×


«Մի քանի օրից նոր կհասկանամ՝ ինչ է ինձ հետ կատարվում». Մարտա Կիրակոսյան

22 տարի բեմում եւ, այդուհանդերձ, առաջին մենահամերգը. Մարտա Կիրակոսյանը, ով շուտով կդառնա 25 տարեկան, երգում է ու հայտնի է դեռ մանկուց: Նրան շատերը հիշում են «Դո-ռե-մի» վոկալ-ստուդիայից եւ, իհարկե, Երգի պետական թատրոնից, որտեղ երկար ժամանակ սովորել է, այժմ էլ դասավանդում է: Հենց Երգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հորդորով էլ որոշել էր վերջապես հանդես գալ մենահամերգով: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, զրուցել է երգչուհու հետ եւ ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագները:

Համերգին ներկա էին նաեւ երգարվեստի այլ ներկայացուցիչներ, ովքեր Մարտայի հետ հանդես եկան զուգերգերով: Ելույթ ունեցան Արթուր Գրիգորյանը, Էրիկ Կարապետյանը, Գրիգոր Կյոկչյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Ռուսլան Էլյազյանը, Հայկ Կարապետյանը եւ այլք: Երգչուհին ներկայացրեց ջազային, ժողովրդական եւ էստրադային հայտնի երգերի իր մշակումները: Նա բազմիցս նշել է՝ կատարում է այն երգերը, որոնք իրեն դուր են գալիս՝ առանց ժանրային սահմանափակումների: Առաջին մենահամերգն էլ, իհարկե, անցնում էր հարազատ հարկի տակ:

Մարտա Կիրակոսյանի մենահամերգին


«Այս թատրոնն ինձ համար շատ թանկ ու հարազատ վայր է, որտեղ ամեն ինչ այնքան ջերմ ու անմիջական է: Ներկա են ինձ շատ հարազատ մարդիկ, ընկերներ, ու երբ ձեզ տեսնում եմ, հասկանում եմ, որ սա ինձ համար ոչ թե լուրջ մենահամերգ է, այլ պարզապես էմոցիաներն ու դրական լիցքերը փոխանցելու լավ առիթ»,- իր ելույթի սկզբում ասաց երգչուհին: Մի քանի կատարումներով հանդես եկան նաեւ «ընկեր Մարտայի» աշակերտները, ովքեր սովորում են Երգի թատրոնում:):

«Շատ ուրախ եմ, որ այս թատրոնում աշխատում է խելացի երգչուհի: Այսօր դեֆիցիտ է խելացի երգչուհու տեսակը, եւ ձեր բախտը բերել է, որ ունկնդրում եք նրան: Իզուր չէ, որ ասացի՝ խելացի, քանի որ Տաթեւիկ Հովհաննիսյանից հետո շատ քչերն են անդրադարձել այն երգերին, որոնք կատարում է նա: Մարտան որոշեց վերականգնել, բուժել մի բալլադ, որ կոչվում է «Սիրո կամար»՝ գրված շատ ավելի շուտ, քան ծնվել է»,- նկատեց Արթուր Գրիգորիչը, ում հետ երգչուհին հանդես եկավ զուգերգով: Մարտան իր շնորհակալական խոսքում ընդգծեց`այն, ինչ ունի եւ ինչին հասել է երաժշտության ասպարեզում, հենց Գրիգորիչի շնորհիվ է:

Արթուր Գրիգորյանը եւ Մարտա Կիրակոսյանը


Իհարկե, երեկոյի ամենասպասված պահերից էր Ֆելիքս Խաչատրյանի հետ նրա դուետը, քանի որ դահլիճում քիչ չէին նաեւ ռեփի սիրահարները: Նրանց համատեղ ելույթը սկսվեց երգի պրեմիերայով, որ կոչվում է «Մարտա» եւ նվիրված է հենց երգչուհուն: Ֆելիքսի եւ Մարտայի կատարմամբ, սակայն, չհնչեց նրանց ամենահայտնի դուետը` «Արեւից»-ը, որ հասցրել է սիրվել ժամանակակից երաժշտության սիրահարների կողմից: Համերգի ավարտին երգչուհուց հետաքրքրվեցինք, թե որն էր պատճառը.«Մենք այնքան շատ ենք այդ երգը երգել, որ արդեն հոգնել ենք, ցանկացանք ինչ-որ նորություն փորձել այս անգամ (ժպտում է,- հեղ.): Առաջին երգը պրեմիերա էր, որը Ֆելիքսը գրել էր ինձ համար: Այսինքն` այն վաղուց էր գրել, ոչ թե հատուկ այս համերգի համար, պարզապես անընդհատ չէր ստացվում ձայնագրել»,- ասաց Մարտան:

Ֆելիքս Խաչատրյանը եւ Մարտա Կիրակոսյանը


Կիսվելով նաեւ իր տպավորություններով ու զգացողություններով՝ երգչուհին անկեղծացավ՝ ափսոսում է, որ ամեն ինչ արդեն ավարտվեց.«Պահ է գալիս, որ ասում ես՝ երբ է համերգն ավարտվելու, որ հանգստանամ, բայց հիմա հասկացա, որ ուզում էի՝ անընդհատ շարունակվեր: Ու ես, որ առհասարակ չեմ սիրում շատ խոսել, ուզում էի անընդհատ շնորհակալություն հայտնել բոլորին, շփվել նրանց հետ, այնքան շատ էին էմոցիաներս: Մի խոսքով՝ շատ հուզված եմ, ինձ թվում է՝ մի քանի օրից նոր կհասկանամ՝ ինչ է ինձ հետ կատարվում»:

Մարտա Կիրակոսյանը


Վերջում հետաքրքրվեցինք նաեւ, թե առաջիկայում ինչ անելիքներ ունի եւ արդյոք պատրաստվում է նոր երգերով ու տեսահոլովակներով ներկայանալ. «Անկեղծ ասած՝ այդպիսի նորություններ չկան, որ պատրաստում եմ: Ես ավելի շատ զբաղվում եմ իմ աշակերտների հետ: Հասկացել եմ, որ դա ինձ համար ոչ թե գործ է, այլ առաջին հերթին հաճույք, այնքան շատ է ինձ դուր գալիս: Այսինքն՝ իրենց հետ աշխատելիս ես ինձ միշտ զգում եմ երգարվեստում: Մենք միասին երգում ենք, պարում. ես նրանց ոչ միայն ոճաբանություն եմ դասավանդում, այլեւ համերգների բեմադրություններն էլ հիմնականում ինքս եմ կատարում: Հիմա այնքան շատ են դրական էմոցիաները, որ հաստատ դեռ էլի համերգներ կլինեն»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին