Կանանց մեկամսյակին հաշված օրեր են մնացել, եւ BRAVO.am-ը սկսել է զրույցներն ու լուսանկարահանումները հայտնի մայրիկների եւ իրենց երեխաների հետ: Մեր առաջին հյուրերը «Միսս Հայաստան», «Վիցե-միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ու փոքրիկ Արիանան են:
-Լուսինե, հետաքրքիր է` արդյո՞ք առանձնացնում եք Կանանց միջազգային օրը մյուս տոներից, եւ ինչպե՞ս եք այն նշում։
-Սիրում եմ բոլոր տոները եւ յուրաքանչյուրին յուրովի եմ սպասում, ուստի Կանանց միջազգային օրը բացառություն չէ։ Յուրաքանչյուր տոն իր գեղեցկությունն ունի, ես սիրում եմ ե՛ւ նվերներ տալ, ե՛ւ ստանալ։
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է կանացի երջանկությունը։
-Կանացի երջանկություն ասվածը գլոբալ է եւ իր մեջ բազում բաներ է ներառում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին պետք իրեն զգա գնահատված, սիրված, հատկապես՝ իր կողակցի կողմից պետք է արժանանա յուրահատուկ վերաբերմունքի, իսկ ամենամեծ կանացի երջանկությունը մայրության բերկրանքն է։
Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ
-Իսկ կինն առհասարակ ինչպիսի՞ն պետք է լինի։
-Թվում է, թե հարցը բավական պարզ է, բայց իրականում այն բարդ է։ Ամեն մեկն ունի իր փոքրիկ գաղտնիքները եւ կին ասվածի սեփական պատկերացումները։ Ըստ իս՝ կինը երբեք չպետք է կորցնի կանացիությունը։
- Լուսինե, դուստրը որքանո՞վ փոխեց Ձեր կյանքը։
- Արիանայի ծննդից հետո շատ բան է փոխվել թե՛ իմ, թե՛ ամուսնուս կյանքում՝ մեր բնավորությունը, մեր ապրելակերպը, իհարկե, փոխվել է դեպի դրականը։
-Ինչպիսի՞ն է իր տեսակով: Մայրիկի նման «թիթի՞զ» է։
-Չեմ կարող ասել, որ միայն ինձ է նման։ Դուստրս նման է ինձ եւ ամուսնուս հավասարաչափ։ Ասեմ՝ շատ համառն է, անվախ, բայց միեւնույն ժամանակ, նուրբ եւ նրբազգաց։
-Գիտեմ՝ լավ ընկերներ եք Արիանայի հետ: Այնուամենայնիվ, կա՞ խստություն մայր եւ դուստր հարաբերություններում։
-Իհա՛րկե: Կարծում եմ՝ խստությունը որոշ դեպքերում անհրաժեշտություն է։ Փորձում եմ լինել Արիանայի լավագույն ընկերը, ինչպես մայրս է ինձ համար։
- Ո՞վ է զբաղվում նրա դաստիարակությամբ։
-Արիանայի հետ կապված յուրաքանչյուր հարց քննարկում ենք ամուսնուս հետ, դաստիարակությամբ էլ հավասարաչափ ենք զբաղվում, իսկ ահա առօրյա շատ հարցերով՝ հիմնականում ես։
Լուսինե Թովմասյանը
–Ո՞րն է Ձեր մայրական բանաձեւը, որով մեծացնում եք դստերը։
-Ամեն բան անում ենք եւ խորհուրդներով ուղղորդում, որպեսզի մեծանա ազնիվ եւ բարի։
-Իսկ նորից մայրանալու ցանկություն չունե՞ք։
-Ունեմ(Ծիծաղում է,-հեղ.): Դա աշխարհի լավագույն զգացողությունն է։
-Ըստ Նիցշեի՝ կանայք ավելի լավ են հասկանում երեխաներին, սակայն հոգու խորքում տղամարդիկ ավելի շատ են երեխա։ Համամի՞տ եք։
-Ը՜մմ, կարծում եմ՝ յուրաքանչյուրն այս կյանքում իր հոգու խորքում երեխա է, գոնե մի քիչ։
-Ամուսի՞նն է ավելի շատ երես տալիս դստերը, թե՞ Դուք:
-Ամուսնուս հետ հավասարաչափ երես ենք տալիս Արիանային (ծիծաղում է,-հեղ.):
- Ձեր մաղթանքը բոլոր կանանց։
- Մաղթում եմ, որ յուրաքանչյուր կին ինքն իր հետ լինի ներդաշնակ: Մաղթում եմ, որպեսզի մեր գեղեցիկ կանայք երբեք չկորցնեն իրենց կանացիությունը եւ, իհարկե, միշտ լինեն սիրված իրենց տղամարդկանց կողմից։
Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: