիլմերում ու սերիալներում։


×
146






