×


«Հանգստյան օրը» գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ընտանիքում

Հինգ բալիկ, անթիվ-անհամար խաղալիքներ, երեխայական չարաճճիություններ՝ ահա այն պատկերը, որին երեկ ականատես եղավ BRAVO.am-ը՝ հյուրընկալվելով «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր եւ գեղեցկության մի շարք մրցույթների կազմակերպիչ Գոհար Հարությունյանի եւ Մնացական Թումասյանի առանձնատանը:

Գոհար Հարությունյանը՝ որդու հետ


Մելինե, Բիայնա, Մենուա, Արգիշտի եւ Սոֆենա՝ այս վառ ու ուրախ հնգյակն է երջանկությամբ ու գույներով լցրել ամուսինների կյանքը: Մելինեն, Բիայնան եւ Մենուան դպրոցական են, մենք նրանց լուսանկարեցինք դասերին պատրաստվելիս եւ բակի խաղահրապարակում ժամանակ անցկացնելիս: Դե, իսկ 2-ամյա զույգ փոքրիկներ Արգիշտին եւ Սոֆենան ողջ ընթացքում անդադար խաղում էին իրար հետ եւ ուրախացնում բոլորին:

Արգիշտին եւ Սոֆենան


Բազմազավակ մայրիկը զրույցի ժամանակ նշեց, որ իր աշխատանքի պատճառով երբեք չեն տուժել երեխաները: Նա կարողանում է համատեղել, իհարկե, երբեմն կողմնակի օգնությամբ: Նշենք, որ Գոհարը մեր այցի ընթացքում հմտորեն խնամում էր զույգ փոքրիկներին եւ միաժամանակ զբաղվում ավագ երեխաների դասապատրաստմամբ:

Բիայնան, Մենուան եւ Մելինեն


«Մեր հանգստյան օրն անցնում է շատ բնականոն, ինչպես բոլոր երեխայաշատ տներում: Ես օրս սկսում եմ մեկ բաժակ սուրճով, երեխաներն անպայման նախաճաշում են, հետո գնում ենք ինչ-որ տեղ զբոսնելու: Խաղում ենք, փոքր-ինչ հանգստանում եւ պատրաստվում նոր սկսվող շաբաթվան: Երեխաները քանի որ շատ են, միասին անընդհատ խաղում են եւ զբաղվում: Անչափ ուրախ եմ, որ նրանց չեմ սովորեցրել արդիական սարքերին՝ պլանշետներին ու սմարթֆոններին, փոխարենը` նրանք շատ շփվում են միմյանց հետ եւ անջնջելի ու գունավոր տպավորություններ կուտակում իրենց մանկությունից»:

Գոհար Հարությունյանը եւ լրագրող Կիմա Միրզոյանը


Գոհարը վստահեցնում է, որ հասցնում է բավական ժամանակ հատկացնել երեխաներին, սիրով եւ ուշադրությամբ պարուրել, հետեւել դպրոցական կյանքին: Իսկ աշխատանքի համար նա ընտրել է մի տարբերակ, որի շնորհիվ ստիպված չի լինում հաճախ հեռու գտնվել իր բալիկներից.«Ես շատ-շատ եմ աշխատում, բայց աշխատում են տնից: Այստեղ ունեմ իմ աշխատանքային գրասենյակն ու երբեք չեմ կուտակում գործերս, ինչպես չեմ կուտակել դասերս ուսանողական տարիներին: Պարզապես շատ ճիշտ դասավորում եմ ժամանկս ու բաշխում եմ ամեն բան: Եթե պետք է այս պահին զբաղվել երեխայով, ապա թողնում եմ գործս եւ նրանով զբաղվում: Բարեբախտաբար, ստացվում է զուգահեռաբար ե՛ւ երեխա պահել, ե՛ւ աշխատել»:

Մելինեն եւ Բիայնան


Անհնար է լինել բազմազավակ մայրիկ, այդքան աշխատանք տանել ու չհոգնել. Գոհարը երբեմն գերհոգնում է.«Նման դեպքերում սիրում եմ մեկուսանալ, գնալ մարզվելու, ֆիլմ դիտելու: Հոգնած ժամանակ, կարծում եմ, ավելի լավ է անել այն, ինչ սիրտդ է ուզում, քան քեզ ճնշելով եւ ընկնելով դեպրեսիայի մեջ՝ վնասել շրջապատին: Մեծ երեխաներս կարողանում են ինձ օգնել ու երբեմն նաեւ փոխարինել: Ամուսնուս հետ եւս հասցնում ենք հաճելի ժամանակ անցկացնել, թեեւ նա այդքան էլ ժամանցային վայրերի սիրահար չէ: Սակայն հետաքրքիր միջոցառումները ես հիմնականում բաց չեմ թողնում»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին