×


«Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյան. «Հաղթանակս նվիրում եմ հայրիկիս հիշատակին»

«Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց Արենա Զեյնալյանը Թեհրանից։ «Շանթ»-ի եթերում 20 գեղեցկուհիներն անցան մի քանի փուլերով՝ ժյուրիի անդամներին ու հեռուստադիտողներին ներկայանալով լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով։

BRAVO.am-ը ներկա է եղել մրցույթին եւ հաղթանակից հետո զրուցել գլխավոր տիտղոսակրի հետ։ 24-ամյա Արենան ծնվել է Թեհրանում, մոդելային ասպարեզում մեծ փորձ չունի, մասնակցել է հագուստի մի քանի ցուցադրությունների, սա իր առաջին մեծ բեմելն ու հաղթանակն է. «Մայրս ամեն հարցով օգնեց, որ մասնակցեմ ու իրականացնեմ երազանքս։ Այս հաղթանակից հետո մեծ պատասխանատվությամբ Հայաստանը կներկայացնեմ «Միսս Աշխարհում»։ Չգիտեմ՝ ինչու ես ընտրվեցի, գուցե գնահատեցին ոչ միայն արտաքին տվյալներս, այլեւ բնավորությանս գծերը, որովհետեւ «Միսս աշխարհ»-ում միայն արտաքինը չեն գնահատում։ Շատ եմ ուզում Հայաստանը լավագույն կերպով ներկայացնեմ, հայուհիների համար օրինակ լինեմ, որ միշտ լինեն քաջ, ինքնավստահ, հասնեն երազանքներին, որովհետեւ չկան անիրական երազանքներ։ Հատկապես Իրանում ապրող հայուհիներին եմ ուզում խոսքս ուղղել, որ երազանքներին ձգտեն, բոլորն արժանի են, որ ինձ պես այսպիսի օր վայելեն»։

Արենա Զեյնալյանը եւ Գոհար Հարությունյանը


1,79 սմ հասակով գեղեցկուհին իր հաղթանակը նվիրում է հայրիկի հիշատակին, մրցույթից երեք ամիս հայրը հեռացել է կյանքից, աղջիկը հոգեբանորեն հաղթահարել է կորուստն ու որոշել նրա հիշատակի համար մասնակցել. «Հայրս նպատակներ ուներ ինձ հետ կապված, միշտ քաջալերում էր ու ասում, որ երբեք չլացեմ ու չկոտրվեմ, ես չէի կարող թուլանալ ու հրաժարվել»։

Արենան մասնագիտությամբ կենսաբան է, իր փոխանցմամբ՝ ավարտել է Թեհրանի Ազատ համալսարանի կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատը։ Նա դեռեւս Երեւանում կմնա, վերադարձի տոմս չի գնել, կնախապատրաստվի միջազգային մրցույթին։ Նրա խոսքով՝ լավ է տիրապետում անգլերենին, կաշխատի իր կեցվածքի, քայլվածքի վրա. «Ամեն մանրուք կարեւոր է, մի սխալ քայլը կարող է ճակատագրական լինել»։

Նախորդ տարվա հաղթող Լիլի Սարգսյանը քննարկումների ու քննադատությունների կիզակետում էր, այն հարցին, արդյոք պատրաստ է բացասական արձագանքներին, Արենան պատասխանեց. «Գեղեցկությունը ճաշակի հարց է, միշտ կլինեն մարդիկ, որոնք չեն հավանի։ Ես պատրաստ եմ նման արձագանքի, ես սիրում եմ բոլորին, շատ կցանկանամ, որ իմ ազգն ինձ ընդունի, ես կարոտով ու մեծ սիրով եկել եմ Հայաստան։ Նպատակ ունեմ այստեղ մշտական ապրելու»։

Արենա Զեյնալյանը


«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ, «Միսս Հայուհի» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը BRAVO.am-ին հայտնեց, որ «Միսս Արմենիա 2017»-ից հետո հենց հաջորդ օրը Արենան եղել է առաջին մասնակիցը, որը հայտագրվել է այս տարվա մրցույթին մասնակցելու համար.

«Եթե հաղթողի ընտրության հետ հանրությունը համակարծիք չլինի, կարող եմ միայն ասել, որ ժյուրին հաշվի է առել նաեւ աղջիկների բնավորությունն ու խառնվածքը։ Ես էլ մասնակիցներին ընտրելիս արել եմ ամեն բան, որ բավարարեմ անցյալ տարվա բողոքները՝ ինտելեկտուալ ու անգլերենի իմացության առումով»։

Արենան ճանաչվեց նաեւ «Միսս Համերաշխություն», որը շնորհվում է մասնակից աղջիկների ընտրությամբ։ Գոհար Հարությունյանը կարեւորեց այս հանգամանքը, քանի որ «Միսս Աշխարհ»-ում կարեւոր է ոչ միայն գեղեցիկ, այլեւ բարի ու ընկերասեր լինելը. «Արենան իրեն լավ դրսեւորեց բեմում ու նախամրցութային ողջ ընթացքում։ Շատ բան է ասում այն, որ աղջիկների քվեարկությամբ դարձավ «Միսս համերաշխություն», կարող եմ թերթիկները ցույց տալ։ Նա հավասարակշռված, զուսպ աղջիկ է, կարծում եմ՝ դրա շնորհիվ էլ հաղթեց։ Նաեւ ուժեղ մարդ է, քանի որ ամիսներ առաջ նրա հայրը մահացավ, հուսահատվել էր, չէր ուզում մասնակցել, մայրն ու հորաքույրները քաջալերեցին, որ հայրիկի հիշատակի համար չհրաժարվի, այսօր նրա համար կրկնակի հուզիչ պահ է»,– ասաց Գոհարը։

«Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթին


Եվ այսպես՝ մրցանակային աղյուսակը հետեւյալն է`

«Միսս Համերաշխություն»` Արենա Զեյնալյան
«Միսս Տաղանդ»` Հռիփսիմե Խաչատրյան
«Միսս Հայուհի» 5-րդ մրցանակակիր` Հռիփսիմե Սարգսյան
«Միսս Հայուհի» 4-րդ մրցանակակիր` Աննա Լոռեցյան
«Միսս Հայուհի» 3-րդ մրցանակակիր` Սոնա Քերյան
«Միսս Հայուհի» 2-րդ մրցանակակիր` Հռիփսիմե Խաչատրյան
«Միսս Հայուհի» տիտղոսակիր՝ Արենա Զեյնալյան:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` VipWedding.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport