×


Ավետ Բարսեղյանը եւ Նազենի Հովհաննիսյանը

«Ծիծեռնակ 2018»-ի ուշագրավ դրվագները եւ ֆոտոշարքը

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը մարտի 31-ին վերածվել էր շքեղ հարթակի, որտեղ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն ամփոփեց երաժշտական տարին եւ հայտնեց լավագույնների անունները: Մոտ երեք ժամ տեւած երեկոյի ընթացքում հնչեցին դասական, ժողովրդական, փոփ եւ ռոք կատարումներ, իսկ մրցանակները հանձնվեցին հենց այդ ժանրերում աչքի ընկած ստեղծագործողներին: Եղան նաեւ հատուկ մրցանակներ` երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչների համար: BRAVO.am-ը նույնպես ներկա էր տարվա գլխավոր երաժշտական իրադարձությանը, եւ մեր աչքից չեն վրիպել երեկոյի հետաքրքիր դրվագները:

Նախ՝ բոլոր արտիստներն ու հյուրերն անցան կարմիր գորգով, որտեղ հավաքված երկրպագուները ծափողջույններով էին դիմավորում նրանց, եւ լուսանկարվեցին իրենց աստղային կերպարներով, թեեւ շատերը երեկոյի ընթացքում հասցրին մի քանի անգամ զգեստափոխվել: Իհարկե, այս առումով ռեկորդակիր էր Նազենի Հովհաննիսյանը, ով Ավետ Բարսեղյանի հետ վարում էր համերգային ծրագիրը, բայց իր վառ հագուստներով աչքի ընկավ նաեւ Գայա Արզումանյանը: Նա հասցրեց կերպարանափոխվել նույնիսկ իր ելույթի ընթացքում:

Իվետա Մուկուչյանը


Երեկոյի սկզբում մրցանակներ հանձնվեցին դասական ժանրում աչքի ընկած ստեղծագործողներին ու երաժշտախմբերին, այնուհետեւ հերթը ժողովրդական եւ փոփ ժանրերինն էր: Վերջինիս դեպքում ուշագրավ էր «Տարվա հիթ» անվանակարգը, որտեղ մրցանակ հանձնվեց Գարիկ Պապոյանին եւ Սոնա Ռուբենյանին` Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգի կատարման համար: Վերջիններս, սակայն, իրենց մրցանակը հանձնեցին Էդգարի մորը` Աննա Էլբակյանին:

«Մինչեւ շնորհակալություններ հայտնելը ես կուզեմ «Լավագույն ռոք-խումբ» անվանակարգում մրցանակ ստացած «Nemra»-ին շնորհավորել եւ սրտանց ասել` չփոշմանե՛ք: Շատ ուրախ եմ ձեզ համար: Տարվա հիթը, ինձ թվում է, ավելի լավ մրցանակ է, ավելի լուրջ, մանավանդ չի շեշտվում` որ տարվա. ամեն տարի կարելի է սղացնել սա»,- կատակեց Գարիկը, այնուհետեւ հավելեց.«Իսկ եթե ավելի լուրջ, ապա շատ պարտավորված ենք: Մենք գիտենք, որ ցանկացած երգահան եւ ստեղծագործող մարդ իր երգին երեխայի պես է վերաբերվում, լավագույնն է ցանկանում այդ երգին: Մենք ուրախ ենք, որ Էդգար Էլբակյան կրտսերի այս երեխայի համար դա ապահովեցինք: Շատ հուզված ենք եւ ուզում ենք ասել` որտեղ էլ այդ երգը հնչի, միշտ նվիրված է լինելու Էդգարի մայրիկին` Աննա Էլբակյանին: Ես եւ Սոնան ուզում ենք այս մրցանակը նույնպես հանձնել Աննա Էլբակյանին»:


Օրվա ամենասպասված պահը, իհարկե, լավագույն երգչի եւ երգչուհու պարգեւատրումն էր: Զանգվածային երաժշտության ժանրում «Լավագույն երգիչ» ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, ով անցած տարվա ընթացքում աչքի էր ընկեր նոր երգերով ու տեսահոլովակներով: Նա իր խոսքում չմոռացավ շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին եւ ընտանիքի անդամներին՝ միաժամանակ շեշտելով՝ շատ հուզված է.«Ազգային մրցանակաբաշխության այս մրցանակն առաջին անգամ բախտ վիճակվեց ստանալ 2011 թվականին: 7 տարի անց ես կրկին արժանանում են «Լավագույն երգիչ» կոչմանը: Դա ինձ համար մեծ հաղթանակ է: Ես հուսով եմ` չեմ հիասթափեցնի ձեզ, իմ հանդիսատեսին: Բոլորին շատ շնորհակալ եմ, եւ սա ձեր մրցանակն է իրականում, որովհետեւ առանց ձեզ ես ոչ մի տարի էլ չէի արժանանա այս պատվին»:

Իսկ «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչված Իվետա Մուկուչյանը դեռ նոր էր ավարտել իր ելույթը, երբ մրցանակի համար հնչեց նրա անունը: Նա չհասցրեց անգամ կոշիկները հագնել բեմ բարձրանալուց առաջ, բայց դա նրան շխանգարեց իրավիճակից պատվով դուրս գալ: Իր խոսքում Իվետան հիշեց, որ առաջին անգամ տասը տարի առաջ է Հայաստանում ելույթ ունեցել, եւ «Ծիծեռնակ» մրցանակն այդ առիթով հոբելյանական համարեց.«Պարոն Ամիրյան, կարող է՝ Դուք չհիշեք, բայց ես շատ լավ հիշում եմ, որ ուղիղ տասը տարի առաջ Ձեզ հանդիպեցի առաջին անգամ: Եվ ես հիշում եմ, թե որքան վատ էի ճանաչում Հայաստանն այդ ժամանակ, բայց որքան սեր եւ փոխադարձ հարգանք ձեւավորվեց իմ ու իմ երկրի միջեւ: Այս մրցանակն ինձ համար շատ կարեւոր է, եւ շնորհակալություն ձեզ` բոլորիդ, որ ամեն անգամ ինձ սիրով ընդունում եք տուն` Հայաստան: Այնպես որ, շնորհակալություն, Հայաստան ջան»:

Գայա Արզումանյանը


Ստորեւ ներկայացնում ենք «Ծիծեռնակ» ազգային երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներին.

Դասական երաժշտության ժանրում լավագույններն էին`
Լավագույն համերգային նախագիծ - «Ահեղ դատաստան» (Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն)
Լավագույն ալբոմ – «Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածու», Հայկ Մելիքյան
Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) - Դիանա Ադամյան (ջութակ)
Լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ) - Լիպարիտ Ավետիսյան (տենոր)
Լավագույն երաժշտախումբ - «Հովեր» պետական երգչախումբ

«Ծիծեռնակ 2018» մրցանակաբաշխությանը


Ժողովրդական երաժշտության ժանրում լավագույններն էին`
Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) - Նորայր Գափոյան (դուդուկ)
Լավագույն երաժիշտ-կատարող(վոկալ) - Վարդան Բադալյան
Լավագույն ալբոմ – «Քեզ եմ հիշում» (Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ)
Լավագույն երաժշտախումբ - «Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ»
Լավագույն համերգային նախագիծ -«Դուդուկի մեծարման երեկո» (Կամո Սեյրանյան)


Զանգվածային երաժշտության ժանրում լավագույններն էին`
Լավագույն ՓՈՓ խումբ - «Արցախի ձայներ»
Լավագույն ալբոմ - «Զարմանալի եւ անսովոր», YellowStons
Լավագույն ռոք խումբ - NEMRA
Լավագույն տեսահոլովակ - «Սիրո հավերժ քաղաք» (Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան)
Լավագույն համերգային նախագիծ - «Սիրո հավերժ քաղաք» (Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան)
Լավագույն դուետ - «Արամ MP3 եւ 3.33»
Տարվա հիթ - «Լուսին» (Գարիկ եւ Սոնա)
Տարվա հայտնություն -Հակոբ Հակոբյան եւ Արման Հովհաննիսյան
Տարվա լավագույն երգիչ - Էրիկ
Տարվա լավագույն երգչուհի - Իվետա Մուկուչյան

Տիգրան Մանսուրյանը


Հատուկ մրցանակներ տրվեցին`

1. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ «Համահայկական նվագախումբ» նախագիծը լավագույնս իրականացնելու համար
2. Տիգրան Մանսուրյանին՝ «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության
մեջ» համերգաշարի համար
3. «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ «Մշակութային կանգառ» նախագծի
իրականացմանն աջակցելու համար
4. Ջազի հայկական ասոցիացիային՝ ջազը հանրահռչակելու համար
5. Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո իրականացված
«Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» բարեգործական համերգային նախագծին
6. «Երգ Արցախից» - Գայա Արզումանյան, «Այայի երկիր Արցախ»
7. Հանրային հեռուստաընկերությանը՝ մշակութային կյանքը լավագույնս
լուսաբանելու համար
8. Սիրուշոյին՝ արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար
9. Արտակ Կիրակոսյանին՝ «Կրկին բեմում» համերգային նախագծի համար
10. Արթուր Գրիգորյանին` Հայկական էստրադայում նշանակալի ավանդի եւ ծննդյան 60-ամյակի առիթով:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին