×


«Աղբարիկս». Շառլ Ազնավուրին նվիրված ներկայացման պրեմիերան Տիկնիկայինում

«Ամեն անկում մի ուսուցում է՝ ոտքի ելար, ու ճամփան կտանի: Փառքի վրա չեն հանգստանում, փառքից վեր պիտի միշտ լինես: Ուրեմն փոխի՛ր քեզ, ինքդ քեզ մի շարունակիր, այլ շարունակ փոխակերպվի՛ր»:

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի այս խոսքերը տեղ են գտել «Աղբարիկս. Ազնավուրների ոդիսականը» թատերգությունում, որը նրա եւ նրա ընտանիքի մասին է: Ներկայացման պրեմիերան հոկտեմբերի 21-ին էր՝ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:

«Աղբարիկս. Ազնավուրների ոդիսականը» ներկայացման պրեմիերային


Ներկայացման գաղափարի հեղինակն Արմեն Վերդյանն է: Նա Աիդա Ազնավուր-Կառվարենցի «Փոքր եղբայր» ինքնակենսագրական գրքի հիման վրա ստեղծել է ներկայացման սցենարը՝ Լոռ Ռոլդանի եւ Գայետան Վասարի հետ համատեղ:

Արմեն Վերդյանը BRAVO.am-ին պատմել է, որ թեեւ Ազնավուրը մեծություն է ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում, սակայն միեւնույն ժամանակ քչերն են ծանոթ նրա անցած դժվարին ճանապարհին: Այստեղից էլ ծնվել է ներկայացման գաղափարը:

«Աղբարիկս. Ազնավուրների ոդիսականը» ներկայացման պրեմիերային


«Կարելի է ասել՝ ներկայացումն Ազնավուրների ընտանիքի պատմությունն է՝ աշխարհում կատարվող իրադարձությունների համատեքստում: Այն ամփոփում է Շառլի եւ Աիդայի փարիզյան բոհեմական կյանքը, պատերազմական ժամանակաշրջանը, երբ Շառլի ընտանիքը պատերազմի հերոս է դառնում, վերջապես նաեւ Միսաք Մանուշյանի եւ Էդիթ Պիաֆի հետ հանդիպումները, որ փոխում են ընտանիքի ճակատագրի ողջ ընթացքը»,- մանրամասնել է նա:

Արմեն Վերդյանը թատերգությունը կարեւորել է նաեւ քրոջ եւ եղբոր ամուր կապի ներկայացման տեսանկյունից՝ նշելով, որ միասին նրանք հաղթահարեցին այնպիսի դժվարություններ, որ երեւակայել անգամ դժվար է:

Դերերում են Լոռ Ռոլդանը եւ Գրիգոր Դաշնակյանը: Ներկայացումը ֆրանսերեն է եւ ուղեկցվում է հայերեն ենթագրերով՝ Արմեն Բաղդասարյանի թարգմանությամբ:

«Աղբարիկս. Ազնավուրների ոդիսականը» ներկայացման պրեմիերային


Արմեն Վերդյանի խոսքով՝ ներկայացումը կցուցադրվի նաեւ Ֆրանսիայում:

«Ազնավուրների ընտանիքի պատմությունը սկսվել է Հայաստանից եւ շարունակվել Ֆրանսիայում՝ դառնալով հաջողության պատմություն: Այս կերպ մենք եւս ներկայացման ցուցադրությունը սկսում ենք Հայաստանից»,- ամփոփել է նա:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport