×


«Իմ ամենաբարդ դերն է». Թոմ Քրուզը «Դիգեր»-ի պրեմիերայից առաջ GQ-ի շապիկին է

20 տարի է անցել այն օրից, երբ Թոմ Քրուզը վերջին անգամ հայտնվել էր GQ-ի շապիկին: 64-ամյա դերասանը համաձայնել է նորից նկարահանվել ամսագի համար եւ հարցազրույց տալ իր նոր ֆիլմի գովազդային արշավի շրջանակում: Քրուզն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Դիգեր»-ում մարմնավորում է նավթային ընկերության մագնատի, որի գործողությունները կարող են աշխարհի վախճանին հանգեցնել։ Սեւ կատակերգության պրեմիերան հոկտեմբերի 2-ին է:

64 տարեկանում էլ Քրուզը չի կորցրել այն եռանդն ու նվիրումը, որն ուներ 18 տարեկանում, երբ 1981 թվականի «Ծորակներ» ֆիլմով առաջին քայլերն արեց դեպի մեծ կինո: Նա այնքան է հավատում կինոյին, որ նույնիսկ ասում է. «Ֆիլմեր նկարահանելն իմ գործը չէ, իմ էությունն է»։

Որոշ ժամանակ նրա հետ անցկացնելուց հետո հարցազրույցի հեղինակը նույնիսկ սկսել է հավատալ դրան: Քրուզն այն մարդն է, ով ապրում է տեսախցիկի առաջ ու պատրաստ է մոտոցիկլետով նետվել ժայռից եւ ցատկել պարաշյուտով: Նա կյանքը վտանգի է ենթարկել հանուն կինոյի ու ժամանակի մեծ մասը նվիրել սիրելի մասնագիտութանը: Խոստովանում է, երբ ֆիլմում չի նկարահանվում, պատրաստվում է հաջորդին:



Նրա մասնակցությամբ «Դիգեր»-ի առաջին թրեյլերը 2,5 րոպեանոց տեսաշար է՝ կազմված Քրուզի նախկին դերերից, որին հաջորդում են նոր ֆիլմի 42 վայրկյան տեւողությամբ կադրերը։ Ուղերձը հստակ է՝ նա տպավորիչ կարիերա է ունեցել ու աշխատել Սթենլի Կուբրիկի («Լայն փակված աչքերով»), Սթիվեն Սփիլբերգի («Յուրահատուկ կարծիք», «Աշխարհների պատերազմ»), Փոլ Թոմաս Անդերսոնի («Մագնոլիա»), Մարտին Սկորսեզեի («Փողերի գույնը»), Մայքլ Մանի («Հանցակիցը») եւ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի («Վտարանդիներ») հետ։

«Երբ դիտեցի իմ նախորդ գործերից կազմված տեսանյութերը, մտածեցի ստեղծագործելու պարգեւած երջանկության եւ այն մարդկանց մասին, որոնց հետ աշխատել եմ, ապրածս հիանալի պահերի եւ հաղթահարած հրաշալի մարտահրավերների մասին, ինչպես նաեւ ֆիլմեր ստեղծելու հնարավորության եւ այն մասին, որ դեռ մանկուց երազել եմ հենց սրանով զբաղվել։ Տեսնում եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ գործընթացին, ու երախտագիտություն եմ զգում: Հիշում եմ յուրաքանչյուր ֆիլմերի ստեղծման ընթացքն ու նախագծերի զարգացման ամեն պահը: Ահա թե ինչի մասին եմ մտածում։ Իսկ երբ նայում եմ «Դիգեր»-ը, գիտակցում եմ, որ 25 տարի անց վերջապես հնարավորություն ունեցա աշխատել Ինյարիտուի հետ։ Ողջ կարիերաս ինձ մոտեցնում էր այս պահին»,- խոստովանել է Քրուզը։


Գոնսալեսը, որը Քրուզի հետ առաջին անգամ է աշխատել, նրան շատ անսովոր կողմից է ներկայացրել. «Դերասանը հնարավորությունների մի ամբողջական տաճար է։ Եվ կա նաեւ հուզական այն պաշարը, որը մարդուն ի վերուստ է տրված։ Երբ նայում եմ դերասանի աչքերին, միանգամից այն նկատում եմ։ Այդ «պատուհանների» միջոցով կարողանում եմ տեսնել դրանցում եղած խորությունն ու ներքին ընդարձակ «բնապատկերը»։ Երբեմն այն անսահման է։ Եթե նայես Թոմի աչքերին, կտեսնես, որ դրանք կարող են քեզ դժոխքի միջով անցկացնել»։

Վերջին տասնամյակների ընթացքում Քրուզը հազվադեպ է մանրամասն զրուցել լրագրողների հետ, բայց այս անգամ բացառություն է արել ու իր մասին շատ հետաքրքիր բացահայտումներ արել։

««Դիգեր»-ն իմ ողջ պրոֆեսիոնալ փորձի հանրագումարն է: Նախկինում երբեք նման բան չեմ արել։ Իմ կատարած յուրաքանչյուր քայլ խիստ մտածված է եղել։ Ամեն նոր գործ սկսելիս իմ անձնական նպատակներն ունեմ ու ինքս ինձ մարտարավեր եմ նետում:


Անչափ ուրախ էի, որ նման կերպար մարմնավորելու հնարավորություն ստացա: Սա իմ կարիերայի ամենաբարդ դերն է: Առհասարակ յուրաքանչյուր դեր է մարտահրավեր։ Սա վարպետության գագաթնակետն է. ուշադրություն էի դարձնում ամեն ինչին՝ ժամանակին, ռիթմին, լեզվին։ Ինյարիտուն չափազանց ճշգրիտ է աշխատում։

Փոքր տարիքից եմ երազել ֆիլմերի մասին։ Բավական հասուն էի իմ տարիքի համար, հետեւում էի մարդկանց ու նրանց կյանքին, եւ թե դրանք ինչպիսին են ֆիլմերում։ Հետեւում էի մարդկանց արձագանքներին ու փորձում հասկանալ դրանց պատճառը: Փորձում էի պարզել, թե ինչն է միավորում բոլորիս։

Մշտապես տեղափոխվում էի մի վայրից մյուսը։ Այդպիսով՝ ծանոթանում էի տարբեր մշակույթների՝ նույնիսկ Ամերիկայի եւ Կանադայի սահմաններից դուրս: 16 տարում 15 դպրոց եմ փոխել ու տարբեր վայրերում ապրել:

Սիրում եմ օգնել մարդկանց ու տեսնել, որ նրանք հաջողում են: Մի նվիրական սկզբունք ունեի՝ ինձնից հետո ամեն ինչ ավելի լավ վիճակում թողնել, քան կար մինչ այդ: Մենք վարձով տներում էինք ապրում, ուստի միշտ ձգտում էի սենյակս ավելի լավը դարձնել:


Երազանքներիս մասին ոչ մեկին չէի պատմում: Եվ ցանկությունս «հայտնի դառնալը» չէր։ Ուզում էի ճամփորդել աշխարհով մեկ, ճանաչել մարդկանց ու կյանքը։ Սկսեցի ամեն ինչ ուսումնասիրել։
«Ծորակներ»-ի նկարահանման ընթացքում գնացի քաղաք ու առանց ռեժիսորին տեղեկացնելու գլուխս սափրեցի: Մտածում էի, թե նա ինձ ազատություն է տվել՝ ասելով. «Ստեղծիր կերպարդ»։ Երբ ռեժիսոր Հարոլդ Բեքերն ինձ տեսավ, զարմացավ. «Այս ի՞նչ ես արել։ Պետք է ինձ տեղյակ պահեիր»։ Ես էլ պատասխանեցի. «Օ՜, ներողություն»։

Սիրում եմ կանգնել ժայռի եզրին՝ ուղիղ ու փոխաբերական իմաստով։ Կյանքին որպես արկած եմ նայում. այդպես է եղել միշտ:


Կարծում եմ՝ մարդկանց իսկապես ճանաչում ես, երբ նրանց հետ ստեղծագործում ես։

Ուզում եք իմանալ՝ արդյոք վախենում եմ մահից: Ոչ: Խնդիրը վախի բացակայությունը չէ, պարզապես դրանից չեմ վախենում: Երբեմն նկարահանումների ժամանակ մտածում եմ. «Լավ, գիտեմ, որ այս ցատկը ռիսկային է, բայց կանեմ»։

Երբեք չեմ ձեւացնում, թե գիտեմ այն, ինչ իրականում չգիտեմ»։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ GQ-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW