Անցնող տարին Ադրիանա Գալստյանի համար գործնական առումով բավական հագեցած էր: Նա նկարահանվեց «Հեքիաթահարված» արկածային, այնուհետեւ «Ժամանակն է» գեղարվեստական ֆիլմերում, երաժշտական տեսահոլովակներում: Այսօր էլ շարունակում է խաղալ «Նռան հատիկ» սերիալում: Ադրիանան հասցնում է նաեւ նախապատրաստվել գալիք տոներին եւ նույնիսկ լուսանկարահանման է մասնակցել՝ առաջին կադրերը տրամադրելով BRAVO.am-ին:
Նոր ընկերների մասին
Աշխատանքային եւ անձնական ձեռքբերումների տարի էր 2018-ը: Անձնական ասելով՝ նկատի ունեմ նոր ընկերներիս, ովքեր կարճ ժամանակահատվածում ինձ շատ հարազատ դարձան:
Ադրիանա Գալստյանը
Մինչ տարեվերջ հեռուստադիտողին հասանելի կլինի եւս մեկ տեսահոլովակ, որտեղ գլխավոր հերոսուհուն եմ մարմնավորում: Այս անգամ համագործակցել եմ երգիչ, դերասան Կարեն Ասլանյանի հետ, ում ճանաչում եմ դեռ վաղուց: Շատ լավ ընկերներ ենք եւ որոշեցինք միասին աշխատել: Ստացանք ուրախ, դրական հոլովակ:
Իսկ գալիք տարվա ծրագրերի մասին դեռ վաղ է խոսել:
Տոներին ընդառաջ
Արդեն իսկ սկսել եմ ընկերներիս եւ հարազատներիս համար նվերներ գնել, եղեւնին զարդարել եմ, նաեւ տոնական ուտեստների բաղադրատոմսերի ցանկն եմ փորձում կազմել: Ամանորն այս տարի դիմավորելու եմ տանը՝ Հրազդան քաղաքում: Իսկ կճամփորդեմ մի փոքր ուշ:
Ադրիանա Գալստյանը
Նոր տարվա խորհուրդը
Հավատում եմ Ամանորի հրաշքին, եւ ոչ միայն: Առհասարակ, սիրում եմ միշտ լավ տրամադրվել եւ դրականը տեսնել: Այդպես ամեն ինչ սպասվածից ավելի լավ է ստացվում: Անկեղծ ասած՝ դեռ չեմ կարող առանձնացնել իմ կյանքի ամենից հիշարժան ու տպավորիչ Ամանորը: Կարծում եմ՝ այս տարին լինելու է ամենասպասվածը:
Տարիների հետ ինձ համար փոխվում է նաեւ Ամանորի խորհուրդը: Ավելի վաղ տարիներին այն ասոցացնում էի հեքիաթային աշխարհի հետ, պատկերացումներս ավելի ուրիշ էին: Հիմա ինձ համար իմաստն ընտանեկան անմոռանալի, ջերմ մթնոլորտն է, երբ անկախ ամեն ինչից, կեսգիշերին ամբողջ ընտանիքը միասին է` ժպիտով եւ երջանիկ:
Ադրիանա Գալստյանը
Ավանդական դարձած ֆոտոշարքի մասին
Ինչպես նախորդ, այս տարի եւս Ամանորի թեմատիկայով լուսանկարահանման մասնակցեցի: Առհասարակ, ֆոտոշարքերի սիրահար եմ: Անգամ սիրում եմ որպես լուսանկարիչ հանդես գալ: Սոցցանցերի իմ հետեւորդները հաճախ կարող են տեսնել իմ հեղինակած կադրերը:
Լուսանկարները փոխանցում են տոնական տրամադրությունը, հեքիաթային մթնոլորտն ու հրաշքի սպասումը: Այս տարի էլ երազանք եմ մտապահելու: Վստահ եմ, որ շատ ցանկանալու դեպքում դրանք իրագործվում են:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Vip Armenia-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: