×


«Կնոջն ամենաշատը գեղեցկացնում է իսկական տղամարդը». Օլյա Հակոբյանը՝ արտաքինի, դաջվածքների եւ բալիկների հետ ժամանցի մասին

Շոու-բիզնեսի ներկայացուցիչների կյանքում տարատեսակ խոսակցություններն անպակաս են: Դաջվածքները, դիմահարդարումը կամ էլ փոքր-ինչ համարձակ զգեստը բավական են, որ համացանցում աղմուկ բարձրանա: Դրանից ոմանք ընկճվում են, ոմանց էլ պարզապես տրված չէ թույլ լինելու կարողությունը, չարախոսներին արհամարհում եւ ժպիտով վայելում են իրենց կյանքը:

Դերասանուհի Օլյա Հակոբյանը, վստահաբար, շուտ ընկճվողներից չէ: Գեղեցիկ տեսք ունենալու իր բանաձեւի, մարզումների եւ որդիների հետ անցկացրած ժամանակի մասին նա անկեղծացել է BRAVO.am-ի հետ զրույցում:

Օլյա Հակոբյանը


Օլյան նշում է, որ արտաքինին ուշադրություն եւ ժամանակ է տրամադրում այնքան, որքան դրա կարիքը լինում է, ավելին՝ առօրյայում չի շպարվում. ասում է` դա խանգարում է իրեն, բայց այ, խնամքը պարտադիր է: Նա արդեն մեկ տարի կլինի, ինչ մարզումների է հաճախում, սիրում է մարզվել եւ հորդորում է աղջիկներին, որ եթե տրված չէ գեղեցիկ մարմին, ապա, ինչո՞ւ ոչ, պետք է ջանք գործադրել, ունենալ կամքի ուժ, մի քիչ տանջվել, բայց հասնել ցանկալի արդյունքի՝ ինքնագոհ լինելու համար. «Բոլորին խորհուրդ եմ տալիս, որ երբեք չփոխվեն, չկորցնեն իրենց եսն ու հմայքը, էներգետիկ ուժն ու միշտ առաջ գնալու ցանկությունը»:

Ինչպե՞ս հասկանալ` կինը երջանիկ է, թե՝ ոչ: Հաճախ գեղեցիկ ժպիտի տակ թաքնված է լինում այնքան տխրություն, որ որեւէ մեկն անգամ պատկերացնել չի կարող. «Յուրաքանչյուր կին գեղեցիկ է այն ժամանակ, երբ երջանիկ է. իմ դեպքում դա փոխկապակցված է: Վստահ եմ, որ կնոջն ամենաշատը գեղեցկացնում է իսկական տղամարդը, սակայն նաեւ կարծում եմ՝ միայնակ չմնալու համար չարժե չմտածված ընտրություն անել: Բնությունից տրված է, որ միշտ երկու սեռն էլ ունեն միմյանց կարիքը»:

Օլյա Հակոբյանը՝ որդու հետ


Դերասանուհին աչքի է ընկնում նաեւ իր արտահայտիչ դաջվածքներով.«Դրանք իմ անձնականն են եւ իմ որոշումը: Կարծում եմ՝ միայն ինձ պետք է շատ դուր գան, իսկ քննադատություններ լսել եմ, բայց դա էլ է նորմալ, որովհետեւ մարդիկ նույն ուտեստն ու նույն երաժշտությունը միշտ չէ, որ սիրում են… Այստեղ խնդիրը չափի զգացողության մեջ է: Մարդիկ հաճախ կորցնում են չարախոսության եւ քննադատության սահմանը: Առողջ քննադատությունը խթան է, իսկ չարախոսներին կցանկանամ երջանկություն եւ շատ գումար», -ասում է նա եւ նշում, որ ամեն անգամ դրանցից սրտնեղելը կխանգարի իրեն աշխատել ու ստեղծագործել, իսկ կյանքում ունեցած դժվար շրջանները հաղթահարել է մտերիմ ու սիրելի մարդկանց շնորհիվ, քանի որ պարտվել չի սիրում:

Օլյան վստահեցնում է, այս բուռն ու լեցուն առօրյայի մեջ ժամանակ անպայման տրամադրում է նաեւ որդիներին: Նրանք ունեն նախընտրելի վայրեր, սիրելի հերոսներ, հարազատ խաղահրապարակներ, որտեղ եւ անցկացնում են իրենց ժամանակն ու զբոսնում.«Այո՛, հասցնում ենք երեխաների հետ ամեն բան՝ ե՛ւ խաղալ, ե՛ւ զբոսնել, ինչի համար շատ ուրախ եմ»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Օլյա Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին