×


«Մենք «խաբում» ենք հեռուստադիտողին:)». Ժաննա Վելիցյան

BRAVO.am-ը շարունակում է անկեղծ զրույցների շարքը երիտասարդ դերասանների հետ: Զրուցել ենք Համազգային թատրոնի դերասանուհի Ժաննա Վելիցյանի հետ, ով հեռուստադիտողին հայտնի է որպես «Էլենի օրագիրը» սերիալի Աննա: Նրա հետ խոսել ենք թատրոնում աշխատանքի, սերիալում հայտնվելու նախապատմության, կերպարի, խաղընկերների մասին, եւ ոչ միայն:

«Ով ինչ ուզում` անում է»

Արդեն երկու տարի է` խաղում եմ Համազգային թատրոնում: Սիրելի ու հարազատ թատրոն է դարձել:): Թատերական կրթությունը կարեւորում եմ այնքանով, որ եթե աշխատում ես որեւէ ոլորտում, պետք է, բնականաբար, համապատասխան գիտելիքներ ունենաս։ Ես չեմ կարող գնալ ու աշխատել բանկում, չեմ կարող դասավանդել դպրոցում կամ բուհում, ասենք, մաթեմատիկա կամ կենսաբանություն միայն նրա համար, որ շատ-շատ եմ ուզում։ Պետք է ստանամ համապատասխան կրթություն, որ կարողանամ նման «ճոխություն» ինձ թույլ տալ: Ցավոք, հիմա այդպես չէ. ով ինչ ուզում, անում է, ով ինչով ուզում, զբաղվում է:

Ստեփան Ղամբարյանը եւ Ժաննա Վելիցյանը


«Անհետեւանք չի մնա»

Ես միշտ կողմ եմ եղել ու հիմա էլ կողմ եմ, որ յուրաքանչյուր ոք զբաղվի այն աշխատանքով, որին տիրապետում է լավագույնս: Դա հեշտացնում է գործը։ Չորս տարի Թատերական ինստիտուտի թոհուբոհով անցնելը միանշանակ չի կարող անհետեւանք մնալ, լավ իմաստով:): Թատրոնում՝ կենդանի շփման ժամանակ, դու իրավունք չունես սխալվել. դու ես ու քո հանդիսատեսը։ Կա լավագույնս ներկայանալու մեկ հնարավորություն։ Իսկ կինոն խաբկանք է։ Մենք «խաբում» ենք հեռուստադիտողին:): Մոնտաժի ու տեսարանների կրկնակի նկարահանումների շնորհիվ ստանում ենք այն, ինչ թատրոնում բաց ու պարզ աչքով տեսնում է հանդիսատեսը:

«Ես չեմ անի շատուշատ բաներ, որ անում է Աննան»

Մինչ սերիալում նկարահանվելը մասնակցել եմ տարբեր քասթինգների՝ դեռ ուսանողական տարիներից սկսած։ Երեւի չկար համապատասխան դեր կամ կերպար։ Բայց կարծում եմ՝ ամեն բան տեղի է ունենում իր ժամանակին:): Աննայի դերն ինձ համար դեբյուտային է: Չգիտեմ՝ որքանով է այն իմը, միայն գիտեմ, որ մտածելակերպով եւ արարքներով տարբեր ենք։ Ես չեմ անի շատուշատ բաներ, որ անում է իմ մարմնավորած կերպարը՝ Աննան:

Իրինա Այվազյանը եւ Ժաննա Վելիցյանը


«Կառանձնացնեմ Իրինային»

Խաղընկերներիցս բոլորի հետ էլ ջերմ հարաբերություններ ունեմ։ Կառանձնացնեմ Իրինային:): Իրեն շատ եմ սիրում։ Զվարճալի տեսարաններ միշտ են լինում, ու մեր նկարահանումներն անցնում են պոզիտիվ մթնոլորտում:): Ինչ խոսք, այդ ամեն ինչը ողջունելի է:

«Հենց ամուսնանամ, բոլորը կիմանան»

Անձնականիս մասին չեմ սիրում խոսել, առավել եւս հանրայնացնել։ Հենց ամուսնանամ, հաստատ բոլորը կիմանան, իսկ կողքիս տղամարդը պետք է լինի անսահման բարի, առատաձեռն, խելացի, որ լիքը բան սովորեմ իրենից: Ու պիտի ինձ նման շատ սիրի կյանքն ու գնահատի այն, ինչ ունի:):

Զրույցը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ժաննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին