×


Հովհաննես Հակոբյանը

«Վայրենին» ֆիլմի փակ ցուցադրությունն ու Հայկ Մարությանի հետ կապված դիպվածը

«Այնպիսի տպավորություն ունեմ, որ այս ֆիլմի գաղափարը ես միշտ եմ ունեցել»,- ասում է ռեժիսոր, սցենարիստ Հովհաննես Հակոբյանը, ով երեկ փակ ցուցադրության շրջանակում հանդիսատեսին ներկայացրեց իր կարճամետրաժ նոր ֆիլմը՝ «Վայրենին»: Այն պատմում է մարդու եւ բնության հարաբերությունների մասին ու «նվիրվում է Հայաստանում սպանված ծառերին ու վայրի կենդանիներին»՝ ինչպես նշվում է ֆիլմի սկզբում: Թե ինչու է նկարահանումների համար ընտրվել Լոռվա չքնաղ բնությունը, ինչպես է գլխավոր դերերից մեկի համար դիտարկվել Հայկ Մարությանի թեկնածությունը, ինչ արկածների միջով է անցել դերասանուհի Լիլիթ Սալնազարյանը, եւ ինչ խնդիրներ է բարձրաձայնում ֆիլմը, BRAVO.am-ը պարզել է սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Հովհաննես Հակոբյանի հետ զրույցում:

Կադր՝ «Վայրենին» ֆիլմից


Դժվարությունների ու խնդիրների առաջ կքած հասարակ մի գյուղ, որն իր գոյությունը պահպանում է մեծ անտառի հարեւանությամբ: Անտառն էլ իր հերթին ոչ միայն ապրուստի միջոց է դարձել գյուղացիների համար, այլեւ անտառահատների ու որսագողերի զոհը՝ օրեցօր կորցնելով երբեմնի բնական հարստությունը: Անտառի միակ պահապանը խիստ ու դաժան մարդու համբավ ունեցող անտառապահն է՝ Վայրենին, որը հոգու խորքում նուրբ ու զգայուն մարդ է՝ անտառի գրկում հանգստություն գտած: Մի օր, սակայն, Վայրենին նույնպես ստիպված է լինում կանգնել ծանր ընտրության առաջ՝ մարդու կյա՞նքը, թե՞ անտառի վերջին բնակիչներից մեկը, որի ապահովության համար ինքն էր անձամբ հոգ տանում:

Ռեժիսորն ասում է՝ սցենարը գրելիս ոգեշնչվել է Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքից, թեեւ սյուժետային ընդհանրություններ չկան ֆիլմում: Ինչպես իր նախորդ գործերում, այնպես էլ խաղարկային նոր ֆիլմում Հովհաննես Հակոբյանին հետաքրքրող հիմնական թեման բնապահպանական է.«Իմ ցավոտ տեղն է: Այն համարում եմ բոլոր տեսակի խնդիրներից առավել կարեւորը: Գուցե մարդիկ ինձ չներեն այս խոսքերիս համար, բայց ես բնապահպանական խնդիրներն առավել կարեւոր ու օրհասական եմ համարում, քան ասենք պատերազմներն ու քաղաքականությունը: Որովհետեւ այսպես շարունակելու դեպքում բնությունը շուտով կպատժի բոլորիս՝ անկախ ազգային պատկանելությունից ու գտնվելու վայրից: Եվ այդ ժամանակ արդեն կարեւոր չի լինի, թե ինչ է ասում որեւէ երկրի նախագահը»:

«Վայրենին» ֆիլմի պրեմիերային


Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Լոռու մարզում եւ տեւել են 12 օր՝ նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո: Վայրի ընտրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ՝ Հովհաննես Հակոբյանն իր մանկությունն անցկացրել է Լոռու մարզում եւ ասում է՝ իրեն շատ հարազատ վայրեր կան այնտեղ: Բացի այդ, սցենարը գրելիս հենց այդ բնապատկերներն ու տեսարաններն է պատկերացրել: Եվ մյուս պատճառն էլ այն է, որ Լոռու բնությունն ամեն օր մեծապես տուժում է ապօրինի անտառահատումների, որսագողության ու հանքարդյունաբերության հետեւանքով.«Ամեն մի ծառի ճյուղը կտրվելիս սրտիցս արյուն է կաթում, դրա համար էլ փորձել եմ ցույց տալ մեր երկրի հյուսիսը, որտեղ անտառները շատ են»:

Ինչպես պարզվում է, գլխավոր դերերից մեկի համար ի սկզբանե դիտարկվել է դերասան Հայկ Մարությանը, ով այդ ժամանակ դեռ Երեւանի քաղաքապետը չէր.«Մի օր ես Հայկին պատահաբար տեսա կինոթատրոնում՝ ֆիլմից առաջ: Նա մի տեսակ այլայլված էր, եւ ինձ հենց այդ կերպարն էր շատ հետաքրքիր: Մոտեցա նրան ու ասացի այդ մասին, նա էլ մեծ ուրախությամբ համաձայնեց: Բայց ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ Հայկ Մարությանը դարձավ քաղաքապետ: Ստիպված եղա մեկ այլ մարդու դիտարկել այդ դերի համար, եւ հիշեցի Արթուր Մանուկյանին, որին վաղուց եմ ճանաչում, ինչպես Հայկին: Նա էլ այժմ Ազգային ժողովի պատգամավոր է (ժպտում է,- հեղ.): Բայց Արթուրը խաղաց, եւ կարծում եմ՝ փայլուն է ստացվել նրա դերը»,- պատմում է ռեժիսորը:

Նկարահանումների ժամանակ քիչ չեն եղել նաեւ դժվարություններն ու արկածները: Դերասանուհիներից Լիլիթ Սալնազարյանն, օրինակ, ստիպված է եղել նոյեմբերին լողալ սառը ջրում՝ անցնելով գետը.«Ես ուզում էի ընկերներիս խնդրել  ջրասույզի համազգեստ վերցնել, որպեսզի Լիլիթը հագներ, չմրսեր: Բայց նա չհամաձայնեց, ասաց՝ եթե հագնի, չի կարողանա դերը ճիշտ ու լիարժեք զգալ, ասաց՝ դա իրեն կխանգարի: Եվ ջուրը մտավ առանց համազգեստի: Հետո միակ տաք տեղը մեր ավտոմեքենան էր, որտեղ Լիլիթը կարող էր տաքանալ, թե չէ մրսելու դեպքում խայտառակ բան կստացվեր»,- հիշում է Հովհաննես Հակոբյանը: Նշենք, որ ֆիլմի մյուս դերերում հանդես են եկել Ռազմիկ Արզույանը, Դավիթ Հակոբյանը, Վրույր Հարությունյանը, Էլֆիք Զոհրաբյանը եւ Գրեգ Ամատունին: Ֆիլմի կոմպոզիտորն է Վահան Արծրունին:

Վահան Արծրունին


«Վայրենին» առաջիկայում չի հայտնվի հայկական կինովարձույթում, քանի որ ֆիլմի ստեղծագործական կազմը որոշել է այն ցուցադրել տեղական ու միջազգային փառատոներում: Առաջիկայում Հովհաննես Հակոբյանը կնկարահանի իր երկրորդ խաղարկային ֆիլմը, որի թեման կրկին բնապահպանական է լինելու.«Չեմ կարծում, որ ես երբեւիցե ուրիշ բան կնկարեմ, քանի որ շատ անկեղծ պետք է լինեմ՝ դրանից բացի, ինձ ուրիշ ոչինչ հետաքրքիր չէ: Իհարկե, լրիվ այլ սյուժե է լինելու՝ այս ֆիլմի հետ ոչ մի կապ չունեցող»,- եզրափակել է ռեժիսորը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport