Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ հանդես է եկել յուրօրինակ, վառ ու տարբերվող կերպարներով: Դերասանուհին BRAVO.am-ին տրամադրել է ամենահետաքրքիր լուսանկարները եւ պատմել, թե ինչպես են ընտրվել կերպարները, որտեղ են իրականացվել նկարահանումները, եւ ինչ զվարճալի պահեր են եղել դրսում աշխատելիս: Նրանից նաեւ հետաքրքրվել ենք, թե երբ է մեկնելու ամառային հանգստի եւ ինչպես է նախընտրում այն անցկացնել:
Էվա Խաչատրյանն ասաց, որ նոր ֆոտոշարքով հանդես գալու միտքն առաջարկել է նորաբաց կայքերից մեկը, որից հետո էլ միասին ընտրել են կերպարները եւ նկարահանման վայրերը: Երբ դերասանուհին լուսանկարները տեղադրեց իր ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում, օգտատերերից շատերը նկատեցին, որ կարմիր հագուստով կերպարը շատ նման է հայտնի ֆիլմում Մոնիկա Բելուչիի մարմնավորած հերոսուհուն՝ Մալենային: Սակայն Էվան ասաց, որ միայն լուսանկարները դիտելուց հետո է նկատել այդ նմանությունը, նախապես այդպիսի միտք չի եղել.
Էվա Խաչատրյանը
«Անկեղծ ասած՝ դա ուղղակի ստացվել է այդպես, հստակ որոշում չենք ունեցել նմանատիպ կերպար ստանալու: Պարզապես հագուստը եւ սանրվածքը ստիպեցին նկարահանման ընթացքում այդպիսի կադրեր ունենալ, որոնք ինչ-որ կերպ նմանվեցին ֆիլմի դրվագներին: Ստեղծագործել ենք այն, ինչ ստացվել է, այսինքն՝ ի սկզբանե հստակ դիրքորոշում չենք ունեցել, թե ինչ ենք անելու: Նախապես մենք քննարկեցինք, թե որտեղ կարելի է նկարահանել, մտածեցինք հետաքրքիր գունային համադրություն ստանալ, ընտրեցինք հագուստը եւ սկսեցինք աշխատանքը»,- նշեց դերասանուհին:
Նա ասաց, որ նկարահանումներն իրականացվել են Հյուսիսային պողոտայում, Մատենադարանի բակում, հյուրանոցում եւ իր մեքենայում: Ու քանի որ լուսանկարներն արվել են հիմնականում մարդաշատ վայրերում, քիչ չեն եղել նաեւ զվարճալի պահերը: Հյուսիսային պողոտայում, օրինակ, բազմաթիվ վարորդներ դադարել են երթեւեկել՝ կանգնելով եւ հետեւելով նկարահանումների ընթացքին. «Անկեղծ ասած՝ այդ ֆոտոշարքը շատ ակտիվություն առաջացրեց այնտեղ (ժպտում է,- հեղ.): Մեզ հարկավոր էին կադրեր, որտեղ մեքենաներ չէին լինի, բայց շատերը պարզապես դադարեցնում էին ընթացքը, արգելակում ու սկսում նայել, թե ինչ է կատարվում մեզ մոտ: Մի քանի լուսանկարներ կան, որոնցում երեւում է մեքենաների մեծ խումբը, բայց այդ կադրերը դեռ չենք մշակել ու տեղադրել:)»:
Էվա Խաչատրյանը
Էվան անկեղծացավ, որ թեմատիկ ֆոտոշարքեր շատ է սիրում, հատկապես երբ լավ լուսանկարչի հետ է աշխատում: Ասում է՝ այդ դեպքում նույնիսկ ամենաաանհետաքրքիր գաղափարը հետաքրքիր արդյունք է ունենում. «Մեծամտություն չթվա, բայց բազմիցս նշել եմ, որ ինձ մոտ լավ է ստացվում լուսանկարվելն ու ֆոտոշարքերի արդյունքը: Այս դեպքում էլ կարծում եմ յուրօրինակ ու տարբերվող է ստացվել»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին եւ նոր ծրագրերին, ապա դերասանուհին դեռ ոչինչ հստակ չի որոշել: Հույս ունի սեպտեմբերից հստակեցնել աշխատանքը: Այս պահին ներկայացումների ակտիվ շրջան է, եւ մինչեւ հուլիս 28-ը շարունակելու է թատրոնում հանդես գալ. «Դրանից հետո որոշ ժամանակ կհանգստանամ, որովհետեւ այս տարին բավական ծանր ու աշխատանքային է եղել ինձ համար: Նոր առաջարկներ կան, բայց դեռ հստակ չեմ կողմնորոշվել՝ որից սկսել, ինչպես սկսել: Սեպտեմբերին կտեսնենք՝ ինչ կլինի հետո»:
Էվա Խաչատրյանը
Հետաքրքրվեցինք նաեւ, թե որտեղ եւ ինչպես է պատրաստվում անցկացնել ամառային հանգիստը: Էվա Խաչատրյանն ասաց, որ դա էլ առայժմ չի որոշել, քանի որ դեռ աշխատում է, ու ժամանակ չունի այդ հարցով զբաղվելու. «Մեկ ամսից, երբ կավարտեմ աշխատանքս, արդեն պարզ կդառնա՝ ինչպես եմ կազմակերպելու արձակուրդս: Բայց միանշանակ ծովափնյա հանգստի սիրահար եմ, առանց ծով ես չեմ հանգստանում: Ինձ համար ամառային հանգիստը միայն ծովն է՝ անկեղծ ասած:)»:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դիանա Կարապետյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: