×


«Այնքան միեւնույն էր, որ անունս կարդացին` չարձագանքեցի». Ավո Խալաթյան

BRAVO.am-ի բլից հարցերի շնորհիվ այս անգամ իր ստեղծագործական անցած ուղին է վերհիշել Պարոնյանի անվան թատրոնի դերասան Ավո Խալաթյանը: Նա խոսել է առաջին դերի, սիրելի կերպարի եւ խաղընկերների մասին:

- Ինքդ քո մասին:
- Մարդ եմ, ով սիրահարված է իր գործին, թատրոնին, բեմին, գործընկերներին, հանդիսատեսին: Եթե չլիներ այս անծայրածիր սերը դեպի արվեստը, չէի կարողանա հաջողությունների հասնել:

- Քո առաջին դերը:
- 1988 թվականին Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ բեմ բարձրացա: Շիրվանզադեի «Կործանվածը» պիեսում փոքրիկ դեր ունեի: Այդպես սկսվեց իմ գործունեությունն, ու մեծացա թատրոնում: Մինչ վերջին տարիները թատրոնի հանդերձապահն ասում էր, որ այդ օրվա իմ բեմական հագուստը պահում է:

- Ի՞նչ է տալիս քեզ թատրոնը:
- Թատրոնն ինձ մոտիվացիա է տալիս ապրելու եւ ստեղծագործելու: Առանց թատրոն կյանքս չեմ պատկերացնում:

Ավո Խալաթյանը


- Քո առաջին բեմելն ինչո՞վ է տպավորվել:
-Ինչպես նշեցի, բավական վաղ հասակում է եղել իմ առաջին բեմելը: Այդ տարիքում շատերն են երազում երգելու, պարելու, հայտնի դառնալու մասին: Լավ հիշում եմ՝ ոգեւորությունս այնքան մեծ էր, որ հուզմունքն ու վախը երկրորդական պլան էին մղվել: Ինչ խոսք՝ պատասխանատվության զգացումը մեծ էր:

- Խաղացանկիցդ ո՞ր դերն ես ամենաշատը սիրում:
- Երվանդ Ղազանչյանը մի հիանալի ներկայացում ունի բեմադրած` «Նամակ ուղղիչ տնից», որը հետագայում վերանվանվեց «Եղած-չեղած մի կյանք»` նվիրված Եղիշե Չարենցին: Այդ ներկայացման մեջ ես Չարենցին եմ մարմնավորում: Այն իմ մարմնավորած կերպարներից լավագույնն է: Մոնումենտալ գործ է, կարող ենք հավերժ ներկայացում կոչել:

- Կա՞ մեկը, ով քո կուռքն է:
-Նույնիսկ հոլիվուդյան աստղաբույլում չկա մեկը, ում կուռք եմ համարում: Շատերին եմ սիրել ու սիրում, շատերի աշխատաքնով եմ հետաքրքրվում, բայց կուռք չեմ համարում:

- Դեր, որը կցանկանայիր խաղալ:
- Ես «խարակտերային» դերեր եմ նախընտրում. սիրահարված տղայի մարմնավորելն իմը չէ:

- Դերասաններից ո՞ւմ  հետ կցանկանայիր նույն բեմում կամ ֆիլմում խաղալ:
- Ցանկացած պիեսի շուրջ աշխատելիս կարեւորությունը տալիս եմ գործընկերներիս: Ի ուրախություն ինձ, թատրոնում հիանալի թիմի հետ եմ աշխատում, ովքեր միայն օգնում են ինձ: Չեմ հոգնել նրանցից, որ ձգտեմ ուրիշների հետ խաղալ: Միայն մեր մեծանուն դասականներից մի քանիս հետ կցանկանայի նույն բեմում հանդես գալ:

- Քեզ համար ամենաթանկ մրցանակը:
- Երբեք չեմ կենտրոնացել մրցանակների վրա: Դրանք ինձ համար այնքան միեւնույն են, որ նախորդ տարի «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դերասանին հայտարարելիս իմ անունը կարդացին՝ չարձագանքեցի:

Ավո Խալաթյանը


- Ոլորտում քո հայտնի ընկերը:
- Բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ: Սիրում եմ իմ գործընկերներին:

- Քանի՞ տարի ես բեմում:
- 1998 թվականից մինչ օրս բեմում եմ: Սկսել եմ զանգվածային տեսարաններից, հետո ինձ երրորդական, երկրոդական դերեր են վստահել, ու այդպես հասել եմ գլխավոր դերերի: Իմ սիրելի Պարոնյանի անվան թատրոնում բախտ եմ ունեցել աշխատել լեգենդար դերասանուհիներ Գալյա Նովենցի, Սվետլանա Գրիգորյանի եւ այլոց հետ:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Ավո Խալաթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport