×


«Գանգսթեր Մաք»-ի փակ դիտման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

«Գանգսթեր Մաքը»` այսպես է կոչվում Երեւանի դրամատիկական թատրոնի նոր կատակերգությունը, որի փակ դիտմանը երեկ ներկա է եղել BRAVO.am-ը, հետեւել առաջնախաղին, լուսանկարել բեմադրության ընթացքն ու հայտնի հյուրերին:

«Գանգսթեր Մաքը» ներկայացման պրեմիերային



Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրած ներկայացումը սկսում է գիշերային ակումբի պարուհիների ելույթով, որին հետեւում է նրանց ղեկավարը՝ Գանգսթեր Մաքը: Սակայն իրադարձությունների ընթացքն ամբողջությամբ փոխվում է, երբ գրեթե բոլոր հերոսները հայտնվում են միեւնույն բնակարանում: Իրավիճակից չոր դուրս գալու համար նրանցից ոմանք սկսում են այլ անունով ներկայանալ, պատմություններ հորինել, ինչն էլ խճճում է ընթացքը եւ զավեշտով լի դարձնում:


Գանգսթեր Մաքի դերում Գագիկ Մկրտչյանն է, իսկ փակ դիտմանը գլխավոր հերոսուհիներին՝ գիշերային ակումբի պարուհիներից երկուսին մարմնավորում էին Էմմա Մկրտչյանն ու Դիանա Մալենկոն: Նշենք, որ այսօր եւ վաղը նրանց կփոխարինեն Էմմա Մանուկյանն ու Լիդա Լեւոնյանը: Ի դեպ, վերջինս բալիկի է սպասում, բայց դա նրան չի խանգարի ներկայանալ գլխավոր դերում:

«Գանգսթեր Մաքը» ներկայացման պրեմիերային



Թե ինչու է որոշել գլխավոր դերերը բաշխել տարբեր դերասանուհիների միջեւ, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն ասել է.«Կանանց լավ դերերը թատրոնում շատ քիչ են լինում, դրա համար մտածեցի՝ ավելի լավ է՝ չորս դերասանուհին էլ տարբեր օրերի գլխավոր դերում ներկայանան»:

Ռեժիսորն առաջնախաղից գոհ է, 7 ամիս տեւած փորձերն իրենց արդյունքն են տվել: Նշենք, որ Գրիգոր Խաչատրյանը ոչ միայն բեմադրիչն է, այլեւ թարգմանել է Ռոբին Հաուդնի գործը, նաեւ կոմպոզիցիայի հեղինակն է.«Այս գործում ինձ հետաքրքրող թեմա գտա՝ գանգսթերի ընկերուհու մասին, մնում էր զարգացնել, կարելի է ասել՝ կեսը նորից գրել եմ»:

Լուիզա Ներսիսյանը, Գրիգոր Խաչատրյանը եւ Լուսինե Երնջակյանը



Նա նշել է, որ ձողի վրա աղջիկների պարն այնքան էլ հեշտ չի տրվել նրանց.«7 ամիս փորձեր են արել փոլ-դենսի մասնագետի հետ: Այդ պարերն Աիդա Սիմոնն է բեմադրել: Վնասվածքներով հասել ենք այս արդյունքին: Բոլորս կարծում էինք, թե ձողի վրա պարելը շատ հեշտ է, բայց իրականում շատ դժվար է»:

«Գանգսթեր Մաքը» ներկայացման պրեմիերային



Գլխավոր հերոսուհիներից Էմմա Մկրտչյանը, ով վերջերս «Դեբեդի գաղտնիքը» հեռուստանովելի գլխավոր դերում է հանդես եկել, եւս նշել է, որ բազմաթիվ կապտուկներից հետո են հասել ցանկալի արդյունքին.«Սա իմ առաջին գլխավոր դերն է Դրամատիկականի բեմում: Երբ ինձ վստահեցին Մենդիի կերպարը, հասկացա՝ այնքան էլ չի տիրապետում փոլ-դենսին: Բայց քանի որ ներկայացնում էի մերկապարուհու կյանքը, ինչքան էլ դժվար լիներ, պետք էր պատվով հաղթահարել»:


2 գործողությամբ քրեական կատակերգության մեջ ընդգրկված են նաեւ Լեւոն Հախվերդյանը,  Նիկոլայ Ավետիսյանը,  Նարեկ Քթոյանը,  Նարեկ Մարտիրոսյանը:


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW