×


«Զգացել եմ, որ Երեւանում շատ են սիրում ռեփը». R-Mean

Ավելի քան երկու շաբաթ է՝ ամերիկահայ ռեփեր R-Mean-ը Հայաստանում է եւ հյուրընկալվել է Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Այստեղ նա հիփ-հոփ աշխատարան է վարում ուսանողների հետ, ովքեր նրա օգնությամբ սովորում են ռեփ տեքստեր գրել եւ երգել: R-Mean-ը Հայաստան է եկել «Թումո»-ի հրավերով եւ առաջին օրերին դասընթացները վարել է «Մեծ Հայք»-ի Նարեկի հետ: BRAVO.am-ը ներկա է եղել խմբի դասերից մեկին, որի ընթացքում թումոցիները կարդում էին իրենց գրած տեքստերը եւ փորձեր անում ձայնագրությունից առաջ:

R-Mean-ը


Նշենք, որ երաժշտական ուսուցումը «Թումո»-ի 14 հիմնական ոլորտներից մեկն է, որի շրջանակում անցկացվում են տարբեր դասընթացներ ու աշխատարաններ: Երաժշտական ժանրերը նույնպես շատ տարբեր են, ինչի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենում ընտրել սիրելի ուղղությունը: Այս անգամ որոշվել է պրոֆեսիոնալ ռեփերի օգնությամբ անցկացնել հիփ-հոփ աշխատարան, որին մասնակցելու համար դիմորդները պետք է նախապես ներկայացնեին իրենց ձայնագրած տեքստերը: Այդ աշխատանքների հիման վրա էլ ընտրվել են այն ուսանողները, որոնք երկու շաբաթ մասնակցել են ռեփի ամենօրյա դասընթացներին:

Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իրենք հիմնականում շեշտը դնում են ոչ թե դասական երաժշտության վրա, այլ ուսանողներին սովորեցնում են այնպիսի ծրագիր, որի միջոցով նրանք կարող են ինքնուրույն ստեղծել երաժշտություն.«Այդպիսով, նրանք գաղափար են կազմում, թե ինչ է նշանակում երգ գրել, ձեռք են բերում տեխնիկական եւ արտիստական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են երաժշտական ոլորտում ստեղծագործելու, հետագա գործունեություն ծավալելու համար»:

R-Mean-ը` թումոցիների հետ


R-Mean-ը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում եւ արդեն տասը տարի է՝ զբաղվում է պրոֆեսիոնալ ռեփով, վստահեցրեց, որ թումոցիները շատ լավ են աշխատում եւ հասցրել են կարճ ժամանակում դրական արդյունքներ գրանցել.«Ճիշտն ասած՝ երբ նոր էինք եկել, չգիտեինք` ինչ սպասել պատանիներից, ովքեր սկսնակ են այս ոլորտում: Սկզբում խոսեցի Նարեկի հետ, որ միասին ընտրենք ուսանողներին, քանի որ ես հայերեն տեքստերի հետ դժվարանում եմ աշխատել: Ճիշտ է` նա միայն առաջին երկու օրը կարողացավ գալ, բայց այդ ընթացքում մենք հասկացանք, թե երեխաներից ով պոտենցիալ ունի: Նրանց 90 տոկոսը երբեք չէր ձայնագրվել, համերգ չէր ունեցել, եւ շատերը նույնիսկ տեքստեր չէին գրել երբեւէ, միայն հայտնի ռեփերների գործերն էին կատարում: Իսկ ռեփում ամենակարեւորն այն է, որ տեքստերն ինքդ գրես»,- նկատեց ռեփերը:

Նա պատմեց, որ սկզբում ուսանողները շատ էին կաշկանդվում լսարանի առաջ ելույթ ունենալ եւ ներկայացնել իրենց գրած երգերը, բայց երկու շաբաթ անց դրական մեծ տեղաշարժ է եղել այս առումով: Թումոցիները հասցրել են փորձ ձեռք բերել գրելու, տեքստերը ռիթմի հետ համապատասխանեցնելու, ճիշտ կարդալու եւ ձայնագրվելու: Ի դեպ, ուսանողների շարքերում քիչ չէին նաեւ աղջիկները, ովքեր նույնպես ցանկանում էին հիփ-հոփ մշակույթում իրենց առաջին քայլերն անել: Նրանցից 15-ամյա Նարե Հարությունյանը BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացավ, որ ռեփի հանդեպ մեծ սեր ունի, այդ իսկ պատճառով էլ որոշել է մասնակցել դասընթացին, տպավորությունները շատ լավն են՝ սկսած աշխատանքներից, վերջացրած խմբի անդամներով, միայն թե ափսոսում է, որ ժամանակն է շատ քիչ. կցանկանար՝ դասերն ավելի երկար տեւեին:

«Շատ մեծ փորձ ձեռք բերեցի այս ընթացքում, քանի որ առաջին օրերին մենք դեռ չէինք կարողանում ռիթմին համապատասխանեցնել մեր գրած բառերը: Ժամանակի ընթացքում կարողացանք արդեն զգալ բիթը ու նորմալ ռեփ կարդալ: Իհարկե, դեռ պրոֆեսիոնալ չենք, բայց ինչ-որ չափով ստացվում է: Չեմ կարծում, թե հետագայում ռեփեր կդառնամ, բայց հաստատ այն իմ հոբբին կլինի (ժպտում է,- հեղ.): Ես գիտեմ այնպիսի աղջիկների, ովքեր շատ տղաներից ավելի լավ են ռեփ կարդում, այսինքն` չպիտի լինի այն կարծրատիպը, թե ռեփը միայն տղաների համար է: Եթե մի բան կա, ուրեմն այն կարող է լինել հավասարապես թե՛ աղջիկներինը, թե՛ տղաներինը»,- համոզված է Նարեն:

R-Mean-ը հիփ-հոփ աշխատարան է վարել Թումոյում


R-Mean-ն էլ, ամփոփելով առաջին հիփ-հոփ աշխատարանի ընթացքը, իր խոսքում դրական գնահատեց արդյունքները եւ հույս հայտնեց, որ «Թումո»-ն առաջիկայում կշարունակի այլ ռեփերների հրավիրել.«Զգացել եմ, որ այստեղ շատ են սիրում ռեփը, եւ նրանց օգնություն է պետք»: Նրանից նաեւ հետաքրքրվեցինք` հնարավոր է առաջիկայում համերգով հանդես գա Հայաստանում: R-Mean-ն ասաց, որ շատ է սիրել հայրենիքը եւ անպայման վերադառնալու է, փորձելու է այստեղ տարածել հիփ-հոփ մշակույթը: Նա նաեւ նշեց, որ արդեն պայմանավորվածություններ կան հաջորդ տարվա համար.«Փորձելու եմ ավելի հաճախ գալ»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին