Երևանում ավարտվեցին «Նոթեյշնս» (Notations) լաբորատորիան և փառատոնը, որի շրջանակներում Դիլիջանն ու Երևանը երկու շաբաթով վերածվել էին ժամանակակից արվեստի, երաժշտության և փերֆորմանսի կենտրոնների։ 27 երկրից ավելի քան 110 արվեստագետ և համադրող միասնաբար ստեղծեցին նոր նախագծեր, որոնք ներկայացվեցին Երևանում կայացած փառատոնին։
Երկու շաբաթվա ընթացքում մասնակիցները ստեղծեցին 61 նոր նախագիծ, որոնց թվում էին 31 պերֆորմանս, 19 ինստալյացիա, ձայնային արվեստ, կենդանի համերգներ, ինչպես նաև տարածաշրջանային աուդիոտեխնոլոգիաների ցուցահանդես։ Ստեղծագործական ողջ ընթացքը փաստագրվեց լաբորատորիայի մասնակիցների կողմից պատրաստված հատուկ հանդեսում։
Լաբորատորիայի ավարտին անցկացված հանրային փառատոնը միավորեց Երևանի երեք կարևոր մշակութային հաստատությունները՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Հայաստանի ազգային պատկերասրահը և «Հայֆիլմը»։ Երկու օրվա ընթացքում ավելի քան 1500 այցելու մասնակցեց համերգների, փերֆորմանսների, ինստալացիաների, ցուցադրությունների, բաց քննարկումների, ինտերակտիվ երաժշտական սեսիաների և այլ ծրագրերի։
Փառատոնի ամենահիշարժան պահերից մեկը դարձավ Communitas նախագծի համերգը, որի ընթացքում ավանդական երաժշտությունը վերաիմաստավորվեց էլեկտրոնային և փորձարարական հնչողության միջոցով։
Երեկոյան ծրագրերը շարունակվեցին մինչև լուսաբաց «Հայֆիլմում», որտեղ գլխավոր բեմում ելույթ ունեցավ գերմանական Brandt Brauer Frick տրիոն։ Փառատոնի բեմերում ներկայացվեցին նաև DJ սեթեր, ձայնային և վիզուալ ինստալացիաներ, ելույթ ունեցան տեղական անկախ խմբերն ու երաժիշտները։
Փառատոնի վերջին համերգներից մեկը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահի տանիքում, այստեղ ելույթ ունեցավ Simple Music Orchestra իմպրովիզացիոն նվագախումբը, իսկ ֆիլհարմոնիայի գլխավոր դահլիճում Neo Tribes ջազային նվագախումբը հանդես եկավ փառատոնի եզրափակիչ կատարումով։


×
128






