Դերասանի ձայնը, ազգային էպոսը եւ բանաստեղծի ստեղծագործական որոնումների հետքերը պահպանած ձեռագրերը. «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում տեղի ունեցած հանդիպումը դերասան եւ սցենարիստ Վարդան Պետրոսյանի հետ, որը «Ոսկե դարան» հավելվածի համար ձայնագրել է Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը, մեկտեղել էր զրույցը դերասանական աշխատանքի մասին եւ Թումանյանի գրական ժառանգությանը մոտիկից ծանոթանալու հնարավորությունը։
Պոեմի ձայնագրությանը նախապատրաստվելու համար Վարդան Պետրոսյանից գրեթե մեկ տարի պահանջվեց։ Այդ ընթացքում դերասանը պետք է խորասուզվեր տեքստի մեջ, գտներ ճիշտ ինտոնացիաները եւ ունկնդիրներին փոխանցեր ոչ միայն ստեղծագործության բովանդակությունը, այլեւ դրա հուզական ուժը։ Հանդիպման ընթացքում Պետրոսյանը պատմեց աշխատանքի առանձնահատկությունների մասին եւ պոեմից մի հատված ընթերցեց։
Վարդան Պետրոսյանը
«Բավական երկար եմ մտածել, փորձեր արել՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է կարդամ։ Դասական ասմունքողի ընդունակություններ չունեմ եւ մտածում էի՝ արդյոք կկարողանա՞մ Սասունցի Դավթին ինձնով անել։ Շնորհակալ եմ, որովհետեւ Թումանյանն ինձ այնքան ապրումներ պարգեւեց, որքան չէի էլ պատկերացնում։
Ձայնագրության ընթացքում մեկ-երկու տեղ կանգ առա, որովհետեւ խառնվում էի իրար։ Բայց դերասանը պետք է այնքան փորձեր անի, որ իր ներքին հուզական ծանրաբեռնվածությունը նվազի, իսկ հանդիսատեսի ապրումները, ընդհակառակը, ավելանան»,- խոստովանել է նա։
Պետրոսյանը պատմեց, որ մանուկ հասակում մայրը կարդացել է իր համար այս պոեմը։ Որոշ դրվագներ նրան բարկացրել են, մյուսները՝ զվարճացրել։ Երիտասարդ տարիներին նա կրկին անդրադարձել է ստեղծագործությանը, սակայն այն իրեն թվացել է անցյալին պատկանող մի բան. «Մենք այնքան էինք երեւակայում մեզ Վան Գոգ եւ Պիկասո, որ սեփական քթից այն կողմ ոչինչ չէինք նկատում»։
Վարդան Պետրոսյանը
«Ոսկե դարան»-ը Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնություններից է, որն իրականացվում է 2024 թվականից։ Ծրագիրը մտահղացված է ոչ միայն որպես աուդիո եւ վիդեո դարան, այլեւ որպես գրական ժառանգությանը նվիրված գիտակրթական եւ հետազոտական հարթակ։ Դրա լսարանը երեխաներն ու մեծահասակներն են, թումանյանագետներն ու թումանյանասերները:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը տեղեկացրել է, որ նախատեսում են հավելվածում ներառել նաեւ Ղազարոս Աղայանի հեքիաթները։ Աղայանը Թումանյանի մտերիմ ընկերն էր, թեեւ նրանց միջեւ շուրջ 30 տարվա տարիքային տարբերություն կար։
Լուսինե Ղարախանյանը
«Հաջորդ տարի ցանկանում ենք նաեւ կազմակերպել Թումանյանի ամենահայտնի բանաստեղծությունների ընթերցումներ։ Բացի այդ, հեռանկարում նախատեսում ենք հավելվածում ավելացնել «Գիքոր»-ը՝ երաժշտական ձեւավորմամբ»,- նշել է թանգարանի տնօրենը:
«Սասունցի Դավիթ»-ն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ գրականության մեջ։ Պոեմը գրելիս Թումանյանն ուսումնասիրել է ժողովրդական էպոսի մի քանի տարբերակ՝ ձգտելով ստեղծել դրա սեփական գեղարվեստական մեկնաբանությունը։ Ստեղծագործությունն առաջին անգամ հրապարակվել է 1903 թվականին՝ «Մուրճ» ամսագրում։ Հեղինակի կենդանության օրոք այն լույս է տեսել եւս յոթ անգամ, ընդ որում՝ յուրաքանչյուր նոր հրատարակության մեջ տեքստը փոփոխվել է թե՛ կառուցվածքային, թե՛ ոճական առումով։
Մշակութային երեկոյի մյուս կարեւոր բաղադրիչը Թումանյանի՝ պոեմի վրա կատարած աշխատանքի հետ կապված ձեռագրերի ցուցադրությունն էր։ Դրանք հնարավորություն են տալիս ստեղծագործությանը ծանոթանալ ոչ միայն որպես ավարտուն գրական երկի, այլեւ տեսնել դրա ստեղծման հիմքում ընկած հետազոտական ու ստեղծագործական աշխատանքը։
Ցուցադրությանն առանձնահատուկ արժեք է հաղորդում փաստաթղթերի ձեռքբերման պատմությունը։ 2025 թվականի նոյեմբերին «Նոր Նախիջեւան» մարդասիրական հիմնադրամը թանգարանին է հանձնել Թումանյանի՝ նախկինում չհրապարակված 38 ձեռագիր փաստաթուղթ՝ բառարանի վրա արված նշումներով, որից բանաստեղծն օգտվել է «Սասունցի Դավիթ» պոեմի վրա աշխատելիս։ Դրանց ուսումնասիրությունը նոր հնարավորություններ է ընձեռում պարզելու, թե ինչպես է գրողն աշխատել լեզվական նյութի հետ եւ կատարելագործել էպոսի իր տարբերակը։
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
115





